‘Արաբկիրում ավտոտնակների սեփականատերերին հորդորում են ավտոտնակները ներկել մոխրագույն (Լուսանկար)’

956

Արաբկիր վարչական շրջանում մի քանի ավտոտնակներին փակցվել էր հայտարարություն, որով սեփականատերերին հորդորում են ավտոտնակները ներկել մոխրագույն: Ինչպես PanArmenian.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին, դա Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի առաջարկությունն է: «Որպեսզի Արաբկիր վարչական շրջանում բակերն ավելի բարետես լինեն, շրջանի ղեկավարն առաջարկեց միագույն ներկել բոլոր ավտոտնակները, և քաղաքապետարանը հավանություն տվեց այդ առաջարկին: Քննարկեցինք և որոշեցինք, որ ամենանպատակահարմար գույնը մոխրագույնն է, քանի որ դա չեզոք գույն է, որի շնորհիվ, վստահեցնում եմ, ավտոտնակների տձև զանգվածն այլևս աչքի չի զարնի, և բակերն ավելի բարեկարգ տեսք կստանան»,- նշեց նա:

«Երբ աշխատանքները ավարտվեն, և պարզվի, որ նախաձեռնությունը դրական արդյունք տվեց, իսկ ես համոզված եմ, որ արդյունքը լավն է լինելու, չի բացառվում, որ հետագայում նման նախաձեռնություն իրականացվի նաև մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում»,- հավելեց Երևանի գլխավոր դիզայները:

Ավտոտնակներին փակցված հայտարարությունը հետևյալն է. «Երևան քաղաքը ավելի բարետես դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը զգալի աշխատանք է կատարում շենքերի բակերի բարեկարգման ուղղությամբ:

Շենքերի բակերն ավելի բարեկարգ և բարետես դարձնելու, այնտեղ տեղադրված ավտոտնակների գունային խայտաբղետությունը վերացնելու նպատակով խնդրվում է, որ Դուք նույնպես աջակցեք այդ գործընթացին և Ձեր ավտոտնակը ներկեք Երևան քաղաքի համար միասնական մոխրագույն գույնով: Շնորհակալություն աջակցության համար»:

\"\"

Նախորդ հոդվածը‘Սիրիացի ապստամբները գրավել են կառավարական ուժերի ևս մի հենակայան’
Հաջորդ հոդվածը‘Սիրված արվեստագետին հրաժեշտ տվեցին (ֆոտոշարք)’