‘
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ավստրիայի Հանրապետության` Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը։ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն` Ավստրիայի արտգործնախարարին կընդունի Սերժ Սարգսյանը։
Սեպտեմբերի 8-ին տեղի կունենան Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչին կհետևի համատեղ մամուլի ասուլիս։
Նույն օրը Ավստրիայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այցի շրջանակում Ավստրիայի արտգործնախարարը ներկա կգտնվի Հայաստանում Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի բացման արարողությանը:
Նշենք, որ Սեբաստիան Կուրցը աշխարհում ամենաերիտասարդ արտգործնախարարն է: 1986-ին ծնված Կուրցը բարձր պաշտոնն ստանձնել է 2013-ի նոյեմբերին՝ 27-ամյա հասակում:
‘