‘Արամ Մանուկյան. Իշխանությունը պատերազմ է հայտարարել ժողովրդին (Տեսանյութ)’

1726

«Այս իշխանության հետ կոշտ քայլերից բացի այլ լեզվով հնարավոր չէ խոսել. նրանք կորցրել են բոլոր այն գործիքները, որոնցով կարող էին վստահություն ձեռք բերել քաղաքացիների մոտ: Անգամ, եթե իշխանությունը ուզում է լավ քայլ անել, ոչ ոք չի հավատում. ամեն ինչ վարկաբեկվել է»: Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ ասել է Աժ «Հայ ազգային կոնգրես» խմբացկության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Բոյկոտը, փողոցը, հրապարակը եւ մյուս բոլոր կոշտ քայլերը արդարացվում են, որովհետեւ դա չանելու դեպքում կորցնում ես երկրի անվտանգությունը: Մեր մոտեցումը առաջիկա ամիսներին լինելու են ոչ թե իշխանություններին քննադատելը, այլ քննադատելը բոլոր նրանց, ովքեր չեն գնում իշխանափոխության: Քննադատության թիրախը լինելու է այն քաղաքացին, ով չի գնում այս ամենը շտկելու ճանապարհով, ով փորձում է իշխանությանը խելքի բերել: Մոռացե՛ք. այս իշխանությունը պատերազմ է հայտարարել իր ժողովրդին: Մեղավոր են նրանք, ովքեր կարող են գնալ իշխանափոխության եւ չեն անում դա»,- հայտարարել է Արամ Մանուկյանը:

Անդրադառնալով օրեր առաջ «Կասեցում» շարժման ակտիվիստ եւ ԲՀԿ խորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի դեմ կատարված բռնությանը՝ պատգամավորը այն որակեց որպես աննախադեպ վայրագություն: «Այս ամենը մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում: Խելոք իշխանությունը պետք է փորձի պայքարել բռնությունների դեմ: Օրինակ՝ ուրիշ երկրներում, երբ իրավապահ մարմինները չեն կարողանում բացահայտել հանցագործությունը, հրաժարական են տալիս: Բայց ոչ այս համակարգում: Սա այն դեպքն է, որ հասարակական լարվածությունը թուլացնելու համար պետք է այդ մարդը հրաժարական տար՝ գոնե իր վերեւինին հարված չհասցնելու համար:

Այն, որ ասում են մի՛ քաղաքականացրեք, դա հիմարություն է: Հասարակության բոլոր շերտերի նկատմամբ պատերազմ է հայտարարվել : Անհնար է չքաղաքականացնել, երբ Արտակ Խաչատրյանին ծեծել են իր կարծիքների համար, որոնք նա արտահայտել է ԲՀԿ-ի համաժողովում: Իսկ եթե անգամ ասում են, որ քաղաքական չէ, ապա դա նրանց համար լավ հնարավորություն է, որ բացահայտեն հանցագործությունը: Ի՞նչն է նրանց խանգարում, որ դա ապացուցեն: Գործիքները իշխանության ձեռքին են: Նրանք չեն գնա այդ քայլին, քանի որ դա նշանակում է իրենց կատարածուին բացահայտել, իսկ նա էլ կասի, թե ով է հրամանը տվել: Ավելին՝ բացահայտելու փոխարեն նրանք պաշտպանում են այս դեպքերը եւ փորձում մեղավորներ գտնել տուժողների մեջ, սակայն փաստերը հակառակն են ցույց տալիս: Չբացահայտելով՝ իշխանությունները ոգեւորում են հանցագործին, իսկ կատարողների փաստաբանությունը իրականացվում է Խորհրդարանի կողմից»,- հավելել է Արամ Մանուկյանը:  

Մանրամասները՝ տեսանյութում: 

Նախորդ հոդվածը‘Խափանում Երևանի մետրոպոլիտենում ‘
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Էզրա Փաունդի «Տեսանող աչքը» ‘