‘Արարատում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 67.57%-ը’

1446

Այսօր Արարատի մարզի Արարատ քաղաքում անց էին կացվում քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Քաղաքապետի տեղի համար պայքարում էին «ՀՀԿ» թեկնածու Հայկ Հայկյանը և Սամվել Բարսեղյանը՝ ԲՀԿ–ից:

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ ժամը 20.00-ին ավարտվել է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների քվեարկությունը:

ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով փակվել են բոլոր տեղամասային կենտրոնները: Տեղամասային ընտրական հանձնաժողովները սկսել են իրականացնել քվեարկության արդյունքների ամփոփումը:

Ժամը 20.00-ի դրությամբ, տեղամասային կենտրոններից ստացված նախնական տվյալների համաձայն, Արարատ համայնքում քվեարկության մասնակիցների թիվը 8931 կամ 67.57% է:

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը tert.am-ի հետ զրույցում հրաժարվել է նախնական որևէ որակում տալ ընտրություններին: Միայն նշել է, որ տեղի են ունեցել խախտումներ, որոնք արձանագրվել են:

Ավելի վաղ Ոստիկանությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ընտրախախտումների մասին ահազանգերի վերաբերյալ։ Հայտարարության բովանդակությունը նրանում էր, որ ԲՀԿ–ի կոմղից արձանագրված ոչ մի խախտում իրականությանը չի համապատասխանում։

Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը Արարատից, ՀՀԿ–ն գործել է արդեն ավանդական դարձած ոճով` ցուցակների անճշտություններ, ընտրողների ցուցակագրում, տեղափոխում տեղամասեր, ընտրակաշառք, որոշ տեղերում նաև ահաբեկումներ։ Տեղեկություններ կան, որ հաշվարկի ժամանակ հնարավոր են ընտրատեղամասերի հոսանքազրկում։ Բազմաթիվ մարդիկ նկատել են, որ իրենց հասցեներում հաշվառված են անծանոթ մարդիկ։

Նախորդ հոդվածը‘Փաստաբանին չեն թույլատրում հանդիպել ԱՐՏլաբի տղաների հետ’
Հաջորդ հոդվածը‘ԱՐՏլաբի տղաներին բերման ենթարկելու պահից երեք ժամը լրացել է’