‘Արամ Մանուկյան. Կոնգրեսը Հվ.Կովկասի ամենաազդեցիկ լիբերալ կուսակցությունն է (տեսանյութ)’

1886

Նոյեմբերի 21-23-ը Լիսաբոնում կկայանա Եվրոպական լիբերալ-դեմոկրատների դաշինքի (ALDE) հերթական համագումարը, որին Հայաստանից կմասնակցի Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունը: Մեկնումից առաջ iLur.am-ը զրուցեց պատվիրակության անդամ, Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ:

Պարոն Մանուկյան, ի՞նչ պատվիրակությամբ եւ ի՞նչ ծրագրերով եք մեկնում եվրոպական լիբերալների համագումարին:

Լիբերալներն ամեն տարի հավաքվում են եւ ամփոփում նախորդ տարին, ինչպես նաեւ՝ պլանավորում եկող տարին: Սա չորրորդ համագումարն է, որին մենք մասնակցում ենք լիիրավ անդամի կարգավիճակով, քվեարկելու իրավունքով: Կոնգրեսի պատվիրակությունը առավելագույնը ութ ձայնի իրավունք ունի: Քանի որ մենք մշտապես շատ լավ կատարում ենք մեր պարտավորությունները, մուծում ենք անդամավճարները, օգտվում ենք բոլոր իրավունքներից՝ կարող ենք ե՛ւ թեկնածություններ առաջադրել, եւ մասնակցել ներկուսակցական ընտրություններին, ներկայացնել բանաձեւեր եւ այլն: Առանց որեւէ մեկին վիրավորելու ասեմ նաեւ, որ Հարավային Կովկասի ամենաակտիվ եւ ամենաազդեցիկ լիբերալ կուսակցությունն է ՀԱԿ-ը: Այս անգամ մենք գնում ենք առնվազն 5 հոգանոց պատվիրակությամբ, հնարավոր է՝ մեզ միանան Կոնգրեսի անդամներ Գերմանիայից: Համաժողովը մի շարք լուրջ հարցեր է քննարկելու, որոնք ընդհանրապես Եվրոպային են վերաբերում, ոչ միայն լիբերալներին: Լինելու են նաեւ ղեկավար մարմինների ընտրություններ: Կան նաեւ մեր կուսակցության հետ կապված մի քանի ծրագրեր՝ Հայաստանում անցկացվելիք համատեղ միջոցառումների մասով, որոնց մասին ավելի մանրամասն կտեղեկացնեմ դրանց հաստատումից հետո:

Հայաստանում լիբերալ գաղափարախոսություն դավանող այլ կուսակցություններ էլ կան: Նրանք ներկայացվա՞ծ են ALDE-ում:

Այդքան հեշտ չէ դառնալ միջազգային կառույցի անդամ:  Կոնգրեսը միակ հայաստանյան կուսակցությունն է, որ լիիրավ անդամակցում է ոչ միայն ALDE-ին, այլեւ որեւէ եվրոպական կուսակցությունների դաշինքի: Հայաստանում գործող բոլոր կուսակցությունները այս կամ այն համաեվրոպական կուսակցությանն անդամակցում են թեկնածուի կամ դիտորդի կարգավիճակով: Ընդ որում, մենք մոտ 7-8 տարի նախնական փուլում էինք գտնվում, մինչեւ որ 2010-ին Հայոց համազգային շարժումը դարձավ լիիրավ անդամ: Հետո մենք՝ Կոնգրեսը, որպես ՀՀՇ-ի իրավահաջորդներ, անվանափոխությունը գրանցեցինք լիբերալների համագումարում:

Իսկ ընդհանրապես, լիբերալները եվրոպական քաղաքական համակարգում ի՞նչ դիրքերում են գտնվում:

Լիբերալները մեծությամբ երրորդ եվրոպական քաղաքական ուժն են: Մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ընտրություններում պահպանեցին իրենց դիրքերը: Բայց ազդեցությամբ եւ զբաղեցրած պաշտոններով ավելի ազդեցիկ են, մասնավորապես՝ Եվրախորհրդարանի նշանակած 27 հանձնակատարներից (ԵՄ նախարարներից) 8-ը լիբերալների ներկայացուցիչներ են: Լիբերալներն ունեն բազմաթիվ վարչապետեր, նախարարներ տարբեր եվրոպական երկրներում, այսինքն՝ ազդեցության առումով Եվրոպայի ուժեղագույն քաղաքական ուժերից մեկն է:

Իսկ Հայաստանում լիբերալիզմը ի՞նչ դիրքերում է գտնվում:

Հասկանալի է, որ որքան դեպի արեւելք, այնքան ավելի դժվար է լիբերալ լինել:  Ե՛վ մեր խորհրդարանում, ե՛ւ հանրության մեջ լիբերալությունն այդքան մասսայականություն չի վայելում, բայց մեր խնդիրն է նաեւ ազատական գաղափարների տարածումը: Կարող եմ ասել, որ առաջընթացն ակնհայտ է. մեր ժողովուրդը, ինչքան էլ դանդաղ, բայց ազատական գաղափարներ կրող է, եւ մենք առաջիկայում ավելի մեծ հաջողություններ կարձանագրենք: Հայ ժողովուրդը իր բնույթով ազատական ազգ է: Եվ այդ գաղափարները, այդ մտածելակերպը կրողներն ավելի մեծ ազդեցություն պիտի ունենան, քան այսօր կա: 

Նախորդ հոդվածը‘Լիոնել Մեսսին և Քրիստիանո Ռոնալդոն միմյանց ողջունեցին բարեկամաբար (շարժանկար)’
Հաջորդ հոդվածը‘Գ. Ջհանգիրյան. Անվտանգության ծառայությունները նայե՞լ են այս օրինագիծը ‘