‘Արգելվել է «Ֆոնտեռա» ընկերության արտադրած կաթնամթերքի վաճառքը ‘

1291

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արգելել է «Ֆոնտեռա» («Fonterra») ընկերության արտադրած կաթնամթերքի վաճառքը։ Ծառայությունից հայտնում են, որ Ծառայության պետի կողմից օգոստոսի 05-ին տրվել է գրավոր հանձնարարական Ծառայության աշխատակազմի սահմանային հսկիչ կետերին, անկախ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշների հիման վրա գնահատման արդյունքից և ուղեկցող փաստաթղթերի առկայությունից, արգելել «Ֆոնտեռա» («Fonterra») ընկերության կողմից արտադրված կաթնամթերքի տնօրինումը և կատարել նմուշառում՝ լաբորատոր փորձարկումներով տվյալ բեռի անվտանգությունը որոշելու համար:

«Ներկրվող բեռն ուղեկցող փաստաթղթերի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության դեպքում սովորաբար բեռը չի ենթարկվում լաբորատոր փորձաքննության` համաձայն ՀՀ օրենսդրության: Սակայն հիմք ընդունելով 2013թ.-ի օգոստոսի 3-ից 5-ը լրատվամիջոցներում առկա հրապարակումներն այն մասին, որ նորզելանդական «Ֆոնտեռա» («Fonterra») ընկերության կողմից արտադրված կաթնամթերքում բոտուլիզմ առաջացնող Clostridium botulinum մանրէ կարող է հայտնաբերվել, դրա տնօրինումը արգելվում է»,-նշված է հանձնարարականում։ 

Նշենք, որ նորզելանդական «Ֆոնտեռա» («Fonterra») ընկերության արտադրանքի թվում է նաև Anchor կարագը:

Նախորդ հոդվածը‘Հայ ծրագրավորողը պատրաստել է նոր խաղ՝ «Շախմատ Լեւոն Արոնյանի հետ»’
Հաջորդ հոդվածը‘Երուսաղեմի հայոց պատրիարքի նամակը. Համոզվել եմ, որ Վեհափառին ավելի հետաքրքրում են արտաքինն ու նյութականը’