‘Արամ Մանուկյանը Կառավարությունից պահանջում է գազի գնի վերաբերյալ սպառիչ պարզաբանում տալ’

956

Ռուսական գազի ներկրման պայմանագրի շուրջ իրավիճակը գնալով խճճվում եւ ավելի խորհրդավոր է դառնում: Ազգային ժողովում հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Վեց ամիս չարչարվելուց հետո վերջապես ստացա գազի նոր գինը ձեւավորող` 2013թ. մարտի 29-ի համաձայնագիրը, որը մաս է կազմում 2008-ի պայմանագրի: Բայց հիմա պարզ է, որ հարցը գնալով խճճվում է, խորհրդավոր է դառնում», — նշեց պատգամավորը:

Նա հիշեցրեց, որ գազի գնի բարձրացման հայտարարությունից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին` գազի գնի 30 տոկոսը պետական բյուջեի հաշվին սուբսիդավորելու վերաբերյալ:

Մինչդեռ օրերս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի` ԱԺ-ում արած հայտարարությունից պարզ դարձավ, որ գազի թանկացումը կասեցվել է Մաքսային միություն մտնելու պայմանով: «Նորից դիմել եմ Կառավարությանը` հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու եւ  ստացել եմ պատասխան, թե քանի որ խոսքը վերաբերում է առեւտրային պայմանագրի, Կառավարությունը պետք է «Հայռուսգազարդի» հետ համաձայնություն ստանալուց հետո միայն տրամադրի պարզաբանում: Քանի որ հարցը վերաբերում է ՀՀ սեփականությանը, եւ իմ կարծիքով՝ այստեղ նաեւ սուվերենության խնդիր կա, քանի որ հարցը վերաբերում է ՀՀ բոլոր քաղաքացիներին եւ արտադրողներին, պահանջում եմ, որպեսզի Կառավարությունը մեկ շաբաթվա ընթացքում պատասխանի իմ հարցմանը», — նշեց Արամ Մանուկյանը: 

Նախորդ հոդվածը‘Վահե Հովհաննիսյան. Բաքվի դիրքորոշումը մեղմացնելու համար պետք է զարգացնել Հայաստանի տնտեսությունը’
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Գործադիրը, ԱԺ թողտվությամբ, յուրացրել է օրենսդիր իշխանության մի ստվար հատված’