‘Ատոմակայանի 700 աշխատակիցներ դուրս են եկել ընդդեմ «կուտակայինի» (տեսանյութ) ‘

1523

Մեծամորի ատոմակայանի աշխատակիցներն այսօր բողոքի ցույց անցկացրեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառման: Նրանք իրենց մտահոգություններով նամակ հանձնեցին օմբուդսմենին: Ատոմակայանի արտադրամասի հերթափոխի պետ Գարիկ Զաքարյանը iLur.am-ին փոխանցեց, որ ՄԻՊ-ին ուղղված նամակի տակ ստորագրել են շուրջ 700 աշխատակիցներ:
«Փառք ու պատռիվ Մետրոպոլիտենում աշխատող մեր համաքաղաքացիներին, որոնք զրկվեցին իրենց աշխատանքից իրենց պայքարի պատճառով: Բայց ատոմակայանի աշխակակիցներին աշխատանքից ազատելով չեն կարող վախեցնել», — նշեց Զաքարյանը: Նրա խոսքով, ատոմակայանի աշխատակիցները վճռական են իրենց գործողություններում, բայց միեւնույն ժամանակ, գիտակցում են, որ ԱԷԿ-ը հանրապետության հիմնական եւ ամենաէժան էներգիա արտադրող կառույցն է: «Ինչ էլ որ լինի, ատոմակայանն աշխատելու է եւ աշխատելու է անվտանգ: Սա մենք լավ ենք գիտակցում, ավելի լավ, քան մեր երկրի ղեկավարներևը»,- ասաց նա:
Ատոմակայանի աշխատակիցները նաեւ անդրադարձան օրերս Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, թե քաղաքացիների 80 տոկոսը դեմ է կուտակայինին, բայց ամեն դեպքում, իշխանությունները իրենց ծրագիրն առաջ են տանելու:
«Այդպես ճիշտ չէ: Մեր իշխանությունները պետք է գիտակցեն, որ սթափվելու, կանգ առնելու ժամանակն է: Եթե իրենք կարծում են, որ «զադնի» չունեն, թող իմանան, որ մենք ոչ միայն «զադնի» չունենք, այլեւ «ստոպ կռան» չունենք»:

Նախորդ հոդվածը‘ՃՈ-ն՝ ԱՊՊԱ-ի պատճառով ստեղծված խառնաշփոթի մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Последный большевик по прозвищу Серж’