‘Արամ Ա Կաթողիկոս. Մեր պետության հետ միասին մենք անելիք ունենք ‘

1013

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը սեպտեմբերի 20-ին ժամանել է Հայաստան` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով, հաղորդում է «Արմենպրեսը»:

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ նշել է. «Մեր Եկեղեցու գոյության պատճառը, մեր Եկեղեցու կյանքի ու վկայության ճամփան, մեր Եկեղեցու առաքելությունը միայն մեկ բառի մեջ կարելի է խտացնել` ծառայություն: Եվ այս բառը մեր Եկեղեցու պատմության ընթացքում գործնականապես արտահայտված է մեր Եկեղեցու կենդանի ու արյան վկայությամբ, մեր Եկեղեցու հոգեմտավոր ստեղծագործությամբ, մեր Եկեղեցու` Հայրենիքի  ու ժողովրդի համայնական կյանքի մեջ իր գործուն մասնակցությամբ»:

Խոսելով վերջին շրջանում ազգային կյանքը հուզող երևույթների մասին` Արամ Ա Կաթողիկոսը մասնավորապես ասել է. «Երբ Ադրբեջանը, բարոյական, իրավական, քաղաքական, մարդկային ամեն տեսակ օրենք ու հասկացողություն մի կողմ դնելով, փառքով ու պատվով ընդունեց ոճրագործին, մեր Եկեղեցին պետության կողքին եղավ, մեր Եկեղեցին չէր կարող անտարբեր լինել: Երբ սիրիահայությունն այսօր տագնապի է մատնված, մեր Եկեղեցին անտարբեր չմնաց: Եվ ահավասիկ, երբ մենք գտնվում ենք ցեղասպանության հարյուրամյակի շեմին, Եկեղեցին չի կարող լուռ ու հետևողի դերի մեջ լինել: Մեր պետության հետ միասին մենք անելիք ունենք»:

Արարողությունն ավարտվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ ու միասնական տերունական աղոթքով:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Բաբայան. Ստեփանակերտի օդանավակայանը կբացվի՝ անկախ ադրբեջանական կողմի հայտարարություններից ‘
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ ակտիվիստների գործով վերաքննիչ դատարանի առաջին նիստը սեպտեմբերի 28-ին ‘