‘Արամ Մանուկյան. Նոր կուսակցության ղեկավար պետք է լինի Տեր-Պետրոսյանը’

1366

Այսօր ՀՀՇ վարչության նիստ է լինելու, որից հետո հանդիպումներ են լինելու տարածքային կառույցներում, ինչից հետո նաև հանրապետական խորհրդի նիստ կլինի: Այս բոլոր հավաքներում քննարկվելու է՝ ինչպիսի՞ն է լինելու ՀՀՇ-ի դիրքորոշումը ՀԱԿ-ի հիման վրա նոր կուսակցություն ստեղծելու և դրա մեջ մտնելու ձևաչափի հարցերը: Այս մասին այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Նա հայտնեց, որ առաջարկը կքննարկվի բոլոր կառույցներում և դրա արդյունքում կընդունեն որոշում համագումար անելու վերաբերյալ: Միայն համագումարը կարող է որոշում կայացնել լուծարվելու, վերանվանվելու, այլ քաղաքական ուժի հետ դաշինք կազմելու և այլնի վերաբերյալ:

«Լևոն Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունը անակնկալ չէր: Իմ կարծիքով դա լավ լուծում է, ադեկվատ լուծում է ընտրություններից հետո շարժումը շարունակելու համար: Դա ավելի կուռ կդարձնի շարժումը, մասնակիցների պատասխանատվությունը կբարձրացնի: Եթե այս պրոցեսի արդյունքում կուսակցության մեջ մտնեն ՀԱԿ-ի ոչ կուսակցական ակտիվիստները, դա շատ լավ կլինի: Այս ֆորամտը լավագույնն է: Շատ կարևոր է Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունը շարունակել պայքարը և շարժումը»,- ասաց Արամ Մանուկյանը:

PanaArmenian.net-ի փոխանցմամբ՝ ՀՀՇ-ի լուծարման տարբերակը Արամ Մանուկյանը բացառում է. դա կնշանակի գիծ գծել անցյալի և ապագայի միջև: «Կա շատ ավելի կարևոր արժեք, դա միջազգային կառույցների անդամակցությունն է: Եթե ընտրենք լուծարման ճանապարհը, մենք շատ առավելություններից ենք զրկվում: Պետք է գնալ վերակազմավորման պրոցեսով: Պահպանել ՀՀՇ-ն, որպես հայկական քաղաքականության արժեք»,- նկատեց Արամ Մանուկյանը:

Շարժումը վերանվանելու վերաբերյալ որևէ կոնկրետ քննարկում չի եղել: «Պետք է ստեղծել բովանդակային առումով նոր կուսակցություն, որը կշարունակի շարժումը»,- ասաց Արամ Մանուկյանը:

Ինչ վերաբերում է նոր կուսակցության ղեկավարի հարցին, ապա Արամ Մանուկյանը վստահ է, որ դա պետք է լինի Տեր-Պետրոսյանը, այլ ղեկավարի այս փուլում նա չի տեսնում. «Ոչ թե նա միակն ու միակն է, այլ նա այսօրվա քաղաքական դաշտում ամենախարիզմատիկ քաղաքական գործիչն է»:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդինյո. Հարթը խաբեց ինձ’
Հաջորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանի վրա կրակողը ձերբակալված է. Նա այս պահին պետք է ներկայացնի հրազենը, որով կրակել էր (լրացաված)’