‘Արարատն ազդանշան տվեց հանրային առողջացման մասին ‘

1880

«Ոմանք գլուխներն են մտցրել կատարելապես կառավարելի քաղաքների ուտոպիան եւ ոչ մի կերպ չեն կարողանում ձերբազատվել այդ տխմարությունից»:

Միշել Ֆուկո

Քաղաքագետներն ու լժե-վերլուծաբանները կրկին ակտիվացել են: Կատարվել է ապուշի երազանքը: Ավելի ճիշտ՝ կանխատեսումը, ըստ որի՝ արարատյան ընտրություններում ընդդիմության թեկնածուն հաղթելու որեւէ իրական շանս չուներ. ՀՀԿ-ն քանի տոկոս ուզեր, էդքան էլ կխփեր…

Մի կողմ թողնելով հոգեվերլուծության ոլորտին առնչվող փաստը, որ ոմանք օրվա հաց են վաստակում «քաղաքական նեկրոֆիլիայի ու մեռելապաշտության» միջոցով, չմանրամասնելով նրանց կողմից հուսահատության, քաղաքական ֆատալիզմի կամ կանխորոշվածության միտումնավոր ընդլայնման, սոցիալականացման եւ լեգիտիմացման հանգամանքը, կենտրոնանանք հատկապես հետընտրական իրավիճակի «վրա»:

Իսկ հետընտրական Արարատը, մանր-մունր դետալները չհաշված, երկու չափազանց կարեւոր դրվագ է բոլորիս մատուցում: Առաջինն այն է, որ ինչքան էլ նույն այդ վելուծաբանները ջանացին իրականությունը նենգափոխել՝ հիշյալ ընտրությունները ներկայացնելով որպես «Առյուծի եւ Մկան՝ Բաղրամյան 26-ից կարգավորվող խաղ», ՀԱԿ-ին էլ հերթական անգամ՝ ԲՀԿ-ի «օգնական», արարատցիների մեծ մասը սրանց բոլորին, իրենց վերլուծությունների հետ միասին, գրողի ծոցն ուղարկեց:

Սա ուրախալի ազդանշան չէ՞ այն մասին, որ մեր հանրությունը գնալով առողջանում է: Բա էլ ինչո՞վ  բացատրել այն երեւույթը, որ չնայած կենաց-մահու ճակատամարտին, ընտրակեղծիքներին, լցոնումներին ու վարչական լծակների անխնա չարաշահմանը, իշխանության թեկնածուն ինչ-որ աննշան 300 ձայնով առաջ անցավ ԲՀԿ-ի թեկնածուից:

Հաղթանակը հաղթանակ, բայց Բաղրամյան 26-ում հո լա՞վ են գիտակցում, որ իրենց վաստակն իրականում պարտություն էր, եւ որ կոնկրետ Արարատում Սերժ Սարգսյանն այլեւս չունի այն 5000 հոգին, որոնց միջոցով նախկինում կարողանում էր իր ցնծությանն առավել արժանահավատ տեսք հաղորդել:

Հիմա: Հնարավո՞ր կլիներ այդ 300 ձայնն էլ կորզել իշխանական ճամբարից, եթե ընդդիմադրի պատմուճանի համար կռիվ տվող մնացած կուսակցություններն իրենք իրենց լուսանցք չմղեին եւ ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի կողքին հավասարապես կռիվ տային ոչ թե կոնկրետ ԲՀԿ-ի, այլ պարզապես դաշտը ՀՀԿ-ական «բեսպրեդելից» մաքրելու համար: Թերե՛ւս: Բայց քանի որ՝ նոր թե հին, պատմությունը եթեներ չի սիրում, նշանակում է՝ ունենք այն, ինչ ունենք, եւ եղածի՝ նրանց հետ այլեւս կապ չունեցող ամենակարեւոր պահն ահա ձեզ հետ միասին ամրագրեցինք:

 

Գալով իրականության երկրորդ կողմնորոշիչ դրվագին՝ հարկ է նշել, որ այստեղ ոչ այնքան իրավիճակային նկարագրի հետ գործ ունենք, որքան՝ պոտենցիալ զարգացման: Ոչ ոք, օրինակ, չի՛ կարող պնդել, թե բոլոր այն 5000 հոգին, ովքեր քվեարկել են ԲՀԿ-ի օգտին, իրենց քաղաքական հայացքներով համոզված ԲՀԿ-ական են: Ստացվում է՝ Արարատի այն առողջ միջուկը, որը ոչ մի կերպ չի կամենում նույնանալ իշխանության սոցիալ-հոգեբանական  նկարագրին ու իրեն պարտադրվող վակխանալիային, նույն այդ իշխանությանն ու քաղաքական ուժերին հստակ ուղերձ հղեց այն մասին, որ շատ ավելի լավ կազմակերպվելու պարագայում ինքն ընդունակ է այդ 300 ձա՛յնն էլ չվաճառել իշխանությանը: Կամ որ նույնն է՝ չենթարկվել իրեն պարտադրված ճամբարային կարգուկանոնին:

Սա էլ իր հերթին նշանակում է, որ հերթն այժմ քաղաքական կազմակերպություններին է: Այն ուժը, որը կկարողանա երկրում առկա հսկա հուսահատության պաշարը տրանսֆորմացնել՝ այն վերածելով քաղաքական սոցիալականացման ու քաղաքացիական ներգրավվածության, նրանն էլ կլինի այն հարթակը, որտեղ, նախ եւ առաջ, շարքից կհանվի տարոնա-նժդեհական լժեվարչակազմը: Հաղորդակցության ուղիներ է, ուրեմն, պետք որոնել ոչ միայն այդ 5000-ի, այլեւ մնացած 5-10-20,000-ների՛ հետ: Եւ երբ այդ հետադարձ կապը ստեղծվի, վստահաբար՝ ոմանք փախչելուց առաջ ճամպրուկները հավաքելու ժամանակ էլ չեն ունենա:

Ահա՛ թե ինչից են սարսափած ՀՀԿ-ում, եւ ի՛նչն է սարքովի ուրախության ետեւում կրծում թիմակիցներին շնորհավորողների ու նրանց քարոզիչների սրտերը…

Գոհար Սիմոնյան

 

Նախորդ հոդվածը‘Մովսիսյանը մինչեւ տարվա վերջ խաղադաշտ դուրս չի գա’
Հաջորդ հոդվածը‘Երևան է ժամանել ուրուգվայահայ նախարար ‘