‘Արամ Մանուկյան. Դատախազը կանի էն, ինչ կասի Սերժ Սարգսյանը (տեսանյութ)’

2402

Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ներկայացրեց խմբակցության տեսակետը՝ հայտարարելով, որ սա քաղաքական մահակ է Հայաստանում բիզնեսի դաշտը վերահսկելի, կանխատեսելի ու թելադրելի դարձնելու համար, կեղծ բարեփոխումների ակցիա ու արդարադատության իմիտացիա է, որը ոչ մի էֆեկտ չի տալու, և առաջարակեց ստեղծել ԱԺ հանձնաժողով, որը կքննի բոլոր գործերը, որպեսզի դատախազությո՛ւնը չորոշի՝ պատժե՞լ այս կամ այն մարդուն, թե՞ ոչ:

«Ասում եք՝ դիմենք դատախազություն, դատախազությունը չգիտի՞ այդ մասին: Ամբողջը գիտեն, բոլորը գիտեն, ու Իշխան Զաքարյանը պիտի գրի՝ տեսեք ինչպիսի բաներ են եղե՞լ, հո երեխա՞ չեք: Դատախազը կանի էն, ինչ կասի Սերժ Սարգսյանը, գործ կսարքի՝ ում Սերժ Սարգսյանը ասի: Ո՞ւմ եք վստահում, դատախազի՞ն, իր բիզնեսները նշե՞մ, թե՞ չգիտեք»,- ասաց Մանուկյանը:

Արամ Մանուկյանի կարծիքով՝ հայտնաբերված խախտումները համընդհանուր են, այդ երևույթներն առկա են բոլոր ոլորտներում, ու դրանք համակարգված են, և երեք րոպեն բավական էր, որպեսզի Սերժ Սարգսյանը հրահանգեր էս մարդուն, էս կոռուպցիոներին, էս գործի համար, էս հոդվածով գործեր բացել, սակայն այս ամենի համակարգված լինելը թույլ է տալիս «դոսյեներ» հավաքել ցանկացածի շուրջ, նաև ստեղծված համակարգը թույլ է տալիս «ատկատի», ստվերում աշխատելու, հարստանալու միջոցով ղեկավարվել, դառնալ վերահսկելի:

«Այս ամբողջը պաշտպանվում է և կազմակերպվում է վերահսկելի դաշտ ունենալու համար: Պատգամավորներ են ընտրվել հենց էս դաշտում, էս ձևով, որ մշտապես քվեարկեն այնպես, ինչպես պետք է, որովհետև այն դոսյեն, որը Սերժ Սարգսյանի ձեռքին կա, ցանկացած պահին կարող է հայտնվել դատախազի սեղանին, ցանկացած պահի գործ դառնալ»,- նշեց Մանուկյանը՝ զգուշացնելով պատգամավորներին, որ նրանցից ոչ ոք երաշխավորված ու ապահովագրված չէ, որ հաջորդն ինքը չի լինելու:

Մանուկյանի համոզմամբ՝ այս համակարգը թույլ չի տալիս որևէ մարդու աշխատել օրենքի շրջանակներում ու անգամ «օլիգարխին դրաձնում է սուսիկ-փուսիկ, խելոք, որովհետև բոլորը գիտեն՝ որտեղ են նրա խախտումները»:

«Հարցրեք, էլի, ձեր ծանոթներին՝ իրենց ձեռք է տալիս օրենքի դաշտում աշխատել, քիչ շահույթ ստանա՞լ, թե՞ միշտ ռիսկի մեջ լինել, շահույթ շատ ստանալ, վերևներին տալ և միշտ վաղը-մյուս օրը բանտում հայտնվելու ռիսկի տակ ապրել: Բոլորին շատ ավելի ձեռնտու է մի քանի անգամ քիչ վաստակել, արդար վաստակել, բայց օրենքով պաշտպանված լինել: Մեզ մոտ համակարգը օրենքով պաշտպանված չէ»,- հայտարարեց Մանուկյանը:

Տեսագրությունն արվել ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումից

Նախորդ հոդվածը‘«Լոկոմոտիվի» առաջատարը դարձավ Յուրա Մովսիսյանի թիմակիցը’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայում Մեսիի նկատմամբ երկրորդ գործն են հարուցում’