‘«Արգելված գրքի շաբաթ»՝ սեպտեմբերի 23-29-ը’

2215

Դարեր ի վեր գրքերն արգելվել են: Դարեր ի վեր պայքարել են այդ արգելքի դեմ:

Այժմ դրա դեմ պայքարում է ամենամյա միջազգային «Արգելված գրքի շաբաթ» ակցիան, որ անցկացվում է սեպտեմբերի 23-29-ը:

«Անտեսանելի զենքի»՝ գրքի, խոսքի, բառի ուժն ու հզորությունը գիտակցել են ոչ միայն գրողները, փիլիսոփաներն ու մեծ մտածողները, այլև իշխանավորները, այդ պատճառով էլ խոսքի, գրքի արգելքը նույնքան հին է, որքան գրականությունն ինքը: Պատմությունը լի է  գրքերի անվերջանալի արգելքներով՝ միջնադարյան ինկվիզիցիաներից մինչև նացիստների սարքած խարույկները: Տարբեր ժամանակներում ու տարբեր երկրներում արգելված գրքերի թվում կան ոչ միայն բացահայտ քաղաքական պամֆլետներ, ինչպիսիք են « Կոմունիստական մանիֆեստը» կամ «Մայն կամպֆը» (Հիտլերի «Իմ պայքարը»), ոչ միայն պոռնկագրությանը հարող (գրաքննիչների կարծիքով) Բոկաչչոյի «Դեկամերոնը» և Նաբոկովի «Լոլիտան», այլև այժմ միանգամայն անմեղ համարվող գրքեր, հաճախ՝ միանգամայն ծիծաղելի ու անհեթեթ պատճառաբանություններով: Օրինակ՝

1931 թ. Լյուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» գիրքն արգելվել է Չինաստանում՝ « կենդանիների մարդակերպ նկարագրության» համար, քանի որ գրաքննիչների կարծիքով՝ կենդանիների՝ մարդկային լեզվով խոսելը վիրավորական է մարդու համար:

1982 թ. ավստրալացի գրող Թոմաս Քենիլլիի «Շինդլերի տապանը», որ տասնամյակ անց հիմք դարձավ Սթիվեն Սփիլբերգի հանրահռչակ «Շինդլերի ցուցակը» ֆիլմի համար, արգելված էր Լիբանանում՝ «հրեաներին դրական լույսի ներքո պատկերելու համար»:

Նույնիսկ Աստվածաշունչն է արգելքի առարկա եղել, ավելի հաճախ՝ անհաճո եկեղեցիների կողմից և այդ եկեղեցիների հետ համերաշխ իշխանությունների լեզուներով դրա թարգմանությունները: Իսպանիայում իսպաներեն  Բիբլիան  արգելված է եղել 14-րդ դարում դրա ի հայտ գալուց մինչև 19-րդ դարը: Սաուդյան Արաբիայում կանոնական Աստվածաշունչն է նույնիսկ մինչ օրս արգելքի տակ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Ականատես» դիտորդական առաքելության նախնական գնահատականը Երևանի ավագանու ընտրությունների մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր’