‘Արամ Մանուկյան. Ո՞վ է Սերժ Սարգսյանին իրավունք տվել գաղտնի բանակցություններ վարել երկու միավորների հետ’

1422

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանն այն մասին, որ անցյալ տարի կառավարության գաղտնի որոշմամբ՝ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որով բանակցություններ են ընթացել Մաքսային միությանը անդամակցելու ուղղությամբ, հայտարարեց, որ այսպիսով հաստատվեց խորհրդարանում իր այն հայտարարությունը, թե այս իշխանությունն ամբողջությամբ գաղտնի գործունեություն է ծավալել, իր որոշումները գաղտնի է պահել և՛ սեփական հասարակությունից, և՛ քաղաքական ուժերից, այդ թվում՝ նաև սեփական քաղաքական ուժից: «Ես ձեզ հավատացնում եմ, հարյուր տոկոսով տեր եմ իմ ասածներին, Հանրապետական կուսակցությունը այս գործընթացներից տեղյակ չէ մինչև հիմա»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:

Մանուկյանը տարակուսանք հայտնեց, թե Հայաստանը, լինելով փոքր երկիր՝ ինչպե՞ս կարող էր գաղտնի, սեպարատ, իրար հակասող բանակցություններ վարել  երկու լուրջ միավորների հետ: «Փաստորեն՝ չորս տարի Սերժ Սարգսյանը բանակցել է եվրոպացիների հետ, գումար է ծախսել, պատվիրակություններ են գնացել, և գաղտնի՝ նույն բանակցությունները վարել է նաև Ռուսաստանի հետ: Ո՞ր իրավունքով: Յուրաքանչյուր երկրի ղեկավար հնարավորություն ունի այդ խնդիրները իր թիմի, իր կուսակցության, իր խմբակցության, իր խորհրդարանի, իր կառավարության, իր հասարակության հետ քննարկելու: Ո՞վ է Սերժ Սարգսյանին իրավունք տվել գաղտնի, իրար հակասող բանակցություններ վարել երկու միավորների հետ: Հայաստանը այն երկիրը չէ, որ այսպիսի  դիվանագիտություն վարի և վերջում ասի՝ «լավ եմ արել»: Սա դիվանագիտական սկանդալ է, երբ Տիգրան Սարգսյանը, որն ասում էր, թե Մաքսայինը անկախության ու սուվերենության կորուստ է, այսօր հրամանագիր է ստորագրում գաղտնի բանակցություններ վարելու վերաբերյալ»,-նշեց Մանուկյանը:

Բանախոսն ընդգծեց, որ Հայաստանը միջազգային ասպարեզում կորցրել է լուրջ գործընկերոջ իմիջը: «Երկրի «քցող» ղեկավարից, «քցող» դիվանագետից ո՞վ լուրջ բան կակնկալի: Ղարաբաղում մեր հաջողության բանալին եղել է այն, որ մենք միշտ բաց քաղաքականություն ենք վարել Իրանի, Ռուսաստանի, Եվրոպայի, Միացյալ Նահանգների հետ: Սա ընդամենը խելոք դիվանագիտության արդյունք է, փոքր ազգերն իրավունք չունեն խելոք չլինելու, առավելևս՝ իրավունք չունեն խաբեբա լինելու, մեր երկրի ղեկավարությունը այսօր խաբեբայի քաղաքականություն է վարում, իր գեղջկական խորամանկությամբ փորձում է խաբել Ռուսաստանի, ԱՄՆ-ի նման հզոր երկրներին, ԵՄ-ի նման հզոր կառույցին: Չի՛ կարելի, խելոք երկիրը իր շահերը պետք է համադրի մեծ երկրների շահերի հետ: Ղարաբաղյան ազատամարտը մենք այս քաղաքականության շնորհիվ ենք շահել»,- ամփոփեց Արամ Մանուկյանը:

Նախորդ հոդվածը‘«Նոյ». Կյանքը՝ մոնիտորի առջև’
Հաջորդ հոդվածը‘Դաշնակահար Կունցը հանդես կգա Երեւանում ‘