‘Արամ Մանուկյան. ՀՀՇ-ն իր ողջ թիմով, տարածքային կառույցներով պատրաստ է առաջիկա ներքաղաքական բոլոր զարգացումներին ու մարտահրավերներին ‘

1177

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը քիչ առաջ Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկած ՀՀՇ համագումարի ժամանակ հանդես է եկել ելույթով, որտեղ նշել է, որ ՀՀՇ-ն իր ողջ թիմով, տարածքային կառույցներով պատրաստ է առաջիկա ներքաղաքական բոլոր զարգացումներին ու մարտահրավերներին:

Արամ Մանուկյանի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 «Անցած 2 տարիները մեր կուսակցության համար եղել են դժվարությունների և հաջողությունների տարիներ: Դրանք պայմանավորված են եղել մեր կողմից ՀՀ-ում սահմանադրական կարգի վերականգնման և օրինական իշխանություն ձևավորելու խնդրով, ինչպես նաև գործող ռեժիմի կողմից ամեն գնով իշխանությունը պահելու, քաղաքական ուժերին ճնշելու քաղաքականությամբ, որն արտահայտվել է մեր ակտիվիստների, կուսակցության անդամների նկատմամբ իրականացվող շարունակական հետապնդումներով, ահաբեկումներով և ձերբակալություններով: Նշեմ, որ վերջին 5 տարվա մեջ ընդամենը 2 ամիս, 10 օր՝ 2011թ. հունիս-հուլիս ամիսներին է, որ ՀՀ-ն քաղբանտարկյալ չի ունեցել:

1999թ. հոկտեմբերի 27-ի ու 2008թ մարտի 1-ի ոճիրներով արմատակալած իշխանությունները Հայաստանում հետևողականորեն շարունակեցին վախի ու անպատժելիության մթնոլորտ ստեղծելը:

Բայց նրանց մեծագույն հանցագործությունը մենք համարում ենք քաղաքացիների դուրսմղումը ՀՀ քաղաքացիական ու քաղաքական կյանքից: Վաղուց այլևս ընտրական տեղամասերում չի որոշվում ՀՀ-ում իշխանություն ձևավորելու խնդիրը: Ռեժիմի նպատակաուղղված և անօրինական գործողությունները քաղաքացիների մի ստվար զանգվածներին հասցրին հիասթափության, հուսահատության և անպետք լինելու զգացողության:

Ահա և քաղաքացու ինքնամեկուսացման և արտագաղթի հիմնական

դրդապատճառներից մեկը: Ու այսօր, չնայած արտագաղթի սրընթաց աճին, ընտրացուցակներում ավելանում է նաև ընտրողների թիվը: Սա, պարզապես, ծաղր է պետության, հայ ժողովրդի,  յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ: Ուստի՝ այսպիսի իշխանություններից ազատվելը դարձել է խիստ անհրաժեշտություն:

Նրանք ինչպես ժամանակին օրակարգից դուրս մղեցին Ղարաբաղը՝ որպես բանակցային կողմ, այնպես էլ ֆիզիկապես դուրս են մղում Հայաստանի բնակչությունը Հայաստանից: Այս տարի արդեն արտագաղթի թիվը ավելի քան 70 հազար է, անցած 5 տարիներին՝ պաշտոնական տվյալներով, 200 հազար: Այս գործին իրենց անտարբեր կամ ակտիվ մասնակցությամբ լծված են պետական մարմինները, բազմաթիվ տուրիստական կազմակերպություններ, դեսպանատներում աշխատող ՀՀ քաղաքացիներ:

Արտագաղթի տեմպերը կարող են բերել մի սահմանի, որից հետո պետությունը պարզապես չկարողանա թոշակ ու նպաստ վճարել, ուսուցիչ ու աշակերտ պահել, բանակ և սահման կազմակերպել:

 

