‘Արամ Մանուկյան. Այսպիսի ստերով չի կարելի կերակրել հասարակությանը (տեսանյութ)’

2138

ԱԺ-ում «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով նախ արձանագրեց, որ այս քննարկումը ժողովրդի ճնշման արդյունքն է: «Եղավ ընդվզումը, և նահանջը եղավ»,- նկատեց Արամ Մանուկյանը:
Այնուհետև նա անդրադարձավ այն ռեֆորմներին, որոնք իշխանությունները ձախողել են, որովհետև կամ սխալ ռեֆորմ են կատարում, կամ սխալ է մատուցվում, կամ էլ լավ ռեֆորմի տակ վատ խութեր են հանդիպում: Դրանք էին, օրինակ՝ կենսաթոշակային կուտակային համակարգը, տրանսպորտի գինը, նկարահանող սարքերը, կարմիր գծերը, ՀԴՄ-երի ռեֆորմը, շրջանառության ռեֆորմը, սահմանադրական փոփոխությունների ռեֆորմը:
 «Այս բոլոր ռեֆորմները իրենց բովանդակությամբ լավն են: Ռեֆորմը չի կարող վատը լինել, մանավանդ՝ եթե այն անցել է համաշխարհային փորձաքննություն: Բայց դուք տեղայնացնում եք բոլոր այս բարեփոխումները Հայաստանում յուրահատուկ, ձեր մոտեցումները նրա մեջ կամ նրա տակ դնելով: Որո՞նք են դրանք: Անձնական շահերը, կիրառողների շահերը և շահեր, որոնք ամենևին չեն բխում քաղաքացիների և այն մարդկանց շահերից, ում նկատմամբ այդ բարեփոխումները պետք է կիրառվեն»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:
Արամ Մանուկյանը նկատեց, որ ժողովուրդը չէր ըմբոստանում այնքան կուտակային համակարգից, այլ նրանից, թե հիմնադրամի գումարները ուր են գնում: Ժողովուրդը չէր ըմբոստանա տրանսպորտի գնի հետ կապված, եթե չիմանար՝ ում շահերն էին դրա ետևում կանգնած: Ժողովուրդը չէր ըմբոստանում այնքան նկարահանող սարքերից, որքան ըմբոստանում էր, որ գիտեր 30/70 տոկոս հարաբերակցությունը:
«ՀԴՄ-ի համար ինչո՞ւ էին ըմբոստանում, որովհետև գիտեին ՀԴՄ բիզնեսը բերող բիզնեսի տերը ով է»,-ասաց նա:
«Ռեֆորմների նկատմամբ այսպիսի ընդերքային, խութային մոտեցումը փչացնում է ռեֆորմը:
Սրա արդյունքում դուք կորցնում եք վստահությունը, երբ ռեֆորմ անելը՝ ցավեցնել է: Մեզ մոտ ռեֆորմների արդյունքում հարստանում են այդ ռեֆորմները կիրառողները»,-հայտարարեց Մանուկյանը :
Նա հիշեցրեց նաև վերջին տարիների միջազգային կազմակերպությունների արձանագրությունները, որտեղ հստակ նշված է, որ Հայաստանում տնտեսության հիմնական խոչընդոտը կոռուպցիան է: Բոլորը նշում են , որ մարդիկ, որոնք իշխանության տարիների ժամանակ հարստացել են, հիմա իշխանություն են իրականացնում:
Արամ Մանուկյանը խորհրդարանին հիշեցրեց նաև Սերժ Սարգսյանի 2008-ից տրված և չկատարած մի շարք խոստումներ:
«Այսպիսի ստերով չի կարելի կերակրել հասարակությանը»,- ասեց Մանուկյանը:
Պրոբլեմի լուծման համար Արամ Մանուկյանը մատնանշեց խորհրդարանում, կառավարությունում և նախագահականում կենտրոնացած մարդկանց, որոնք էլ տիրապետում են խոշոր բիզնեսին:
«Եվ հանկարծ դուք սա շոու եք անվանում, ես էլ սա եմ շոու անվանում, երբ բոլորս, իմանալով հանդերձ, որտեղ է թաքնված շան գլուխը, եկել ենք մկան պոչից ենք բռնել»,- ասեց Արամ Մանուկյանը:
Ամփոփելով իր խոսքը՝ Արամ Մանուկյանը նկատեց, որ առջևում իշխանությունները մեկ այլ փորձություն ունեն՝ Սահմանադրական փոփոխությունները, որոնք, ըստ Մանուկյանի՝ ձախողվելու են, և ավելի լավ է՝ ի սկզբանե չանեն, քան հետո ընդդիմությունը ժողովուրդ հանի, ինչը, վստահեցրեց Արամ Մանուկյանը, իրենք անելու են:

Նախորդ հոդվածը‘Դատախազությունը չի մեկնաբանում Պերմյակովին ՌԴ ռազմաբազայում դատելու մասին տեղեկությունները’
Հաջորդ հոդվածը‘«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի Կոմիտեն դատապարտում է բերձորյան բռնությունը ‘