‘Ատոմակայանը սեպտեմբերին 45 օրով կկանգվի պլանային նորոգման’

1065

Հուլիսի 4-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանում տեղի է ունեցել բաժնետերերի տարեկան հաշվետու ժողովը: Ժողովի ընթացքում  ներկայացվել է  2013 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև, 2014 թվականի սեպտեմբերին նախատեսված վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար իրականացվող աշխատանքների ընթացքը:

Ինչ վերաբերում է ՀԱԷԿ-ի սեպտեմբերին սպասվող հերթական պլանային նորոգման աշխատանքներին (ՊՆԳ), ապա այդ ընթացքում կայանի աշխատանքը կդադարեցվի 45 օրով: «Պետք է փորձենք հնարավորինս կրճատել այդ ժամկետները, քանի որ կայանի ժամանակավոր կանգնեցումը լուրջ  հետևանքներ է ունենում: Իհարկե, դա չպետք է լինի անվտանգության հաշվին»,- ասել է  էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը: Նա վստահեցրել է նաև, որ ՀԱԷԿ-ի պլանային վերանորոգումն ազդեցություն չի ունենա արդեն իսկ բարձրացված սակագների վրա, քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը,  սակագները բարձրացնելիս արդեն իսկ  հաշվարկել էր նաև այդ աշխատանքները: Երվանդ Զախարյանը հիշեցրել է, որ նախորդ տարի չնախատեսված կանգառների հետևանքով մոտավորապես 320 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա քիչ էր արտադրվել ՀԱԷԿ-ում, ինչի հետևանքով ՀԷՑ-ն ավելի թանկ էլեկտրաէներգիա էր գնել  «Հրազդան ՋԷԿ»-ից և Հրազդանի 5-րդ էներգաբլոկից:

Երվանդ Զախարյանի խոսքով՝ ՀԱԷԿ-ն այսօր ունի կուտակված ֆինանսական պարտավորություններ: «Դրանց ծավալը շուրջ 9-9,5 մլրդ դրամ է: Ֆինանսական պարտավորություններն առաջացել են փոխառությունների ու վարկային միջոցների կառավարման արդյունքում: Մենք պետք է կարողանանք հետագա տարիներին ավելի արդյունավետ կառավարում իրականացնել»,- ասել է նախարարը: Երվանդ Զախարյանն անդրադարձել է նաև նոր ատոմակայանի կառուցմանը, տեղեկացնելով, որ նոր բլոկի արժեքը կկազմի մոտ 4,5 մլրդ դոլար: «Դրա մի մասը Ռուսաստանի կառավարությունը կտրամադրի ապրանքների, սարքավորումների տեսքով, իսկ մյուս մասը մենք կլրացնենք այլ երկրներ հետ բանակցություների արդյունքում ձեռք բերված ֆինանսական օժանդակությունների միջոցով»,-ասել է Զախարյանը: Նա նշել է, որ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունը նախատեսվում է սկսել 2018-2019 թվականներին:

Նախորդ հոդվածը‘Դավիդ Լուիսը սփոփում է Խամես Ռոդրիգեսին’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինական բանակը ազատագրել է Սլավյանսկը’