‘Արարատ Կոստանյան. Որոշ նկատառումներ սիրիական ճգնաժամի շուրջ’

2690

Ներածություն

Մուհամեդ Բուազիզիի ինքնահրկիզումից հետո Արաբական ապստամբությունը ծավալվեց Մերձավոր Արևելքով մեկ։ Ինքնասպանության այդ ակտը դիտվում է իբրև սոսկ տնտեսական հիմքով մի կայծ, որի բռնկած հրդեհը տարածվեց բազմաթիվ աշխարհիկ երկրներ, ուր կա հարուստների փոքրաթիվ խավ և աղքատների հսկայական բազմություն։

Ապստամբության ալիքը հասավ նաև Սիրիա՝ սկզբում ծավալվելով միայն փոքր բնակավայրերում։ Դա հանգեցրեց մի եզրակացության, իբր մյուս երկրների պես Սիրիայում ևս «արաբական գարունը» խարսխված էր տնտեսական դրդապատճառների վրա։ Թվում էր՝ շուրջօրյա խաղաղ ցույցերի միջոցով այստեղ ևս կարելի է տապալել ռեպրեսիվ և ավտորիտար վարչակարգն ու հասնել հեղափոխության։

Հայաստանի օրինակը բերելով՝ ես կփորձեմ շեշտել, որ ի տարբերություն մի շարք այլ արաբական պետությունների՝ Սիրիայում ժողովրդավարություն հաստատել հնարավոր չէր։ Սիրիան բարդ և բազմազան երկիր է։ Դրանում դժվար է նոր մեթոդներ ներդնելն ու իրականացնելը։ Երկիրն ունի գաղափարական և կրոնական մի շարք կնճռոտ հիմնահարցեր, ինչի արդյունքում քաղաքացիական խռովությունը շատ արագ կենտրոնացավ արմատական իսլամիստների ձեռքում, իսկ բողոքի ցույցերը չտարածվեցին ավելի մեծ քաղաքներ։ Արաբ մուսուլմանը դարերով դիտվել է կամ իբրև հետադեմ կրոնամոլ ինքնակալ, ով սեփական ժողովրդին առաջնորդում է բացառապես ջիհադով (բառացի՝ «պայքար», «դիմակայություն», ինչը համարվում է մուսուլմանի սրբազան պարտականությունը. սահմանումները տարբեր են, սակայն ըստ մասնագետների՝ դրանում գերիշխող է ռազմական մեկնաբանությունը), կամ իբրև աշխարհիկ բռնակալ ու ռեպրեսիվ ռեժիմ, որը սահմանափակ հնարավորություններ է ընձեռում սեփական երկրի բնակչությանը։ Երկու դեպքում էլ ժողովրդավարությունը նախընտրելի կամ դրականորեն կիրառվող կառավարման համակարգ չէ։

Այսպիսով՝ տվյալ հակամարտությունը մեծի մասամբ գաղափարական է։ Բաշար Ալ-Ասադի վարչակարգը բնույթով նացիոնալ-սոցիալիստական է, մինչդեռ իսլամիստների վերջնանպատակը զուտ շարիաթի օրենքի հաստատումն է և երկրը իսլամի նորմերով առաջնորդող ուժի ստեղծումը։ Ավելին, հակամարտությունը հաջողացրել է խորագույն ատելություն սերմանել սուննի և շիա մուսուլմանների միջև՝ հնարավորություն տալով նշյալ հոսանքներին նորանոր հակամարտություններ հրահրելու և կառավարման թելերը սեփական ձեռքերում կենտրոնացնելու համար։ Նշենք նաև, որ իրադարձությունների արդյունքում հակամարտություն ծավալվեց նաև Ալ-Կաիդայի անդամների և ԻԼԻՊ-ի միջև։ Սիրիան ներկայումս կառավարման խորագույն ճգնաժամի, անիշխանության և քաոսի մեջ է, ինչի գլխավոր պատասխանատուն սալաֆի-թաքֆիրի ուսմունքի հետևորդ կազմակերպություններն են։ Սալաֆիականությունը սուննի իսլամի գլխավոր ուղղություններից է։ Անվանումը ծագում է «սալաֆ» (նախնի) բառից և նշանակում է «նախնյաց ուսմունք»։ Սա մաքրակրոն իսլամի մի տեսակ է՝ Ղուրանի կոշտ և բառացի մեկնաբանությամբ, ինչը ենթադրում է վերադարձ հարձակողական ջիհադին, սրբազան պատերազմին, ֆիզիկական ինքնազոհողությանը և իսլամի նորմերով պարտադիր կենցաղավարությանը։ Թաքֆիրին այն մուսուլմանն է, որը մեղադրում է մեկ այլ մուսուլմանի (կամ աբրահամական այլ կրոնի հետևորդին) անհավատության և աղանդավորության մեջ, եթե վերջինս սալաֆի ուղղությանը չի պատկանում։

