‘Ավստրիա. Նազարբաևի նախկին փեսան ձերբակալվել է Վիեննայում’

857

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին փեսան՝ Ռահատ Ալիևը, ձերբակալվել է Վիեննայում, հաղորդել է ավստրիական Austria Presse գործակալությունը՝ հղում անելով նրա փաստաբանին՝ Մանֆրեդ Այնեդտերին:

Ալիևի պաշտպանի խոսքով՝ Նազարբաևի նախկին փեսան ինքնակամ է հանձնվել ավստրիական իշխանություններին:

Նախագահի երբեմնի ազդեցիկ փեսան ժամանակին տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել՝ Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեում, հարկային ծառայությունում, ԱԳՆ-ում, նաև եղել է Ղազախստանի դեսպանն Ավստրիայում:

2008 թ.շնորհազրկված Ալիևը հեռակա կարգով դատապարտվեց երկարատև ազատազրկման՝ հանցախումբ ստեղծելու, մարդկանց առևանգելու և իշխանության զավթում կազմակերպելու համար: 2011 թ. Ղազախստանում նրա դեմ ևս մի գործ հարուցվեց, այս անգամ՝ երկրի խոշորագույն բանկերից մեկի թոփ-մենեջերների սպանության կասկածանքով: Նազարբաևի ավագ դստեր ամուսինն այդ մեղադրանքներն անվանեց քաղաքական հետապնդում՝ պայմանավորված իր քաղաքական նկրտումներով և 2012 թ. նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրությամբ:

Ավստրիան, որ 2011 թ. սեփական հետաքննությունն է սկսել նախկին դեսպանի նկատմամբ, երկու անգամ Ղազախստանին մերժել է արտահանձնել Ալիևին՝ մտավախություն ունենալով, որ հայրենիքում նրա նկատմամբ արդար դատավարությունը երաշխավորված չէ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘E խումբ.Ազգային հավաքականների վերլուծություն ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ 2. Ռուբեն Բաբայան. Ուրեմն, նաեւ Լենինի արձանը ‘