‘Արազ Օզբիլիսը միացել է «Ռայո Վալյեկանոյին» ‘

1084

Հայաստանի ազգային հավաքականի և «Բեշիքթաշի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը միացել է «Ռայո Վալյեկանոյին», որի կազմում խաղալու է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Իսպանական հեղինակավոր «AS» պարբերականը հաղորդում է, որ երկուշաբթի օրն Օզբիլիսը ժամանել է Իսպանիա, իսկ երեկ երեկոյան առաջին անգամ մարզվել է նոր ակումբի կազմում: «Բեշիքթաշը» և «Ռայո Վալյեկանոն» դեռևս պաշտոնապես չեն հաստատել գործարքի մասին, սակայն ավելի վաղ թուրքական ակումբի ղեկավարության ներկայացուցիչ Էրդալ Տորունոգուլարին հաստատել էր, որ հայ ֆուտբոլիստը խաղալու է Իսպանիայի առաջնությունում.

«Չնայած կես տարի Օզբիլիսը վարձավճարով հանդես է գալու «Ռայո Վալյեկանոյում»՝ հաջորդ մրցաշրջանի համար նրա հետ կապված լուրջ ծրագրեր ունենք: Հաջորդ մրցաշրջանում Արազը ցույց կտա, թե ինչպիսի ֆուտբոլիստի է ձեռք բերել «Բեշիքթաշը»»,-ասել էր Տորունոգուլարին: 

Իսպանիայի ընթացիկ առաջնության 21-րդ տուրից հետո «Ռայո Վալյեկանոն» ունի 19 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը: Թիմի առաջիկա հանդիպումը կայանալու է փետրվարի 1-ին, մրցակիցը «Դեպորտիվոն» է:

Հիշեցնենք, որ Արազ Օզբիլիսը «Բեշիքթաշի» հետ 4.5 տարվա պայմանագիր է կնքել, թուրքական ակումբն Օզբիլիսի տրանսֆերի համար «Սպարտակին» 1.3 մլն եվրո է վճարել:

Նախորդ հոդվածը‘«ՊՍԺ»-ն տրանսֆերների համար 300 մլն եվրո կհատկացնի’
Հաջորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է պայմանագիրը Լուկաշ Պիշչեկի հետ’