‘Արգենտինացիները շարունակում են իրենց վերելքը’

1586

Ընդամենը մեկ տարուց մի փոքր ավել է անցել վերջին Ռիո դե լա Պլատայի «Կլասիկո»-ից: Այդ ժամանակ արգենտինացիները, չնայած շոշափելի առավելությանը, այդպես էլ չկարողացան երկրորդ անգամ գրավել ուրուգվայցիների դարպասապահ Մուսլերայի դարպասը. պարտվեցին  հետխաղյա 11 մետրանոցներով և դուրս մնացին իրենց հայրենիքում անցկացվող «Կոպա Ամերկա»-ից:

Բատիստայի հրաժարականի և Սաբելյայի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելուց հետո, Արգենտինայի հավաքականում, այս մեկ տարվա ընթացքում շատ բան է փոխվել և ինչը ամենակարևորն է` փոխվել է Մեսսիի տրամադրությունը, խաղն ու արդյունավետությունը ազգային հավաքականի կազմում, որին դեռ կանդրադառնանք:

Այս Արգենտինա – Ուրուգվայ դիմակայությամբ պետք է ավարտվեր Հարավամերկյան գոտու ԱԱ 2014-ի որակավորման առաջին շրջափուլը: Խաղից առաջ արգենտինացիները` Պեկերմանի գլխավորած Կոլումբիայի հերթական հաղթանակից հետո, խնդիր ունեին վերադարձնել առաջին հորիզոնականը, իսկ ուրուգվայցիները պետք է չպարտվեին և վտանգի չենթարկեին իրենց որակավորման խնդիրը: Հանդիպումը սկսեց գրեթե հավասար պայքարով, բայց առաջին խաղակեսի երկրորդ կեսից սկսած զգացվում էր ուրուգվայցիների գլխավոր հենակետային Դիեգո Պերեսի նման կտրուկ և կոշտ խաղացողի բացակայությունը, ով հանդիպումը բաց էր թողնում վնասվածքի պատճառով: Տանտերերը` ի դեմս Լեո Մեսսիի և Դի Մարիայի եզրերում ակտիվացան եւ սկսեցին ավելի հաճախ ազատ տարածություններ ստանալ առջևում: Իսկ ուրուգվայցիների առջևի եռյակը` կազմված Ֆորլանից, Սուրոսից և Կավանիից, այդպես էլ ոչնչով աչքի չէր ընկնում: Երկրորդ խաղակեսում Դիեգո Լուգանոյի և արգենտինացիների դարպասապահի բախումից սկսած տեղի ունեցած վիճաբանությունից հետո, լարվածությունը էլ ավելի մեծացավ, և սկսում էր թվալ, որ ուրուգվայցիներին հաջողվում է հունից հանել Սաբելյայի թիմին և նրանք կարող են տուն տանել ցանկալի մեկ միավորը, բայց դրա հետ համաձայն չէր Լեո Մեսսին: Նախ 66 րդ րոպեյին Լեոն սկսեց և եզրափակեց առաջին գոլը, հետո Դի Մարիայի օգնությամբ գոլ ստեղծեց Ագուերոյի համար, իսկ 80-րդ րոպեյին տուգանայինից գեղեցիկ և տարբերվող հարվածով հաշիվը դարձրեց 3-0 և բոլորին ևս մեկ անգամ ապացուցեց, որ նա դեռ ունակ է աճել տարբեր խաղային ասպեկտներում: Խաղից հետո Լեոն խոստովանեց, որ հարվածն իրացնելուց, ոգեշնչվել է Ռոնալդինյոյի և Պիրլոյի վերջին շրջանում իրացրած տուգանայիններից, ովքեր գոլի հեղինակ էին դարձել նմանատիկ կերպով` գնդակն ուղարկելով դարպասը պատի տակով: Այս հաղթանակը ավելի մոտեցրեց «Ալբիսելստա»-ին ԱԱ 2014-ին, Մեսսիին էլ իր հերթական` արդեն 4-րդ անընդմեջ «Ոսկե գնդակ»-ին: Իսկ Տաբարեսի հավաքականը շարունակում է մնալ 2010-ի հրաշալի թիմի ուրվականը, և էլ ավելի բարդացրեց իր ԱԱ որակավորվելու հնարավուրությունները, չնայած նրան որ առջևում դեռ 9 հանդիպում կա:

Մեսսին և Սաբելյայի այլ խնդիրները

Ստանձնելով հավաքականի ղեկը, Սաբելլան նախ չենթարկվեց արգենտինացիների ճնշող մեծամասնության այն պահանջին որ Լեոյին պետք է զրկել ավագի թևկապից, այն պատճառով որ նա դաշտում աչքի չի ընկնում առաջատարի հատկանիշներով: Անցյալ տարվա նոյեմբերին Կոլումբիայի դեմ արտագնա խաղից սկսած Մեսսին սկսեց իր գոլերի շարքը ազգային հավաքականի կազմում, որի ընթացքում իր հաշվին գրանցեց նաև 2 հեթ-տրիկ, շվեցարացիների և բրազիլացիների դարպասը: Ընդհանուր առմամբ, Սաբելլան Լեոյին ավելի ազատ գործելու հնարավորություն է տալիս դաշտում, քան Մարադոնան և Բատիստան, ովքեր Լեոյին փորձում էին օգտագործել «էնգանչե»-ի դիրքում, և թիմակիցները շատ մեծ կախվածություն էին ունենում Լեոյի որոշումներից: Սաբելյան տարբերվում է Բատիստայից և Մարադոնայից, նաև նրանով որ չի փորձում Մեսսիին նմանեցնել Բարսայի Մեսսիին և նրա խաղում պարզ զգացվում է այն անհրաժեշտ թեթևությունը, որի կարիքը նա ունի: Այս տարի զգացվում է, որ Մեսսին հավաքականում դադարել է իրեն պարտավորված զգալ միշտ արդյունք ապահովելուց, և դրանից շահում է թե Մեսսիի, թե` հենց հավաքականը:

Իհարկե, լուծելով Մեսսիի խնդիրը, ամբողջ թիմի խնդիրները հնարավոր չի լուծել: Նախ միևնույն է, շատերը դեռ ցանկանում են թիմում տեսնել վառ արտահայտված «էնգանչե»-ի , և առաջարկում են Պաստորեի և կարիերան ավարտելու որոշման շեմին կանգնած Ռիկելմեի թեկնածությունը: Արգենտինական մամուլը իր հերթին շարունակում է մարչին քննադատել նրանում, որ շատ շուտ է հենվում իր «Էստուդիանտես»-ի երկու երիտասարդ պաշտպաններ` Ֆեդերիկո Ֆերնանդեսի և Մարկոս Ռոխոյի վրա, երկրորդին օգտագործելով իր համար ոչ սովորական ձախ եզրային պաշտպանի դիրքում: Բացի դրանից հենակետային գոտում ևս խնդիրներ կան. Մասկերանոն իր ակումբում խաղում է միայն կենտրոնական պաշտպանի դիրքում, իսկ Գագոն ժամանակ առ ժամանակ թվում է ոչ բավարար խելացի և արագ, կառուցող հենակետայինի համար: Ամեն դեպքում, արգենտինացիների խաղում զգացվում է բացահայտ առաջընթաց, և շուտ լուծելով որակավորման հարցը, մարզիչը կարող է կենտրոնանալ մի շարք այլ խնդրիրների վրա, որոնք հաջողությամբ լուծելուց հետո, շատ հնարավոր է, որ հենց արգենտինացիները ունակ կլինեն կանգնեցնել իսպանացիների հեգեմոնիան համաշխարհային ֆուտբոլում:

Նախորդ հոդվածը‘Թռիչք 39 կմ բարձրությունից (լուսանկարներ, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սիվիլիթաս. ԱԱԾ-ին շեղել են իր բուն առաքելությունից ‘