‘Արամ Մանուկյան. Ճիշտ հարցադրման դեպքում Եվրոպայի և Ռուսաստանի միջև ընտրության, այսպես կոչված, խնդիրը նույնպես կարելի էր լուծել’

902

Հայաստանին հարկավոր էր շարունակել ԱՄՆ օգնությունը, Եվրոպայի ժողովրդավարությունը և Ռուսաստանի անվտանգությունը համատեղող քաղաքականություն իրականացնել: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայ ազգային կոնգրես կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Մանուկյանի խոսքով, այդպիսի քաղաքականություն հաջողությամբ իրականացվել է երկար տարիներ, երբ Հայաստանը,  ոչ ոքի ոչինչ չզիջելով՝ հաղթանակի է հասել Ղարաբաղում, ամերիկյան օգնություն ստացել Թուրքիայի տարածքով: Նրա խոսքով, նման բան հնարավոր էր, քանի որ այդ ժամանակ Հայաստանը բազմաթիվ բարեկամաբար տրամադրված պետություններ ուներ իր կողքին:

«Կարծում եմ, որ ճիշտ հարցադրման դեպքում Եվրոպայի և Ռուսաստանի միջև ընտրության, այսպես կոչված, խնդիրը նույնպես կարելի էր լուծել, քանի որ ռուս հասարակությունն էլ է դեպի Եվոպա ձգտում: Մինչդեռ Հայաստանում եվրոպական կամ եվրասիական ինտեգրման հարցը սուր է դրվել`որպես ընտրություն սևի ու սպիտակի միջև»,- ամփոփել է Մանուկյանը:

Նա նաեւ նշել է, որ ՀՕՊ միասնական համակարգի ստեղծումը, 102-րդ ռուսական ռազմակայանի ուժեղացումը, «Էրեբունի» օդանավակայանի վարձակալությունը պայմանավորված է անկանխատեսելի, անտրամաբանական քայլեր կատարող Հայաստանի իշխանությունների նկատմամբ Ռուսաստանի վստահության բացակայությամբ: «Այդ պատճառով Մոսկվան ուղղակի ստիպված է զսպաշապիկ հագցնել քաղաքականապես անմեղսունակ Երևանին: Կրեմլի նման քաղաքականությունն ինձ համար անընդունելի է, քանի որ դրա հետևանքով մենք հետևողականորեն գնում ենք ինքնիշխանության, ինքնուրույն արտաքին քաղաքականության կորստի ճանապարհով: Սակայն, մեր իշխանություններից բացի, նման իրավիճակի այլ մեղավորներ փնտրելն անիմաստ է: 102-րդ ռազմակայանը Հայաստանում երեկ չի հայտնվել, այլ 90-ականն թթ. սկզբին`Հայաստանի նախաձեռնությամբ և հանուն վերջինիս շահերի: Բայց այն ձեռնտու էր նաև ռուսներին, ինչը չես ասի շահերի ու օբյեկտների հանձնման` Ռոբերտ Քոչարյանի օրոք սկսված և մինչ օրս շարունակվող քաղաքականության մասին»,- հայտարարել է Մանուկյանը: Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Հայաստանը սեպտեմբերի 3-ից հետո ավելի շատ հույսեր կապել Մոսկվայի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում`Մանուկյանն ասել է, որ հարցին բավականին դժվար է պատասխանել`չտեղավորելով այն Ռուսաստանի շահերի շրջանակներում:

Նրա խոսքով, ստատուս-քվոյի 100-ամյա պահպանությունն, անշուշտ, ձեռնտու չէ ոչ Հայաստանին, ոչ ԼՂՀ-ին, ոչ ընդհանրապես որևէ մեկին: Սակայն, կանխատեսել, թե ինչպիսին կլինեն Մոսկվայի շահերը Ղարաբաղի ուղղությամբ առաջիկա տարիներին, Մանուկյանը հանձն չի առնում: Միաժամանակ Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի, քանի որ այն խոչընդոտում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զարգացմանը:

 

Նախորդ հոդվածը‘Եվրոպական ուիքենդ. «Սիթին» չեմպիոնության գլխավոր հավակնորդ’
Հաջորդ հոդվածը‘Վուրալ. Թուրքիայի իշխանությունները մտադիր են ճանաչել Հայոց ցեղասպանությունը’