Ակնարկի առաջին մասում ընթերցողին ցույց կտրվի, որ սիրիական ճգնաժամը չուներ զուտ տնտեսական հիմք, կային նաև շատ ավելի կարևոր գործոններ։ Ավելին, ես կփորձեմ ցույց տալ գաղափարական գործոնի բարդ և խճճված կողմերը և ներկայիս դրության կապը անցյալի նմանատիպ մի իրավիճակի հետ, երբ իսլամիստները բողոքի ալիք էին բարձրացնում ամեն անգամ, երբ երկիրը տնտեսության մեջ հաջողություններ էր գրանցում։ Երկրորդ մասում կմեկնաբանեմ «սիրիական ապստամբության» հետ առնչվող գաղափարական և կրոնական կողմերը՝ ցույց տալով, թե ինչպես կարողացան արմատական իսլամիստներն իրենց ձեռքում կենտրոնացնել պայքարը՝ հասցնելով այն զինված հակամարտության ու քաղաքացիական պատերազմի։ Եվ վերջապես, հոդվածի վերջում կշոշափվի ժողովրդավարության խնդիրը և կնշվեն այն հիմնական պատճառները, թե Սիրիայում ինչու հնարավոր չէ ժողովրդավարութուն հաստատել և պաշտպանել այն քաղաքացիական արյունահեղ պատերազմից։

Հակամարտությունը տնտեսակա՞ն էր, թե՞ ուներ այլ հիմքեր։

Դեյվիդ Լեշը իր «Սիրիա. Ասադի իշխանատոհմի անկումը» (David W. Lesch. Syria: The Fall of the House of Assad) գրքում գրում է, որ գործազրկությունը Սիրիայում բավականին մեծ էր և իբր դա պատճառ դարձավ, որ սիրիացիները ողջունեն Թունիսում բռնկված և Սիրիա հասած «Արաբական գարնան» ալիքը։ Իրականում, ինչպես գրում է Թարիկ Ռամադանն իր «Իսլամը և արաբական զարթոնքը» գրքում (Tariq Ramadan. Islam and the Arab Awakening), ապստամբությունը սկզբում խիստ սակավաթիվ կողմնակիցներ էր հավաքել, և այն էլ՝ Սիրիայի գերազանցապես աղքատ շրջաններում։ Հիմնական գործոնն այստեղ գաղափարական էր, սակայն ոչ ոք չէր սպասում, որ արմատական իսլամիստները կկարողանան ուժը կենտրոնացնել սեփական ձեռքերում և կլռեցնեն ժողովրդավար իսլամիստներին։

