‘Ատոմակայանի աշխատած վառելիքի չոր պահեստարանը կշահագործվի մինչեւ 2020-ը’

1144

Հայկական ատոմակայանի աշխատած վառելիքի չոր պահեստարանը կշահագործվի մինչեւ 2020 թվականը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի պաշտոնական կայքը:

Հանրապետության Պետատոմհսկողությունը  2000 թվականի օգոստոսի 1-ին  Հայկական ԱԷԿ-ին տվել է աշխատած վառելիքի չոր պահեստարանի շահագործման լիցենզիա` 20 տարի ժամկետով: NUHOMS-56 տիպի աշխատած վառելիքի չոր պահեստարանը գտնվում է Հայկական ԱԷԿ-ի հրապարակում:  Ըստ պաշտոնական աղբյուրի` պահեստարանը բաղկացած է 616 ջերմանջատիչ հավաքվածքների պահեստավորման համար նախատեսված 11 հորիզոնական մոդուլներից: 2005 թվականին  ՀՀ Ազգային ժողովը ՀՀ կառավարության առաջարկությամբ որոշում է ընդունել ընդարձակել պահեստարանը, որը հնարավորություն կտա պահեստավորել 1890 հատ ջերմանջատիչ հավաքվածք՝ առնվազն 50 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ նախագծի շրջանակում նախատեսվում է կառուցել 12 լրացուցիչ մոդուլ: ԱՄՎ չոր պահեստարանն արդեն, գործնականում, լեփ-լեցուն է: Պահեստարանի ընդլայնման նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 7 մլն եվրո: Հիմնական միջոցները հատկացված են պետբյուջեից: Բուն շինարարական աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 400 մլն դրամ: Նախագծային աշխատանքները, ինչպես նաև շիննմոնտաժային աշխատանքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ֆրանսիական Gogema Logistic ընկերությունը: Հայկական ԱԷԿ-ում ԱՄՎ երեք տարի պահվում է ավազանում «խոնավ» եղանակով, իսկ հետո` 50 տարի չոր պահեստարանում: ԱԷԿ-ը տարեկան օգտագործում է միջուկային վառելիքի 90-100 կասետ և նույնքան էլ գնում է: 

Նախորդ հոդվածը‘Կոտայքի մարզային դատարանը քննում է Վարդան Պետրոսյանին կալանավորելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Ալիս Մունրո. կարճ պատմուածքի նոր իշխանուհին’