‘Արամ Մանուկյան. Կուտակային բաղադրիչի` մեկ տարով հետաձգելու դեպքում 2014թ. բյուջեն կձախողվեր’

1026

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, այսօր անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստի տապալմանը, ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտարարել է, որ նիստը տապալվել է Բաղրամյան 26-ի հրահանգով: Արամ Մանուկյանը, անդրադառնալով նիստը բոյկոտելու` հանրապետականների պահվածքին՝ հայտարարել է. «Իրենք վախենում են քննարկումներից, իրենք բաց քննարկման տեսակ չեն, որովհետև բաց քննարկման ժամանակ իրենք կջախջախվեն, կպարտվեն»:

Արամ Մանուկյանը նաև հավելել է. «Մի տեղից է հրահանգը գալիս, և այդ է մեր պառլամենտի հիվանդ տեղը, պարզապես դա օրինաչափ է այնքանով, որ իրենց վրա գործեր կան, բիզնես ունեն, դրա համար են խելոք ենթարկվում: Ինչո՞ւ է Տիգրան Սարգսյանի դուխն այդքան բարձր այստեղ նստածների վրա, որովհետև գիտի` ով ինչ բիզնես ունի, ով հարկ չի մուծում, ով ինչով է զբաղվում»:

Մանուկյանը նաև համոզմունք է հայտնել, որ եթե նախագահականից հանկարծ որոշեին, որ պետք է քվեարկել, ապա այդ պատգամավորները կգային և կքվեարկեին:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ վտանգ կարող էր ներկայացնել կառավարության համար կուտակային բաղադրչի՝ մեկ տարով հետաձգելը, Մանուկյանը ասել է, որ այդ դեպքում 2014թ. բյուջեն կձախողվեր:

«Այս ծրագիրը մոտ 44 մլդ դրամ է, կքանդվի ամբողջ կոնցեպցիան, որովհետև այն ծրագրերը, որոնք իբր անելու են աշխատավարձերը բարձրացնելու համար, գումարային առումով համարյա նույնն են: Այսինքն` ինչքան գումար որ պետք է դնեն աշխատավարձերի բարձրացման համար, մոտավորապես այնքան են, որքան պետք է հավաքեն կուտակային ֆոնդի համար, թվերն էլ համարյա նույնն են»,- հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղարը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն քննադատել է Ռուսաստանին՝ ԵՄ ձգտող երկրների վրա ճնշումներ գործադրելու համար’
Հաջորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ-ն պաշտպանում է Microsoft-ին կեղծարարներից’