Ավելին, մասնագետների լայն շրջանակի և անգամ սովորական մարդկանց մոտ գերակշռում է այն պատկերացումը, թե իբր նավթի և գազի գործոնը առաջնային դեր ուներ պատերազմի դրդապատճառների շարքում։ Նրանց կարծիքով՝ վարչակարգը տապալելու համար արմատական իսլամիստներին սկզբից անհրաժեշտ էր զենք և կայուն ֆինանսավորում, ինչի պատճառով էլ նրանք նախապես հարձակվեցին և գրավեցին նավթահորերը։ Մինչդեռ ըստ որոշ տնտեսագետների՝ «մարդկանց մեծ մասը որոշումներ կայացնելիս հիմնվում է առկա գործոնների և բնական ռեսուրսների վրա»։ Եթե փորձենք ընդլայնել մտածողության շրջանակը և դուրս գալ շրջանառվող ենթադրություններից դաշտից, կտեսնենք, որ տնտեսական այս գործընթացում գիտելիքն է, որ առանցքային գործոնի դեր ունի։ Այնպես որ, որևէ վկայություն գտնելն առ այն, թե իբր ԻԼԻՊ-ի մարտիկները կարողացել են տնտեսական օգուտներ քաղել նավթից, իրատեսական չէ։ Կարելի է ասել, որ արմատական իսլամիստների կողմից նավթահորերի գրավումը պրապագանդայից և հարցի վրա ուշադրություն կենտրոնացնելուց բացի նրանց ուրիշ ոչինչ չտվեց։ Հարցին սթափ մոտենալով՝ տեսնում ենք, որ Սիրիայի ներկայիս վիճակը շատ նման է 80-ականների իրադրությանը, երբ նախագահը Հաֆեզ Ալ-Ասադն էր, որի գլխավորությամբ երկիրն առաջին անգամ տնտեսական ծաղկում ապրեց և զարգացվեցին ենթակառուցվածքները։ Լավ թե վատ, փաստ է, որ Հաֆեզ Ալ-Ասադն արդիականացրեց Սիրիան՝ ուղղորդելով այն կայուն զարգացման հունով։ Իսկ Մուսուլման եղբայրությունը, հակառակը, հարձակում գործեց նախագահի և նրա ալավի հոսանքի վրա։ Ստացվում է՝ նրանց շարժառիթները տնտեսական հենքի վրա չէին կառուցված, նպատակը երկիրը գաղափարական պատերազմի մեջ ներքաշելն էր, ինչի համար էլ վերջիններս զինված հարձակումներ էին գործում հայտնի անձանց վրա, լինեին դրանք շիա, ալավի, թե անգամ՝ սուննի։ Նույնաբար՝ Բաշար Ալ-Ասադի Սիրիան ևս իրապես ծաղկում էր և կանգնած էր տնտեսության ազատականացման շեմին։ Ավելին, մասնավոր բանկերը, համալսարանները, զբոսաշրջային և տեղեկատվական կազմակերպությունները իսկապես ռեալ գործել են միայն Բաշար Ալ-Ասադի նախագահության շրջանում։ Տնտեսական լեզվով՝ պատկերը հետևյալն է. Սիրիայի տնտեսությունն աչքի էր ընկնում առողջ և ընդլայնվող արտադրական բազայով, արդյունավետ գյուղատնտեսությամբ, զարգացած զբոսաշրջային համակարգով և ցածր գնաճով։ Նավթային նոր հանքահորերի հայտնաբերման շնորհիվ շարունակ մեծանում էր նավթի արդյունահանումը. 2010 թ. դրությամբ տնտեսական վիճակը կայուն էր, իսկ ներկայումս երկիրը գրեթե ամբողջովին սննկացած կացության մեջ է։ Բաշար Ալ-Ասադի ժամանակ արմատական իսլամի վտանգն իրեն զգացնել տվեց և իրական հիմքեր ստեղծեց հետագա իսլամական արթնացումի համար։ Այլ կերպ ասած՝ արմատական իսլամիստների պահանջները չափազանց հստակ էին՝ նրանք ցանկանում էին կառավարման համակարգը հիմնել իսլամական օրենքի վրա, անկախ երկրում առկա տնտեսական վիճակից կամ դրա տեսանելի ապագայից։

