‘Արդարադատության նախարարությունը չպետք է միջամտի փաստաբանների անկախ գործունեությանը. Օմբուդսմեն’

834

Երեկ փաստաբանները դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից մշակված օրենքի նախագծից, ըստ որի` նրանց վրա դրվում է հավելյալ տուրքի վճարման պարտավորություն: Նույն օրենքի նախագիծը Պաշտպանին կարծիքի էր ուղարկվել նաև ՀՀ Արդարադատության նախարարության կողմից:

Ուսումնասիրելով օրենքի նախագիծը՝ պաշտպանը պարզեց, որ առաջին հերթին` խնդրահարույց է այն, որ Արդարադատության նախարարությունը միջամտում է փաստաբանների անկախ գործունեությանը՝ իր վրա  վերցնելով  փաստաբանների գրանցամատյանի վարման գործառույթը, ինչի համար նաև գանձում է հավելյալ տուրք:

Բացի այդ, ընդունելի չէ այն հիմնավորումը, որ փաստաբաններից գանձվող տուրքը նախատեսվում է ուղղել Հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, քանի որ այդ գրասենյակի պահպանումը հանդիսանում է պետության պոզիտիվ պարտականությունը:

Ուստի, ելնելով վերոգրյալից` Պաշտպանը առաջարկել է նախարարին վերանայել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը և պատշաճ կերպով շահագրգիռ անձանց հետ քննարկելուց հետո միայն դնել համապատասխան շրջանառության մեջ՝ հաշվի առնելով մեր կողմից նշված դիտողությունները:

Պաշտպանի աշխատակազմ

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Իտալիա’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում առևանգել են Կարմիր խաչի աշխատակիցներին’