Մենք այսօր արագ տեմպերով մոտենում ենք այդ սահմանին, պետությունը կորցնելու վտանգին: Հայաստանը ներսից դեռ չի պայթել զուտ սփյուռքից եկող տրանսֆերտների ու արտագնա աշխատանքի մեկնածների ուղարկած միջոցների հաշվին: Համատարած կոռուպցիան, բացարձակ մենաշնորհները, պետական բյուջեից մեծ ստվերը, անիրավչությունն ու անպատժելիությունը այսօր Հայաստանի բնութագրիչներն են: Եվ այս բնութագրիչները սպառում են, մաշում ու քայքայում մեր պայքարի, մեր զոհողությունների ու զոհերի գնով ձեռք բերած անկախ պետականությունն ու պետությունը: Հանցագործ են համարվում ոչ միայն նրանք, ովքեր իրենց ապաշնորհությամբ կամ նպատակաուղղվածությամբ իրագործում են այս ծրագիրը:

 Հանցագործություն կարող է դիտվել նաև սրանցից չազատվելը: Մենք պարտավոր ենք դա անել: Չանելը մեզ չի ներվի:

Հայոց Համազգային Շարժումն արդեն 14 տարի չի լքում պայքարի դաշտը, և իր գործընկեր կուսակցությունների հետ հետևողական է վերը նշած խնդիրը լուծելու համար:

Հարգելի պատվիրակներ և հյուրեր

ՀՀՇ-ն նորանկախ պետության ազատական մտքի առաջնեկն է ու առաջատարը: Ամենապրագմատիկն ու ամենամարտունակը, ամենափորձվածն ու ամենածրագրայինը:

Լինելով ընդգծված գաղափարական ուժ՝ երբևէ կուսակցության շահը չենք գերադասել պետական շահից: Հանրային անվտանգությունն ու շահը միշտ գերակայել են կուսակցականից, և հաճախ դրա համար ենք տուժել կամ մնացել ստվերում: Հաճախ մեր կուսակցական ընկերները լռությամբ տարել են զրկանքն ու բեռը: Բայց միևնույն է, մենք նվիրված ենք մեր ազատական գաղափարներին, լինելու ենք բաց քաղաքական ուժ, պատրաստ ենք բոլորի հետ ամեն ինչ քննարկել:

Մենք լինելու ենք հանդուրժող, և դա վերաբերելու է բոլորին, ովքեր ունեցել են սխալներ ու պատրաստ են վերադառնալ կամ ծառայել ՀՀ անկախության գործին;

Մենք լինելու ենք ինտեգրվող կառույց, մեր ապագան տեսնելու ենք եվրոպական կառույցներում: Ինտեգրումը մեզ համար զարգացման ու առաջընթացի միջոց է:

Մենք կառույցների երիտասարդությանը համարում ենք ազատականացման և գաղափարների տարածման միջոց և այլկերպ չենք կարող պատկերացնել ապագան:

Մենք մարդակենտրոն կուսակցություն ենք, և դա է լինելու մեր քաղաքականության հիմնական առանցքը: ՀՀ քաղաքացին է ՀՀ անկախության կրողն ու պահապանը, և մեր նպատակն է պահպանել նրա անունն ու արժանապատվությունը:

ՀՀՇ-ն հետխորհրդային շրջանի անկախություն վաստակած եզակի կուսակցություններից է և անքակտելի մաս է կազմում մեր ժողովրդի ժամանակակից պատմության: Մեր կուսակցությունը կգոյատևի այնքան ժամանակ, որքան ազատականությունը պետք կլինի ՀՀ զարգացման համար, և որքան հայ ժողովուրդը կուզենա պահպանել այն, և որքան մենք ազնիվ ու նվիրված կլինենք մեր գաղափարներին ու մեր երկրի Անկախությանը:

Համագումարին զեկուցում ենք՝ ՀՀՇ-ն իր ողջ թիմով, տարածքային կառույցներով պատրաստ է առաջիկա ներքաղաքական բոլոր զարգացումներին ու մարտահրավերներին»:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է ՀՀՇ համագումարը (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում 12-ամյա աղջնակը կարողացել է կանգնեցնել անկառավարելի ավտոբուսը’