‘Արամ Մանուկյան. Սերժ Սարգսյանը ցանկալին իրականության տեղ է ներկայացրել’

1643

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը

-Պարոն Մանուկյան, Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Քառյակի պահանջներին եւ հայտարարել, թե ինքը հորդորել է իր կուսակից ընկերներին, Կառավարությանը՝ ուշադրությամբ ուսումնասիրել, ու այն հարցերը, որոնք ներառված են իրենց ծրագրերում, արագ առաջ տանել: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանն ասել է, թե  «լեզվաշարադրական բացթողումներ» կան, եւ  անթույլատրելի է համարել Քառյակի կողմից պահանջների լեզվով խոսելը: Ինչպե՞ս եք մեկնաբանում սա:

— Սերժ Սարգսյանը մեկնաբանության արժանի որեւէ բան չի ասել, որ ես խոսեմ այդ մասին: Իրոք, անհասկանալի էր, թե ինքն ինչ էր ուզում ասել դրանով: Սերժ Սարգսյանը ո՛չ մերժել է մեր առաջարկները, ո՛չ ընդունել դրանք: Դատելով նրա խոսքերից՝ ինքը կամ չի կարդացել, կամ պարզապես չի հասկացել Քառյակի 12 կետերը, որտեղ իշխանությունների հետ համագործակցության մասին որեւէ խոսք չկա: Ուղղակի Սերժ Սարգսյանը ցանկալին իրականության տեղ է ներկայացրել: ՀԱԿ-ը միշտ ասել է, որ իշխանագողերի հետ մենք չենք տեսնում որեւէ համագործակցություն:

-Ասաց, որ «լեզվաշարադրական բացթողումներ ունեք», որ անընդունելի է «պահանջում ենք», «պարտադրում ենք» բառերը:

— Մենք կոնկրետ 12 կետ ենք հրապարակել, կոնկրետ ժամկետ ենք սահմանել, հիմա սպասում ենք իրենց պատասխանին: Սրանք միայն կառավարության առաջ դրված պահանջներ չեն, սրանք իշխանության, նրանց թիմի առաջ դրված պահանջներ են, եւ ժամկետը սահմանված է:

— Նրանց անորոշությունը ինչի՞ հետեւանք է:

— Անորոշությունը նրանից է, որ իրենք էլ չգիտեն իրենց անելիքները:

— Քառյակի 12 կետանոց պահանջները հրապարակելուց հետո ՀՀԿ-ականները ողջունեցին դրանք, նախօրեին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասել է, թե դրանք այն տեսքով, ինչպես ներկայացված են, անընդունելի են: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք: 

— Ես առաջարկում եմ իրենց՝ գնալ, կողմնորոշվել, որոշել՝ կողմ են, թե դեմ: Ցանկացած դիրքորոշում հարգելի է, եթե իրենց ընդունած որոշումն է: Մենք կարող ենք միայն արձագանքել կատարվածին: Այս պահին, երբ ՀՀԿ-ից եկող ազդակներն իրար հակասում են, մենք ոչինչ ասել չենք կարող: Մենք համբերատար կսպասենք իրենց պաշտոնական արձագանքին:

— ՀՀԿ-ականներն ասում են՝ կանեն այն պահանջները, որոնք համընկնում են իրենց ծրագրերին: Այդ դեպքում՝ կիսալուծումներն ընդունելի կհամարե՞ք, թե՞ ոչ, երբ ՀՀԿ-ն կատարի 12 պահանջների մի մասը, կամ կատարի դրանք՝ ինչպես ինքն է ուզում:

— Դա պետք է Քառյակը որոշի: 12 կետերի պահանջատերը Քառյակն է՝ միասնական կոնսենսուսով, եւ որեւէ մեկն իրավունք չունի Քառյակի անունից խոսելու: Քառյակի սկզբունքն է՝ կոնսենսուս մինչեւ վերջ:

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Վ. Հովհաննիսյան. Հայաստանում իրականությունն արդեն փոխվել է ու շարունակելու է փոխվել’
Հաջորդ հոդվածը‘Ռամոս. Պետք է կարողանալ նաև պարտությունը արժանապատվորեն տանել, և մենք միշտ կլինենք դել Բոսկեի հետ’