Խնդիրն, այսպիսով, անհամեմատ ավելի խորն էր, քան զուտ տնտեսականը, իսկ երկիրն այնպիսի բարդ կացության մեջ էր, որ տնտեսական խնդիրները չէին, որ պիտի էական դեր կատարեին ապստամբության մեկնարկի գործում։ Ի տարբերություն արաբական այլ երկրների՝ Սիրիայում ապստամբության դրդապատճառները տնտեսական չէին, դրանք հիմնված էին զուտ գաղափարական տարաձայնությունների վրա, կամ այլ կերպ ասած՝ ընկած էին աշխարհիկ-իսլամական հակադիր բևեռների միջև։

Քաղաքացիական պատերազմը գաղափարակա՞ն էր, թե՞ պարզապես զինված խմբավորումները կռվում էին վարչակարգի դեմ

Սիրիայի ներկայիս իրավիճակը հասկանալու համար հայացքը պետք է ուղղել անցյալ և փորձել բացատրել երկրի քաղաքական դաշտի գլխավոր իրողությունները։ 70-ականներից ի վեր երկրում ձևավորվել է պան-արաբիզմի նոր ալիք (նացիոնալ-սոցիալիստական) և արևմտյան տիպի կառավարություն, իսկ երկիրը մինչ այժմ մնում է միակ պան-արաբիստական պետությունը, որը դարավոր թշնամի Իսրայելի հետ դեռևս չունի խաղաղության համաձայնագիր։ Ավելին, 80-ականներին, ինչպես և այժմ, Մուսուլման եղբայրությունը բողոքի ալիք էր կազմակերպել նոր ձևավորված կառավարության դեմ՝ պահանջելով վերջինիս հեռացումը, ինչը պատճառաբանում էր նրանով, որ Սիրիան մուսուլմանական երկիր է, ուստիև պիտի կառավարվի շարիաթի օրենքով։ Պատմությունը կրկնվեց։ Մեր ժամանակներում ևս Սիրիայի իշխող վարչակարգը կապեր էր ստեղծել Իրանի և Հիզբոլլահի՝ շիա ուղղվածության շարժման հետ, իսկ իսլամ ֆունդամենտալիստները ցանկանում էին օգտվել առիթից և պատերազմ հրահրել Սիրիայի դեմ ընդհանրապես (այլ ոչ միայն կրոնական հիմքով)։

Ներկայումս Սիրիայում Մուսուլման եղբայրության անհետացումն ասպարեզից մտածել է տալիս, որ այս հակամարտությունն էապես տարբերվում է 80-ականների Մուսուլման եղբայրների իսլամական ապստամբությունից։ Պատերազմի դաշտում միմյանց դեմ պայքարող ուժերն են Սիրիական բանակից պոկված Սիրիական ազատ բանակը և կառավարության ենթակայությամբ գործող բանակը։ Չնայած Մուսուլման եղբայրությունն անհետացել է ասպարեզից՝ տեղեկատվական դաշտը լի է Սիրիական ազատ բանակի՝ «Ալլահու աքբար» (Աստված մեծ է) բացականչող մարտիկների տեսագրություններով։ Իսլամիստների և Մուսուլման եղբայրության ներգրավվածությունը հերքող պնդումները համոզիչ չեն։ Մինչդեռ Եգիպտոսում նորընտիր նախագած Մուհամեդ Մորսին TIME պարբերական տված իր հարցազրույցում նշեց, որ «ժողովրդավարությունն ու հավասարությունը հնարավոր կլինեն նաև իսլամիստների իշխանության պարագայում, հանդուրժողականության շնորհիվ բոլոր խնդիրները կարելի է դնել սեղանին, և միակ խոչընդոտն այստեղ ժողովրդավարության բազմամյա ավանդույթի բացակայությունն է»։ Չնայած Եգիպտոսի նախագահը չափազանցրել է բազմաբնույթ գաղափարական և կրոնական կազմ ունեցող երկրում փափուկ իսլամի հաջողության հավանականությունը՝ Մուսուլման եղբայրությունը կարողացավ խիզախ քայլ կատարել դեպի առաջ և միացավ ընտրություններին։ Սիրիայի Մուսուլման եղբայրությունը, սակայն, մնաց հետին պլանում՝ անբարբառ և անգործ։ Ցավալիորեն՝ նրանց այդ պասիվ դիրքորոշումը թույլ տվեց, որ քաղաքական վակուումը լցվի Իրաքում և Լեվանտում բացահայտված արմատական սալաֆի-թաքֆիրի հոսանքի հետևորդ կազմակերպության կողմից։ Զարմանալիորեն, Ջոն Բրեդլին (John R. Bradley) կանխագուշակել էր, որ այդ վակուումը չի լցվելու ժողովրդավարության ջատագովներով ու առաջամարտիկներով։

