‘Արգիշտի Կիվիրյանի գործով տուժող ճանաչված ոստիկանը չներկայացավ դատարան’

753

«Armenia Today» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական երկրորդ նիստը հետաձգվեց գործով տուժող ճանաչված ոստիկան Վահան Վրթանեսյանի չներկայանալու պատճառով։ Վերջինս գրություն էր ուղարկել դատարանին՝ նշելով, որ առողջական խնդիրներ ունի, ուստի խնդրում է դատական նիստը հետաձգել։ Հայտնում է forrights.am կայքը:

«Բերում են մի հատ թուղթ, ըստ որի չակերտավոր տուժող անձն իբր վատառողջ է։ Առանց որևէ բժշկական տեղեկանքի։ Ցանկացած մարդ կարող է նման թուղթ ներկայացնել»,- Արգիշտի Կիվիրյանի համոզմամբ նիստի չկայանալու հիմնական պատճառն այն էր, որ իրենց կողմը նախորդ դատական նիստին միջնորդել էր, որ դեպքի օրը ոստիկանական ավտոմեքենայում գտնվող երեք ոստիկանները հարցաքննվեն միասին նույն օրը։ «Հիմա ոստիկանություն մտածում են՝ ինչպես անել, ինչ սցենար մտածել»։ 

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ նրան բերման ենթարկելիս ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: 

Քր.գործը հարուցվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին հատուկ գումարտակի, 2-րդ վաշտի, 3-րդ դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանի հաղորդման հիման վրա, թե իբր Կիվիրյանը ոստիկանական մեքենայում հարվածներ է հասցրել նրան և զբաղվել ինքնավնասմամբ՝ գլուխը հրավածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը:  

Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 4-ին, ժամը 10։00-ին։     

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը Ուկրաինայում տեղի ունեցածին «շատ վատ» է վերաբերվում’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’