‘Արամ Մանուկյանը կոչ արեց ԱԺ-ին չքվեարկել. Տեսանյութ’

1918

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը գազային համաձայնագրերի քննարկման ժամանակ կոչ արեց ԱԺ-ին չքվեարկել, քանի դեռ չեն ծանոթացել Հայռուսգազարդի եւ Գազպրոմի միջեւ ստորագրված բոլոր 22 արձանագրություններին: 

«300 մլն դոլարը ինչո՞ւ պետական պարտք չի ձեւակերպվել, եւ ոչ մի տեղ այն չի երեւացել, ո՞վ է գնահատել, որ ընկերության 20 տոկոսը հավասար է 155 մլն դոլարի: Դուք խոստացաք ու չարեցիք այս դահլիճում. ես հրապարակել էի, որ վնասը կազմում է 65 մլրդ դրամ, դուք այն վաճառել եք 63.3. մլրդ-ով: Դուք խոստացել եք այդ  5մլն դոլարի մասին տեղեկանք ներկայացնել, ինչը չեք արել»,- դիմելով Մովսիսյանին՝ հայտարարեց Մանուկյանը:

Ի պատասխան՝ Մովսիսյանը նշեց, թե փորձագետների հետ համապատասխան աշխատանք է տարվել, թե 35 մլն տարեկան շահույթ ունեցող ընկերության գինը որքան կարող է լինել, եւ ըստ դրա՝ արդեն բանակցություններ են վարվել: «Եթե ելնենք սրանից, ապա կտեսնենք, որ 35 մլն դոլար շահույթ ունեցող ընկերության գինը, լավ, 15 անգամ ավել կարող է լինել, մեր բանակցություններում կարող է լինել 155 մլն: Մեր գնահատմամբ՝ բավականին հաջող բանակցությունների արդյունքում է այդ թիվը գոյացել: Մենք ասել ենք, թե այդ վնասը, որ առաջացել է մինչ այժմ, փոխհատուցելու է դրա մի մասը ռուսական կողմը, այսինքն, այդ 56 մլն-ը ռուսական կողմն է իր վրա վերցնում: Իսկ 300 մլն-ը առաջացել է 2011 թվականի ապրիլի 1-ից առայսօր»,- հայտարարեց Մովսիսյանը:  

Արամ Մանուկյանը հակադարձեց. «Փորձագետներ ասածը ամենեւին հիմք չէ, ես իրավաբանական փաստաթղթի մասին եմ խոսում՝ ո՞վ է գնահատել: Ես ԱԺ ղեկավարությանն ու ՀՀԿ ղեկավարությանն եմ դիմում. 2008-ից այսկողմ՝ Մեծ պայմանագրից հետո ստորագրվել է նաեւ 22 արձանագրություն: Ես 6 ամսվա աշխատանքի արդյունքում միայն մեկն եմ տեսել, դիմում եմ ձեզ, մինչեւ դուք այդ 22 արձանագրությունը չկարդաք, այս քվեարկությունը չանեք, որովեհտեւ ես կարծում եմ, որ այնտեղ կան բաներ, որոնք դուք էլ չգիտեք: Եւ միգուցե այնտեղ է շան գլուխը թաղված: Որեւէ քվեարկության մի գնացեք»:  

Մովսիսյանը արձագանքեց, թե 65 մլրդ-ի որոշումը կառավարությունն է կայացրել, իսկ  պետական պարտք չեն ձեւակերպել, որովհետեւ, իբր, դեռ թվի մասին գաղափար չկար, բանակցություններ էին ընթանում, եւ հիմա, երբ այդ թիվը պարզ է, բերել են ձեւակերպելու:  

 

Նախորդ հոդվածը‘Նույն խմբում հայտնված Հայաստանի և Ադրբեջանի մինչև 19 տարեկանների հավաքականները չեն հանդիպի’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Եթե այսպես շարունակվի, ապա իշխանությունները կվաճառեն ողջ Հայաստանը. Տեսանյութ’