‘Արդարադատության նախարարի տեղը «Արմքոմեդին» է’

1496

«Հրապարակը» գրում է. Ինչքան պետք է կառավարության անդամը, նախարարը կորցնի իրականության զգացումը, զուրկ լինի իր ստանձնած պաշտոնի նկատմամբ պատասխանատվության զգացումից, որ իր բուն գործառույթներով զբաղվելու փոխարեն հումորի ցերեկույթներ և մամուլի հետ կապված զավեշտալի «մրցանակաբաշխություններ» կազմակերպի:

Երեկ արդարադատության նախարար Հովիկ Մանուկյանը որոշել էր դրսևորվել «Արմքոմեդիի» ժանրում և, իր իսկ պատկերացմամբ, «կրեատիվ» ամանորյա հանդես էր նախաձեռնել: Ոչ, այս անգամ այդ հանդեսն իր աղջկան պատկանող կլուբում չէր կազմակերպել, այլ Նոտարական պալատում: Եվ լրատվամիջոցներին տրվող «մրցանակներն» էլ հայտարարում էր ոչ թե անձամբ ինքը, այլ իր մամուլի խոսնակը, իբր նախարարը տեղյակ չէ, իբր խոսնակի մտահղացումն է: Այդ թատրոնին հետևողները, անշուշտ, լավ գիտեն, որ գերատեսչությունների մամուլի խոսնակներն ինքնուրույն անգամ բարև չեն տալիս լրագրողներին, ուր մնաց համարձակվեն որևէ լրատվամիջոցի լավ կամ վատ անուն կպցնել, ծաղրել կամ սևացնել: Բայց խնդիրը դա էլ չէ:

Արդարադատության համակարգը, որի մեջ ներառված են դատական համակարգը, քրեակատարողական հիմնարկները, նոտարական համակարգը, Դատական ակտերի հարկադիր ծառայությունը, ահռելի, բազում կարևոր խնդիրներ ունեցող և բարդ համակարգ է: Իրականում մեր բնակչության դժգոհությունների գերակշիռ մասը պայմանավորված է հենց այս համակարգի անկանոն ու ապօրինի գործունեությամբ: Երկրից փախչողների, իշխանություններին հայհոյողների, իշխանության նկատմամբ ատելության մի հսկա հատված հենց այս համակարգի հետ է կապված, և համակարգի կառավարիչ-նախարարը ֆիզիկապես պետք է շունչ քաշելու ժամանակ չունենար, իսկ հոգեպես պետք է ամաչեր հանրության աչքին երևալուց, էլ ուր մնաց հումոր աներ ու իր բուն պարտականություններից դուրս բեմադրություններ:

Նախորդ հոդվածը‘Ջորջ Քլունիի կինը կպաշտպանի Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում ‘
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’