‘Արամ Սաթյանը՝ կոմպոզիտորների միության նոր նախագահն է’

1373

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի ընտրությունների արդյունքում, ձայների փոքր առավելությամբ հաղթանակ է տարել կոմպոզիտոր Արամ Սաթյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Սաթյանը ստացել է միության 43 անդամների քվե, իսկ միության նախագահի մյուս թեկնածուն, ՀԿԵՄ (Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության) երկարամյա նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը՝ 41 քվե: Ամիրխանյանը կոմպոզիտորների միությունը նախագահում էր 1991 թվականից:

Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության վերջին համագումարը տեղի է ունեցել 2009 թվականի մայիսի 23-ին, երբ նախագահ էր ընտրվել կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Նա միության նախագահն էր արդեն 22 տարի: Կոմպոզիտորները դեռեւս հոկտեմբերի 26-ին մեկնարկած համագումարի ընթացքում բուռն քննարկումներ են անցկացրել առկա խնդիրների ու լուծման տարբերակների վերաբերյալ:

Արամ Սաթյանը ծնվել է 1947թ. մայիսի 23-ին, Երևանում: Կոմպոզիտոր Արամ Սաթունցի որդին է: 1961թ. ավարտել է Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը և առաջին պրոֆեսիոնալ քայլերը արել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1970թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, որից հետո կատարելագործվել է Մոսկվայում: 1969թ. Մոսկվայի երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական ստուգատեսում «Սիմֆոնիկ վարիացիաներ» ստեղծագործության համար ստացել է առաջին մրցանակը: 1970թ-ից եղել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ: 1973-80թթ աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիո պետական կոմիտեում` որպես երաժշտական խմբագիր, 1980-86թթ` Երևանի Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում` որպես երաժշտության տեսության բաժնի վարիչ: 1981-84թթ սովորել է Երևանի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում և հրավիրվել դասավանդելու ստեղծագործական բաժնում: 1990-94թթ եղել է Երևանի Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, 1994-97թթ` Հայաստանի հեռուստառադիո պետական վարչության երաժշտական ծրագրերի և խմբերի տնօրենը ու գեղարվեստական ղեկավարը: Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր է: Արժանացել է բազմաթիվ մրցանակների տարբեր հանրապետական մրցույթներում` 1981թ.` ՀԽՍՀ կոմերիտմիության Պետական մրցանակ, 1976թ.` «Առաջին սիրո հեքիաթն իմ», 1985թ.` «Արդյոք հիշում ես», 1991թ.` «Հուսո աղոթք» երգերը` «Լավագույն երգ»: Գրել է «Լիլիթ», «Փոքրիկ Ցախեսը», «Մանեկեն» փոփ օպերաները, «Մենք դաշնամուր ենք նվագում» բալետը, 3 սիմֆոնիա, մի շարք կոնցերտներ, բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ավելի քան 300 երգեր և ռոմանսներ, երաժշտություններ կինոյի և թատրոնի համար: Թողարկել է բազմաթիվ ձայնապնակներ, ձայներիզներ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, ունի ֆոնդային ձայնագրություններ: 2007թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.` ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:

Կենսագրության սկզբնաղբյուրը:

Նախորդ հոդվածը‘Սահակաշվիլիի դարաշրջանն ավարտվեց. «Վրացական երազանքի» թեկնածուն հաղթանակ է տանում նախագահական ընտրություններում’
Հաջորդ հոդվածը‘Հայկ Մարության. Դու մի ասա մեզ չեն էլ վերցնում ՄՄ’