‘Արա Նեդոլյան. Սերժ Սարգսյանն իր կերպարով ներկայացնում է պարոդիկ երևույթ’

1553

Սերժ Սարգսյանն իր կերպարով ներկայացնում է պարոդիկ երևույթ, պարոդիկ կուլտուրայի ներկայացուցիչ: iLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արվեստի տեսաբան, հրապարակախոս Արա Նեդոլյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը, ի պատասխան դերասան Սամսոն Ստեփանյանի հարցի, նշել էր, որ համամիտ չէ այն կարծիքին, թե սերիալները որակյալ չեն։ «Ուզում եք հե՞տ գնալ, ավելի լավ է բրազիլական, մեքսիկական սերիալ նայե՞նք, թե ի՞նչ»,– հարցրել էր Սարգսյանը։  Նա նաև ասել էր, թե վատ չէ, որ տեղից վեր կացողը կինո է նկարում, քանի որ «մարդիկ պետք է փորձ ձեռք բերեն»։

«Եթե Սերժ Սարգսյանին դիտենք որպես կուլտուրական երևույթ, որպես, օրինակ, գեղարվեստական պատկեր, ապա դա պարոդիա է, դա կոմեդիա է, եթե նայենք իր ստեղծած կառավարման համակարգը, ապա դա պետության պարոդիա է: Բնականաբար, նաև արվեստում նա գերադասելու է իրենց ամբողջ քրեաօլիգարխիկ համակարգը, որպես արվեստ՝ գերադասելի են պարոդիկ երևույթները: Գերադասելի են ցանկացած ոչ լիարժեք, իմիտացիոն երևույթներ, որոնք, փաստորեն, բացառում են արվեստը, ինչպես Սերժ Սարգսյանի կառավարման համակարգը բացառում է պետությունը»,- ասաց Նեդոլյանը:

Նրա համոզմամբ՝ նույն կերպ Սերժ Սարգսյանի ուսումնական համակարգը բացառում է ու բացառելու է կրթությունը, քանի որ դպրոցների տնօրենները, համարյա բոլորը, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ են: Սերժ Սարգսյանի մշակութային, տնտեսական, պետական, գիտական բոլոր պատկերացումները, Նեդոլյանի խոսքով, հակապատկերն են այն Հայաստանի, որը պետք է լիներ: 

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ. «Սելտիկ» — «Յուվենտուս» և «Վալենսիա» — ՊՍԺ’
Հաջորդ հոդվածը‘Անցած տարվա 10 ամիսների ընթացքում ՔԿՀ-ներում՝ ինքնավնասման 86 դեպք ‘