‘Արամ Մանուկյան. ՀԷՑ-ը չափն անցնում է. Տեսանյութ’

1429

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցան խորհրդարանական լսումներ` «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման եւ հիմնավորման վերաբերյալ» թեմայով:  Լսումները բավականին թեժ մթնոլորտում անցան, հատկապես՝ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի պահվածքի ֆոնին, երբ վերջինս փորձում էր փաստաբանի դերում հանդես գալ էլեկտրաէներգիա արտադրող եւ մատուցող ընկերությունների համար եւ նրանց փոխարեն «հիմնավորում էր», թե էլէկտրաէներգիայի գինը ինչու պետք է նորից բարձրանա:

Այդ կապակցությամբ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ ՀԷՑ-ը 13.3 մլրդ շահույթ ունի, ՀԷՑ-ի վնասը հաշվարկվել է է 6 մլրդ, եւ շահույթի կեսը եթե տային, իրենց հիմնավորմամբ՝ առաջացած ֆինանսական ճեղքվածքը փակելու համար, հարցը լուծվելու էր, եւ ամբողջ երկիրը իրար չէին խառնի: «8000 աշխատող ունեն: Ես ոչ թե շատ աշխատողին եմ դեմ, բայց եթե 20 հազար, 30 հազար դոլար պիտի ստանա ղեկավարը, իսկ տեսուչը՝ 90 հազար դրամ, խնդիրը լուծվո՞ւմ է: Համաձայն եմ, որ մասնագետը պետք է վճարվի, բայց մասնագետը պիտի ավելի վճարվի, քան ադմինիստրատորը: Եթե ունենք 4-5 աս մասնագետ այդ համակարգում, այո, բամբակի մեջ պիտի պահես նրանց, միանշանակ: Բայց ես խոսում եմ վարչական մարմինների գերծախսի մասին, շատ բարձր է: Տեսեք՝ ՀԷՑ-ը 16 դրամով մեծաքանակ առնում է (էլեկտրաէներգիան), 28 դրամով վաճառում. 12-13 դրամ մարժան արդյո՞ք արդարացված է: Ոչ»,- նշեց Մանուկյանը:

Նա նշեց, որ բոլոր ոլորտների ներկայացուցիչները հերթով գալիս են եւ ասում, թե իրենց ծախսերը շատ են, հետեւաբար՝ վճարները պետք է ավելացնել, իսկ արդյունքում տուժում է քաղաքացին, քանի որ հենց նա է թիրախը, նպատակն ու զոհը, բացի այդ՝ թանկացումների արդյունքում սպառումն է պակասում:

«Գազը հստակ օրինակ է՝ թանկացումը բերել է սպառողների նվազման: Տեսեք՝ ինչ օղակ է ստացվում. ինչքան թանկացնում ենք, մուծողները քչանում են, հետո էլի պիտի թանկացնել, որովհետեւ մուծողները քիչ են: Հիմա նույն ձեւով մենք հոսանքը թանկացնում ենք, դա բերելու  է այլ ապրանքների թանկացմանը, սպառողների քանակը քչանալու է, ու քանի որ քչանալու է մուծողների քանակը, ստիպված ավելացնելու են գինը, որ նորից այդ անհրաժեշտ ծախսերը կատարեն: Մտնում ենք նորից մի աննորմալ ցիկլի մեջ, որի արդյունքում տուժում է քաղաքացին, եւ մենք կորցնում ենք այն քաղաքացուն, որը պետք է վճարի: Նա կա՛մ վճարում է, կա՛մ թողնում-գնում է»,- նշեց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ ե՛ւ տնտեսագիտական, ե՛ւ քաղաքագիտական հաշվարկներով թանկացումները բերում են միայն ճգնաժամների, այն դեպքում, երբ այդ 20 մլրդ-ը կարելի էր կորուստ չհաշվել եւ շահույթից հանել:

«ՀԷՑ-ը չափն անցնում է, ՀԷՑ-ի արածը լկտիություն է, զսպել է պետք»,- նշեց Մանուկյանը:

Ըստ Մանուկյանի՝ մի երկրում, որտեղ 36 տոկոս է կազմում աղքատության շեմը, մարդը չի դիմանալու այս թանկացումներին, ինչն էլ հենց պետք է հաշվի առնեն պատկան մարմինները՝ ե՛ւ հանձնաժողովը, ե՛ւ ԱԺ-ն:

Մանուկյանը նաեւ նշեց, որ Քառյակը նախապատրաստում է հայտարարություն՝ հոսանքի գնի հետ կապված: «Դեմ ենք, բնականաբար, եւ ամեն ինչ անելու ենք, որ դա չլինի: Հորդորում եմ ձեզ՝ եկեք, փորձենք լուծում գտնել, որ թանկացումները չլինեն»,- նշեց Մանուկյանը:  

Նախորդ հոդվածը‘Մարզահամերգային համալիրի տնօրինությունը պահանջում է ԴԱՀԿ ծառայության որոշումն առ ոչինչ ճանաչել’
Հաջորդ հոդվածը‘ ԱԱ-2014. 5-րդ օրվա խորհուրդը’