‘Արամ Մանուկյան. Կա՛մ բարոյական ես, կա՛մ բլեֆ ես անում’

1150

ԱԺ Հայ ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը չի հասկանում՝ ինչպես կարելի է հայտարարել՝ ուզում եմ բացահայտվեն Մարտի 1-ի սպանությունները, եւ դեմ քվեարկել բացահայտմանը նպաստելու նպատակով ստեղծվելիք օրինագծին:

«Չի՛ կարող մարդ երկու հատ լինել: Չի՛ կարող ասել՝ ես հարգում եմ Մարտի մեկի զոհերի հիշատակը ու միեւնույն ժամանակ ասել՝ չեմ ուզում, որ բացահայտվի, թե ովքեր են կազմակերպել Մարտի 1-ի սպանությունները: Եթե ես ուզում եմ բացահայտել, ես գոնե ամեն օր զոհերի ծնողների կողքին կանգնած եմ: Այսինքն, իմ ապրելակերպը, իմ ասածն ու իմ արածն իրար բռնում են: Մակերեսորեն ասել՝ հարգում եմ, ու կանգնել` դեմ քվեարկել հանձնաժողովի ստեղծմանը, անհասկանալի է», — iLur.am-ի հետ զրույցում ասաց պարոն Մանուկյանը:

Պատգամավորի խոսքով, այսօր մեկ րոպե լռությամբ հարգելով Մարտի 1-ի զոհերի հիշատակը՝ ԱԺ պատգամավորներն իրենց վրա բարոյական պարտավորություն վերցրին. «Բարոյական խնդիր է: Կա՛մ դու բարոյական ես եւ ուզում ես արդարությունը բացահայտել, կա՛մ ինչ-որ բլեֆներ ես անում` ճշմարտությունը կոծկելու համար: Խնդիրը շատ հստակ է: Չի կարելի ասել՝ այո, ուզում եմ բացահայտվի, բայց չեմ ուզում, որ բացահայտմանը նպաստող հանձնաժողով ստեղծվի»: 

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյանը Մարգարիտ Եսայանին բացատրեց, թե ինչից է բավականություն ստանում. Տեսանյութ ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ տրանսպորտի փոխնախարար. Երկաթուղու աբխազական հատվածի բացումն էապես չի ազդի Հայաստանի բեռնափոխադրումների աճի վրա ‘