Ինչի՞ց է, որ ԻԼԻՊը ոչ թե զուտ մարտնչող մի խմբավորում է, այլ կարծր գաղափարական ռեգիոնալ ուժ

ԻԼԻՊ-ն անհավատների դեմ ջիհադ սանձազերծեց։ Նրանց ղեկավար Ալ-Բաղդադին՝ իրաքյան Ալ-Կաիդայի անդամ, նոր բանաձև ներմուծեց տարածաշրջան և քաղաքական իսլամ. պայքարը ոչ թե Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ է իբրև այդպիսին, այլ տեղական և միջազգային մասշտաբի անհավատների, որոնք մերժում են վերադարձը իսլամի սալաֆիական՝ «մաքրակրոն» ուսմունքին։ Մյուս գործոններից է այն, որ Սիրիայի հասարակությունը 2003 թ. իրաքյան պատերազմից ի վեր հայացքը լրջորեն թեքեց դեպի արմատական իսլամ. կանայք սկսեցին հագնվել և գլուխը փակել սաուդյան վահաբիների պես (գերուղղափառ սուննիական հոսանք)։ Անկախ նրանից՝ հնարավոր կլիներ հասնել մաքրակրոնության թե ոչ, ԻԼԻՊ-ի նպատակը տարածաշրջանում անիշխանություն ու խառնակություն առաջացնելն էր։ Հետաքրքիր է, որ ԻԼԻՊ-ը պատերազմ սանձազերծեց ոչ միայն աշխարհիկ կառավարության կամ շիա-ալավի փոքրամասնության դեմ, այլև սուննիական Ալ-Նուսրա ճակատի՝ Ալ-Կաիդայի սիրիական ճյուղի դեմ։ Մյուս կողմից՝ շիայական Հիզբոլլահի մասնակցությունը մարտերին, հատկապես՝ Ալ-Կուսեյրի ճակատամարտին, հիմք տվեց մի մեկնաբանության, ըստ որի՝ պայքարն ընթանում է ոչ այնքան և ոչ միայն դիմակայող կողմերի միջև, այլ գերազանցապես սուննի և շիա հոսանքների։ Օրինակ, պաղեստինյան մեկ այլ դիմադրության օջախ Համաս կազմակերպությունը չսատարեց Սիրիայի իր դաշնակից վարչակարգին, այլ պաշտպանեց տարածաշրջանում սուննիականության գերակայությունը։ Ավելին, նրանք արմատական իսլամիստների հետ կողք-կողքի կռվեցին սիրիական վարչակարգի հարազատ ալավի (շիա հոսանքի ուղղություններից մեկը) հոսանքի դեմ։ Սիրիայի փորձն այսպիսով հուշում է, որ չկա պատերազմ առանց գաղափարական հենքի, հատկապես երբ սալաֆի-թաքֆիրիական մեկնաբանությունն առաջին անգամ իրեն բացահայտեց և զգացնել տվեց հենց սիրիական պատերազմում։ Ներկա իրավիճակը խոշորագույն նվեր էր Իսրայելին, որովհետև վերջինիս միակ թշնամին՝ Սիրիան, խորասուզվեց երկարատև քաոսի և անիշխանության մի շրջան, և տասնամյակներ կպահանջվեն, որպեսզի այն կրկին վերագտնի իր կորսված գերակայությանը պան-իսլամիզմի ոլորտում և դառնա Իսրայելի թիվ մեկ հակառակորդը։ Մյուս կողմից, սակայն, Իսրայելը հայտնվել է ավելի վտանգավոր դրության մեջ. մուսուլմանական շրջապատը դեռ մի կողմ, բայց Սիրիայում թաքֆիրի հոսանքի գերակայության դեպքում վերջինս պարզապես կարող է Աստծո անվամբ և զենքով մուտք գործել Իսրայել։ Հակամարտությունն ինքը թակեց Սիրիայի դուռը և կշարունակվի այնքան, որքան դրանում գերիշխող կմնա գաղափարական գործոնը։

