‘Արամ Մանուկյան. Իշխանությունները իրենց տունը պահելու համար դրսից մարդ են կանչում’

1191

«Ես վախենում եմ բոլոր գաղտնի գործընթացներից. դրանք իրենց մեջ ռումբեր են պարունակում», — Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` մեկնաբանելով նախօրեին երեկոյան Մինսկում տեղի ունեցած փաստաթղթերի ստորագրումը:  

Նա հիշեցրեց հայ-թուրքական արձանագրությունները, ԵՄ հետ Ասոցացման պայմանագիրը եւ Ռուսաստանի հետ գազային պայմանագրերը, որոնք, մշակվելով գաղտնիության պայմաններում, արդյունքում վնաս բերեցին Հայաստանին:

Արամ Մանուկյանի խոսքով, իշխանության ցանկացած արտաքին քաղաքական գործունեության արդյունք բացասական է եղել երկրի ինքնիշխանության համար` ի վերջո միջազգային մեկուսացման մեջ գցելով երկիրը:

«Հիշեք 90-ականները. մեր ռազմական հաղթանակների ֆոնին ոչ ոք մի թթու խոսք չէր ասում Հայաստանին Ղարաբաղի համար: Չկար այդպիսի երկիր, միջազգային կառույց, որը բացասաբար տրամադրված լիներ Հայաստանի նկատմամբ: Իսկ այսօր հակառակն է` չկա հայամետ որեւէ երկիր, որեւէ կազմակերպություն», — նշեց նա: Ըստ Արամ Մանուկյանի՝ իշխանությունների անկայուն քաղաքականության եւ Մաքսային միություն մտնելու որոշումից է բխում նաեւ օրերս Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը, որի որոշ դրույթներով բաց տեքստով ասվում է, որ Հայաստանը իբր բռնազավթել է Ադրբեջանի տարածքը:  Ընդ որում, Արամ Մանուկյանի խոսքով՝ ուշագրավ է, որ այդ բանաձեւը նախապատրաստվել է շուրջ 15 օր առաջ:

«Փաստորեն, սրանք իմացել են այդ բանաձեւի մասին եւ ուրիշ ռեսուրս չունենալով՝ շրջանառության մեջ են դրել Զորիի լալկան նամակը, որին արդեն հաջորդեց ՀՀԿ պաշտոնական դիրքորոշումը Հերմինե Նաղդալյանի հոդվածի տեսքով», — նշեց պատգամավորը: — Ի՞նչ է Զորիի նմանների հայտարարությունը՝ նվաստացնող, արժանապատվությունը ոտնահարող: Ուրիշին ասում է՝ արի իմ տունը պահի, իմ երեխեքին պահի: Էդպես կարելի է հարեւանին հրավիրել կնոջն ու երեխեքն էլ տիրություն անելու: Սա նվաստացուցիչ է»,- հայտարարեց Մանուկյանը` հավելելով, որ այս հարցը ներկայումս Հայաստանի առաջ ծառացած հիմնական մարտահրավերն է:

Նախորդ հոդվածը‘ԵՄ երկրների ղեկավարները կքննարկեն «Եվրոպական գործընկերության» գագաթնաժողովի նախապատրաստմանը վերաբերող հարցեր’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 886 հազ դոլար ‘