‘Արա Նեդոլյան. Իշխանությունը մենակ է՝ ոստիկանության կողմից պաշտպանված վայրերում (Տեսանյութ)’

1430

Իշխանությունն արդեն դուրս  է մղվել հասարակությունից եւ գտնվում է այսօր մենակ՝ ոստիկանության կողմից պաշտպանված վայրերում: iLur.am-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս Արա Նեդոլյանը՝ մեկնաբանելով իշխանությունների նախնական որոշումը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր երդմնակալության արարողությունը կազմակերպել Ազգային ժողովի պուրակում կամ Մարզա-համերգային համալիրում:

Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրության, Նախագահը պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ: 1991-ից ի վեր ԱԺ հատուկ նիստերը տեղի են ունեցել Օպերայի դահլիճում:

Ըստ Արա Նեդոլյանի, իշխանություններն այս օրինաչափությունը խախտել եւ իրենց մղել են «ճաղերի հետեւը», քանի որ գտնվում են նահանջի, պաշտպանության, անորոշության վիճակում:

«Դա ամբողջ հասարակության ամենօրյա պայքարի հետեւանք է, որին հաջողվեց իշխանությանը դնել հասարակությունից դուրս՝ իզոլացնել, եւ այն արդեն ինքն իրեն ընկալում է իբրեւ ոչ օրինական երեւույթ, որը թաքնվելու եւ ամաչելու կարիք ունի», — նշեց հրապարակախոսը:

Նրա խոսքով, հասարակությունն այսօր արդեն օրակարգ է թելադրում, գոնե՝ Ազատության հրապարակում եւ փողոցում:

«Նախ՝ Հայաստանում ձեւավորվեց հասարակություն: Հայաստանում, մինչեւ 2007 թիվ հասարակությունը 10 տարի բացակայում էր որպես ինչ-որ կապակցված երեւույթ, որը կարող է ունենալ  ընդհանուր պատկերացումներ: Հիմա այդ հասարակությունը ձեւավորվեց եւ թելադրում է իր օրակարգը, գոնե՝ հրապարակում եւ փողոցում: Նաեւ սկսել է թելադրել այդ օրակարգը կրթական հաստատություններում, նաեւ պետական (պետական եւ ոչ թե իշխանական) հիմնարկներում, եւ ինձ թվում է, որ դա անկասելի պրոցես է, որն անպայման կբերի նրան, որ ի վերջո հասարակությունը կհասնի պետական իշխանության: Դա մի օրում չի արվելու, բայց, կարծում եմ, դրան կհասնենք», — եզրափակեց Արա Նեդոլյանը:  

Նախորդ հոդվածը‘iLur.am-ի կայքը հարձակման է ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Կզաքիսը մտել է խաղադաշտ եւ կծել ֆուտբոլիստին. Տեսանյութ’