Ինչո՞ւ չկա ժողովրդավարություն և ո՞ւմ մեղքով

Չնայած վարչակարգի իրականացրած քայլերը երկիրը չէին տանում ժողովրդավարացման ուղով, իսկ բարեփոխումներն էլ տեղի էին ունենում ուշացած, ուստիև՝ անարդյունք, արմատական իսլամիզմի որդեգրած դիմադրության միջոցները ևս բավականին հեռու էին ժողովրդավարությունից։ Ցավոք, Սիրիայի արմատական իսլամիստները չփորձեցին օգտվել «իսլամական ժողովրդավարության» այն մոդելից, որն այսպես կոչված «արաբական գարնան» ավարտին ապացուցել էր իր արդյունավետությունը Թուրքիայում և Եգիպտոսում։ Ժողովրդավար իսլամիստներն ակնառու կերպով ցուցադրել էին իրենց ունակությունները բաց ընտրությունների կազմակերպման, քվեարկություններին մասնակցելու և նույնիսկ իշխանություն չունենալու պարագայում արդյունավետ քարոզչություն իրականացնելու հարցում, և ամենակարևորը՝ կարողացել էին կառավարություն կազմել այլ գաղափարախոսության տեր քաղաքական ուժերի՝ անգամ ազատականների և ձախերի հետ, ինչպես Եգիպտոսում «Արաբական գարնան» ավարտին (Peter Mandaville. Global political Islam)։ Սիրիայի իսլամիստները, սակայն, փորձ անգամ չարեցին մասնակցելու նախագահական ընտրություններին, որոնցում հնարավոր է՝ ստանային համընդհանուր ճանաչում և գործուն աջակցություն քաղաքական բոլոր այն ուժերից, որոնք տարաբնույթ դիրքերից ընդդիմանում էին Ասադի վարչախմբին։ Հակառակ դրան՝ սկսեց շրջանառվել «ռեպրեսիվ ռեժիմին միայն ուժը կհաղթի» բանաձևը (Marc Lynch. The Arab Uprising)։ Նման նեղմիտ մոտեցումն արմատական իսլամիստներին դրեց վատթարագույն դրության մեջ։ Այդօրինակ մարտավարությամբ նրանք առավել ևս ուժեղացրին իշխող վարչակարգը, որն այժմ հարյուր հազարների մահվան մեղքը ըատ էության հաջողությամբ բարդում է Լեվանտի երկրներում տեռորիսական կազմակերպությունների ներգրավվածության վրա։ Այսպիսով՝ արմատական իսլամիստները կորցրին Սիրիայում խաղաղ համակեցություն ստեղծելու իրենց տրված շանսը և դեմ առան մի պատերազմի, որն ատելություն է տածում ամեն ինչի նկատմամբ։ Շատ ավելի լավ կլիներ, օրինակ, եթե սիրիական իսլամիստներն իրադարձություններին արձագանքեին այնպես, ինչպես հայաստանյան ընդդիմությունը՝ խաղաղ և անվրդով։ Իսկ Հայաստանի օրինակին հետևել կարելի՛ էր, առավել ևս երբ այն մոտ էր աշխարհագրորեն, իսկ իրադարձություններն էլ գրեթե զուգահեռաբար էին ծավալվում։ Հայաստանը 2008-ի ընտրություններից ի վեր ունի կայացած և լուրջ ընդդիմություն, որը բացառապես խաղաղ միջոցներով կարողացել էր Ազատության հրապարակում հավաքել մոտ կես միլիոն մարդ։ Վարչախումբը, այնուամենայնիվ, ուժ կիրառեց և բանակը հարձակման հանեց խաղաղ ցուցարարների դեմ՝ խլելով 10 մարդու կյանք։ Ընդդիմությունը, սակայն, մինչ օրս դեռ զինված չէ։

Այսպիսով՝ Սիրիայում ժողովրդավարություն հաստատելու հնարավորությունը կարելի է համարել կորսված ոչ թե վարչախմբի դաժանության կամ բարեփոխումների իրականացումը հապաղելու պատճառով, այլ ընդդիմության կուրության, ինչով վերջինս իրեն դուրս դրեց քաղաքական դաշտից՝ ջիհադի կոչերով ու մարդասպանությամբ երկիրն ու տարածաշրջանը նետելով քաոսի հորձանուտը։

Ամփոփում

Սույն ակնարկով փորձեցինք ցույց տալ այսպես կոչված «Արաբական գարնան» ազդեցությունը Մերձավոր Արևելքի կարևորագույն երկրներից մեկի՝ Սիրիայի վրա, որը տնտեսական բարդությունների հետ միասին ստիպված եղավ դիմադրություն ցույց տալ արմատական իսլամիզմին։ Սիրիական վարչակարգը մի շարք սխալներ գործեց, քանի որ ի մասնավորի՝ պատրաստ չէր լիարժեք գործողությունների։ Մյուս կողմից՝ Սիրիայում ի հայտ եկավ ջիհադական ուղղվածության մի նոր՝ թաքֆիրի կազմակերպություն (էությամբ՝ հավատաքննող), որի սալաֆիական մեթոդները լրջագույն սպառնալիք են ողջ երկրի համար՝ սկսած նացիոնալ-սոցիալիստներից, ավարտած հավատացյալ բնակչությամբ։ Կարևոր է փաստել, որ երկիրն այժմ մատնված է քաոսի և անիշխանության, իսկ հակամարտությունը հնարավոր է՝ ավարտվի միայն երբ սալաֆի-թաքֆիրիական կազմակերպությունն ինքը վերանա, իսկ ավտորիտար վարչակարգն այդ նույն ժամանակ ժողովրդավարացման ուղղությամբ քայլեր ձեռնարկի։ Ըստ իս՝ միակ դեղատոմսը հասարակության բոլոր հոսանքներից բաղկացած կառավարության ձևավորումն է, իսկ միջոցը՝ քաղաքական կուսակցությունների համընդհանուր մասնակցությունը ընտրություններին։ Կարելի է ասել, որ Սիրիայում փորձարկման դրվեց Սեմյուել Հանթինգթընի քաղաքակրթությունների բախման և իսլամական միության ստեղծման թեզը։ Ավարտելով՝ նշենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ելքը դեռևս անորոշ է, իսկ քաղաքական ներկապնակում մինչ օրս բացակայում է ժողովրդավարությունը։

Նախորդ հոդվածը‘Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘«Նմանակման խաղ» ֆիլմը կբացի բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը’