‘Արգենտինա-Բոսնիա և Հերցեգովինա. Պայքար հզոր արգենտինացիների դեմ’

948

F խումբ, հունիսի 16, ժամը՝ 02:00, «Մարականա», Ռիո դը Ժանեյրո

Գլխավոր մրցավար՝ Խոել Ագիլար

 

Բոսնիա և Հերցեգովինայի դեբյուտն Աշխարհի առաջնություն սկսվում է հզոր  արգենտինացիների հետ պայքարով: «Ալբիսելեստա»-ն այս մրցաշարի հաղթողի հավակնորդներից է, որին առաջնորդում է աշխարհի լավագույն խաղացող Լեոնել Մեսսին: Երկար ու ձիգ  17  տարի Բոսնիա և Հերցեգովինայի երկրպագուները  սպասել են, որ իրենց  հավաքականը հայտնվի Մունդիալում: 1996 թվականին այս պետության հավաքականը  մասնակցեց Ֆրանսիայի մրցաշարի նախընտրական փուլին, սակայն հաջողություն չունեցավ՝ խմբում զբաղեցնելով նախավերջին տեղը: Անցան տարիներ, բայց այդպես էլ այս հավաքականը ոչ մի առաջընթաց չգրանցեց:

2000 թվականների կեսերին սառույցը շարժվեց. Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կազմը երիտասարդացավ:  Այս ընտրանու կազմում իրենց առաջին խաղերն անցկացրին Սեյադ Սալիխովիչը, Էդին Ջեկոն, Սենիյադ Իբրիչիչը և ուրիշներ: 2009 թ. գրանցվեց առաջին հաջողությունը. բոսնիացիները պայքարեցին Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնության ուղեգիր ձեռք բերելու համար, սակայն նրանց ճանապարհը այս անգամ փակեցին պորտուգալացիները: Այս նույն պատմությունը կրկնվեց նաև երկու տարի հետո, Եվրոպայի առաջնության ուղեգրի համար պայքարում: Վերջապես, նրանք Բրազիլիայի աշխարհի  առաջնությանը մասնակցելու հնարավորություն ստացան:Այս երկրի ընտրանու կազմում կան տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնցից առանձանում են Միրալեմ Պյանիչը, Էդին Ջեկոն:

Արգենտինացիների ոսկե ավարտի մասին շատերն են խոսում, այդ թվում նույնիսկ մեքսիկական գուշակները և անգամ Պելեն: Արգենտինայի հավաքականը շատ ուժեղ է և պետք է առանց որևէ խնդրի անցնի փլեյ-оֆֆ փուլ՝ ապահովելով խմբում առաջին տեղը: «Ալբիսելեստաները» փառահեղ հարձակվողական ֆուտբոլիստներ ունեն՝ ի դեմս Անխել Դի Մարիայի, Էսեքիել Լավեսիի, Գոնսալո Իգուաինի, Սերխիո Ագուերոյի և, իհարկե, Լեոնել Մեսսիի: Լեոնելի մասին շատ են խոսում: Բոլորը սպասում են և հավատում, որ նա հավաքականն իր հետևից կտանի այնպես, ինչպես Մարադոնան 1986 թվականին: Եթե արգենտինացիների հարձակմավ գծում ամեն ինչ կարգին է, ապա պաշտպանությունում ճիշտ հակառակն է: Խնդիրներ կան նաև դարպասում.  «առաջին համարը» հավաքականում, հավանաբար, կլինի Սերխիո Ռոմերոն, ով անցնող խաղաշրջանն անցկացրել է«Մոնակո»-ի պահեստայինների նստարանին: Իրենք՝ բոսնիացիներն էլ խնդիրներ ունեն պաշտպանությունում. հիմնական կենտրոնական պաշտպան Էրմին Բիչկավիչը իր լավագույն մարզավիճակում չէ: Մի խոսքով, «Մարականա»-ում մեզ սպասում է ուրախ ֆուտբոլ, որտեղ հարձակումը ակնհայտորեն ուժեղ է պաշտպանությունից: Հաստատ՝ հետաքրքրիր կլինի:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիա-Հոնդուրաս. Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Շվեյցարիան դժվարին պայքարում հաղթեց Էկվադորին (տեսանյութ)’