‘Արազ Օզբիլիզ. Հույս ունենք, որ ավելի լավ ելույթներ ենք ունենալու’

810

Հայաստանի ազգային հավաքականի և «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսն արդեն միացել է իր թիմին, որն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում: Կրասնոդարյան ակումբի պաշտոնական կայքը զրուցել է հայ ֆուտբոլիստի հետ։

Արազ, ինչպե՞ս հասաք Բադ Տատցմանսդորֆ:
-Ամստերդամից ուղիղ չվերթով ժամանեցի Վիեննա, որտեղ էլ ինձ դիմավորեցին ակումբի ներկայացուցիչները: Ընթրիքին՝ արդեն հյուրանոցում էի: Հաճելի է՝ կրկին լինել այն մարդկանց շրջապատում, որոնց հետ հիանալի մրցաշրջան ես անցկացրել: Այժմ տրամադրվում ենք հաջորդ առաջնությանը և հույս ունենք, որ ավելի լավ ելույթներ ենք ունենալու:

Որտե՞ղ եք հասցրել լինել արձակուրդի ընթացքում:
-Ամբողջ ժամանակ ընտանիքիս հետ եղել եմ Ամստերդամում: Նույնիսկ չէի ծրագրել որևէ տեղ մեկնել: Ժամանակն այդքան էլ շատ չէր:

Մտահոգվում էինք Ձեզ համար, երբ հանդես էիք գալիս ԱԱ-2014-ի ընտրական հանդիպումներում: Հայաստանի ազգային հավաքականն այս շրջանում երկու անգամ կարողացավ զարմացնել իր երկրպագուներին: Սկզբում, սեփական հարկի տակ պարտվեցիք Մալթայի ընտրանուն, իսկ հետո՝ արտագնա մրցավեճում հաղթեցիք Դանիային:

-Իմ պատասխանը՝ յուրահատուկ չի լինի. սա ֆուտբոլ է: Մալթացիները գոլ խփեցին և կարողացան պաշտպանվել: Իսկ մեզ մոտ ուղղակի չէր ստացվում գնդակն ուղարկել դարպասը: Այդպիսի բաներ լինում են, նույնիսկ ավելի հեղինակավոր թիմերի հետ:

Բայց մենք Կոպենհագենում բավականին հավաք խաղացինք: Տանտերերը, ամենայն հավանականությամբ, մինչև հանդիպման մեկնարկն իրենց հաշվին 3 միավոր էին գրանցել: Հաճելի է, որ Դանիայի ընտրանուն հաղթեցինք՝ նաև իմ անմիջական մասնակցությամբ։ Այո՛, պարտվեցինք Մալթային, բայց այսօր Հայաստանի ազգային հավաքականն ունակ է առավելության հասնել ուժեղ մրցակցի նկատմամբ:

Արազ, եթե վերադառնանք նախորդ մրցաշրջանին, ապա ինչպե՞ս կգնահատեք «Կուբանի»՝ 5-րդ տեղը գրավելը, դա հա համարենք հանգամանքների բնակա՞ն արդյունք, իսկ, միցուցե, ուղղակի հաջողությու՞ն, որը թիմի կողմում էր։
 -Ես այդպես չեմ կարծում։ Կարելի է ասել մենք, ավելի շուտ, միավորներ կորցրեցինք, քան թե՝ հավաքեցինք։ Շատերն ասում էին, որ «Կուբանին» մրցաշրջանի գարնանային հատվածում բաժին է ընկել ոչ այնքան հաջող խաղացանկ։ Եվ ի՞նչ…Այդ շրջափուլում մենք չպարտվեցինք և ոչ մի խաղում։

Մինչմրցաշրջանային այս ժամանակահատվածում որոշ խաղացողներ լքեցին ակումբը։ Այդ փաստը որքանո՞վ կարող է անդրադառնալ «Կուբանի» խաղի վրա։

-Միշտ էլ ցավալի է, երբ թիմից հեռանում են այն խաղացողները, որոնց հետ միասին հասել ես հաջողությունների։ Բայց ֆուտբոլում նման բան պատահում է մշտապես և աշխարհի բոլոր թիմերում։ Չգիտես, ինչու են ստեղծել այդ տրանսֆերային պատուհանները…Բայց մենք, այդուհանդերձ, նվազագույն կորուստներ ունենք, դե իսկ, պահեստայինների թվում էլ հաճախ ուժեղ խաղացողներ էին մնում։ Ընդ որում, չեմ կասկածում, որ ակումբի ղեկավարությունը վերահսկում է այդ իրավիճակը։

Այո։ Բայց, այդ ամենին, գումարվելու է եվրագավաթային մրցաշարը։ Ուրեմն, անհրաժեշտ է լինելու պայքար մղել բոլոր ճակատներով…

-Այդ խնդիրն ստիպված են լուծել շատերը, այդ թվում նաև՝ եվրոպական առաջատար ակումբները։ Ներկայումս «Կուբանը» զարգացման աշխույժ փուլում է։ Վստահ եմ, որ այդ խնդիրը մեզանում ևս կհաջողվի կարգավորել։

Առաջնության մեկնարկին այնքան էլ շատ ժամանակ չի մնում։ Ի՞նչ եք ակնկալում 2013-14 թթ. մրցաշրջանից։

-Սպասումներս նույն են։ Ակնկալում եմ այն, ինչ «Կուբանի» բոլոր երկրպագուները՝ նոր հաղթանակներ և ակումբային նոր ռեկորդներ, որոնք «Կուբանը» շարունակում է գրանցել օր օրի։

Աղբյուրը՝ Armsport.am

Նախորդ հոդվածը‘Հրդեհը Լատվիայի նախագահի նստավայրում վնասել է ազգային մասունքները (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Երեւանցի վարորդը Ֆրանսիայի եւ ԱՄՆ քաղաքացիների հետ վթարի է ենթարկվել ԼՂՀ-ում ‘