‘Արամ Մանուկյանը «Որոտանի» վաճառքի գործարքում կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին հաղորդում ներկայացրեց դատախազություն’

1095

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը չորս խախտում ներկայացրեց, որոնք հիմնավորում են «Որոտանի» հիդրոկասկադի վաճառքի կոռուպցիոն և հակաօրինական լինելը:

«Ուզում եմ նաև շեշտել, որ մեր պայքարն ընդդեմ այդ անօրինական գործարքի պայմանավորված է ոչ թէ նրանով, որ մեզ դուր չի գալիս ամերիկյան ընկերությունը, այլ որ սրանով տեղի է ունենում պետական գույքի ուղղակի կողոպուտ՝ ուղեկցված մեր ստրատեգիական ջրային պաշարների զավթմամբ և հայ-իրանական հարաբերությունների վտանգմամբ: Հիմա մանրամասնեմ.

Վաճառքի գինը.

Հիդրոկասկադը վաճառվել է 180 մլն դոլարով, այն դեպքում, երբ դրա իրական արժեքը մոտ տասն անգամ ավելի է: Սրան գումարած՝ երեք ՀԷԿ-երի, դրանց սպասարկող դերիվացիոն թունելների և այլ ենթակառուցվածքների արժեքը: Սրանք ապացույցներ են առ այն, որ կոռուպցիոն ճանապարհով տեղի է ունեցել ազգային հարստության խայտառակ մասշտաբների կողոպուտ, ինչը ծանր քրեական հանցագործություն է:

Ջրամբարների օտարման անօրինականությունը.

Հայաստանի ջրային օրենսգրքի 4-րդ հոդվածի, ինչպես նաև «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն, Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և մասնավորեցման ենթակա չեն:

«Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն Սպանդարյանի և Տոլորսի ջրամբարները իմպերատիվ ձևով

ա. «…պետական սեփականություն են և

բ. մասնավորեցման ենթակա չեն»:

Սա լրիվ բավարար է ջրային օրենսդրության կոպտագույն խախտումն արձանագրելու համար:

Իրանի հետ կապված խնդիրը.

Հիդրոկասկադի վաճառքի վերաբերյալ պայմանագրի 4.03 հավելվածում սահմանված է, որ «Որոտանի» ենթակառուցվածքները չեն կարող օգտագործվել Իրանի հետ էլեկտրամատակարարման գործընթացներում: Սա վկայում է, որ գործ ունենք նաև քաղաքական գործարքի հետ:

Ազգային ժողովը շրջանցելը.

«Սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի համաձայն, «Որոտանի» հիդրոկասկադի մասնավորեցման նախագիծը պետք է ներկայացվեր Ազգային ժողովի հաստատմանը, ինչը չի արվել: Այն մեկ անգամ արդեն ներառված է եղել մասնավորեցման ծրագրերում, սակայն հետագայում հանվել է: Սա լրացուցիչ ապացույց է այն մասին, որ այսպիսի գույքի օտարման նախագիծը պարտադիր կարգով ենթակա է Ազգային ժողովի հաստատմանը:

Այսպիսով, ամփոփելով՝ նշեմ, որ այս գործարքում առկա են կոռուպցիոն բնույթի հանցագործության հատկանիշներ: Այն է.

վաճառքի ակնհայտ ցածր գինը,

օրենքի պահանջի կոպիտ խախտմամբ իրականացված ջրամբարների մասնավորեցումը,

առանց Ազգային Ժողովի հաստատմանը ներկայացնելու պետական գույքը մասնավորեցնելը:

Հետևապես, ես ՀՀ գլխավոր դատախազությանը ներկայացնում եմ հանցագործության մասին հաղորդում՝ Որոտանի հիդրոկասկադի վաճառքի վերաբերյալ գործարքում կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին և հետևողական եմ լինելու այս գործի պատշաճ քննության հարցում»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:

Նախորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. Ընդդիմությունը շահագրգռված է արմատական փոփոխություններ իրականացնելու հարցում’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն վավերացրել է ԵՆԲ հետ 60 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը’