‘Արամ Մանուկյան. Որքան շատ թալան, այնքան շատ փող, այս սկզբունքն է աշխատում’

1162

Այսօր Աժ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հանդիպելով խորհրդարանի դարպասների մոտ ցույց անող «Ընդդեմ  կենսաթոշակային 5%  պարտադիր վճարի» նախաձեռնության անդամների հետ, հայտնեց, որ խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը համաձայն են ցուցարարների պահանջների հետ, ու թեև շատ հարցերում այդ ուժերը տարբեր կարծիքներ ունեն,  այժմ այս հարցում միակարծիք են և միաձայն:

Արամ Մանուկյանը նաև տեղեկացրեց, որ խորհրդարանական այդ խմբակցությունները այսօր հավաքվել են և քննարկելու են  հաջորդ քայլերն ու անելիքները:

«Ինձ թվում է՝ առաջիկա մեկ ժամվա ընթացքում չորս խմբակցությունները ընդհանուր հայտարարի կգան հաջորդ քայլերը անելու վերաբերյալ»,-հայտարարեց Մանուկյանը:

Դիմելով ցուցարարներին՝ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ շատ բան է կախված վաղվա քվեարկության ժամանակ քաղաքացիների ակտիվությունից:

«Եթե դուք պահեք ձեր շարքերը, ավելացնեք ձեր շարքերը,- դուք դրա հնարավորությունը ունեք,- եթե դուք աշխատեք, և վաղը այստեղ լինի կրկնակի շատ, ապա մեր ուժը կրկնակի կլինի, մեր հնարավորությունը՝ ստիպելու Հանրապետական կուսակցությանը և իշխանությանը  քվեարկել այն հայտարարության համար, որ մենք ձեզ հետ միասին պատրաստել ենք, ուստի դիմում եմ ձեզ՝ եկեք պաշտպանենք մեր իրավունքները միասնական և ավելի շատ, որովհետև իշխանությունը ոչնչից չի վախենում, բացի մարդկային զանգվածներից, բացի իր դեմ կանգնած կամային մարդկանց քանակից: Այլ բանից նրանք չենք վախենալու, չեն ընկրկելու, որովհետև նրանք ունեն պարզ խնդիր՝ որքան հնարավոր է՝ փող հավաքել, փող կլպել, որ իրենց խնդիրնեը լուծեն: Որքան շատ թալան, այնքան շատ փող, այս սկզբունքն է աշխատում: Նրանց համար  ամենևին կարևոր չէ, թե ինչ կլինի մեկ ամիս հետո, մեկ տարի հետո, առավելևս՝ 20 տարի հետո»,-հայտարարեց Մանուկյանը:

ՀԱԿ ներկայացուցիչը նաև նշեց, որ հարցի քվեարկությունը լինելու է վաղը, ժամը 12-ին, և պետք չէ պատրանքների մեջ ընկնել և կարծել, թե հարցը լուծված է. այդ հարցի լուծման հավանականությունը մեծանալու է հասարակական ճնշմանը զուգահեռ:

Ըստ Արամ Մանուկյանի՝ այսօր քվեարկությունը տեղի չունեցավ, քանի որ հանրապետականը հույս ունի, որ վաղը խորհրդարանի քվեարկության ժամանակ խորհրդարանի մոտ ցուցարարները շատ չեն լինի, այդ իսկ պատճառով էլ կարող է քվեարկությունը տեղափոխվել մինչև վաղը:

«Միգուցե մտածեցին, որ վաղը դուք այստեղ չեք լինի, այսինքն՝ հիմա տեսնում են բոլորը, որ այստեղ այսքան մարդ հիմա հավաքված է, բացասական քվեարկության ժամանակ  իրենք գիտեն՝ ինչ արձագանք կլինի, միգուցե խուսափեցին՝ մտածելով, որ վաղը շատ մարդ չի լինի: Դրա համար էլ, որպեսզի այդ հույսերն ի դերևս լինեն, հարկավոր է, որ վաղն այստեղ լինի ավելի շատ մարդ, քան այսօր կա»,-նշեց Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանը ցուցարարներին նաև կոչ արեց դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ակտիվորեն մասնակցել նախատեսված երթին՝ պաշտպանելու իրենց իրավունքները:

 

Նախորդ հոդվածը‘Հրիստեա. ԵՄ-ն սպասելու է դեկտեմբերի 2-ի իրադարձությունների հետաքննությանը ‘
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը ԱԺ-ում’