‘Արամ Մանուկյանը` նախարարին. Կարդացե՞լ եք այս օրենքի նախագիծը մինչեւ վերջ. Տեսանյութ’

1386

Այսօր ԱԺ-ում պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նոր նախագծի քննարկման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող, սոցապ նախարար Արտեմ Ասատրյանին:

«Եթե սա կոչվում է նպատակային վճար, եւ այն օրենքի ուժով դառնում է պարտադիր, ինչո՞ւ եք ամեն տեղ մի 60-70 անգամ նշել պարտադիր բառը: Վերնագիրն էլ չի պարունակում պարտադիր բառը, բայց ամբողջը պարտադիրի մասին է: Մենք ունենք բազմաթիվ հարկեր, տուրքեր, վճարներ, եւ ոչ մի տեղ այդ բառը չի նշվում, բայց դրանք բոլորը պարտադիր են: Ինչո՞ւ եք ամենուրեք նշել պարտադիր բառը: Սա՝ մեկ, եւ երկրորդ հարցս:

Դուք կարդացե՞լ եք այս օրենքի նախագիծը մինչեւ վերջ, մինչեւ անցումային դրույթները, թե՞ հավատացել եք ձեր իրավաբանական վարչությանը, ովքեր ասել են, թե չկան այստեղ իրավաբանական կազուսներ: Կան, եւ ես դրանք կմեջբերեմ ելույթիս ժամանակ, իսկ այժմ ընդամենը մեկ օրինակ. նախագծի 13-րդ հոդվածում գրված է. «Մասնակցի լռությունը համարվում է մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականության ընդհանուր կամքի արտահայտություն»:Դուք սա համարում եք իրավաբանական տերմի՞ն:

Ի պատասխան՝ Ասատրյանը, նախ, նշեց, թե պարտադիր հիմնադրամն  ու համակարգը տարբեր բաներ են, եւ որ իրենք սահմանել են պետության պարտադիր մասնակցութամբ կենսաթոշակային ֆոնդ հասկացությունը, եւ որ դա, նրա խոսքով, պետության պարտադիր մասնակցությամբ հիմնադրամն է, եւ այն ամրագրվել է, որ հստակ լինի պարտադիր ֆոնդն ու կամավոր ֆոնդը: «Տարբեր թերացումներ կարող են լինել, եւ իհարկե, միշտ կարելի է ավելի լավ նախագծեր ունենալ, եւ չեմ հավակնում նրան, որ այն, ինչ ներկայացված է՝ լիարժեք ու կատարյալ է: Մասնակցի լռությունը եւս ընդունված ձեւաչափ է, հստակ ամրագրված  մոտեցում է, որ դա կարող է համարվել այդպիսին»,- հայտարարեց Ասատրյանը:

Արամ Մանուկյանը հակադարձեց. «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի բացատրությունը այնպես, ինչպես դուք ասացիք, չկա, եւ որեւէ մեկը՝ եթե դահլիճում մինչեւ հիմա հասկացած լիներ, որ պարտադիր ֆոնդը պետությանն է վերաբերում, ներողություն կխնդրեմ»:

«Ընդմիջման ընթացքում կփորձեմ ներկայացնել էն, ինչ ասեցի»,- հայտարարեց Ասատրյանը:  

Նախորդ հոդվածը‘ԻՀԿ արտգործնախարարների խորհուրդը Հայաստանի դեմ բանաձև է ընդունել’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը «լուրջ խոսել է Հասմիկ Պողոսյանի հետ» ‘