‘Արդյո՞ք ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության մրցույթին հետևել է եւս մեկ դիտորդ’

1791

Փետրվարի 27-ին ավարտվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության՝ արդեն թվով երկրորդ մրցույթի հարցազրույցի փուլը:  Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող են ճանաչվել նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանը և վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը: Հիշեցնենք, որ թեկնածուներից Արմեն Հարությունյանի անունը նախորդ մրցույթի ընթացքում առնչվել էր փաստաթղթերի ստուգման փուլում տեղ գտած կոպիտ խախտումների հետ: Ինչպես ավելի վաղ հայտարարել էին «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության ներկայացիչները, նախորդ մրցույթի ընթացքում, որը չեղյալ էր հայտարարվել, արվեց ամեն հնարավորը, որպեսզի Արմեն Հարությունյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այլընտրանք չունենա: 

Հրապարակում կա այն մասին, որ երկու մրցույթների ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացրել նաեւ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը: Այս մասին հայտնի դարձավ միայն նրա՝ «Հետք» լրատվական կայքին տրված հարցազրույցից հետո, որտեղ Հայկուհի Հարությունյանը նշում էր, թե համամիտ չէ դիտորդություն իրականացրած մյուս երկու կազմակերպությունների («Իրավունքի Եվրոպա միավորում» եւ «Հայաստանի հելսինկյան կոմիտե») արտահայտած այն կարծիքին, թե հանձնաժողովը ոչ թափանցիկ գործելաոճ էր որդեգրել:

«Ի տարբերություն նախորդ մրցույթի, այս անգամ արդարադատության նախարարությունը գրեթե ամեն օր հրապարակում էր հայտ ներկայացրած թեկնածուի վերաբերյալ տվյալները եւ գրանցամատյանի պատճենը: Փաստաթղթերի հասանելիության մասով կարծես թե խնդիր չի նկատվել»,- «Հետք»-ի հետ զրույցում ասել է Հայկուհի Հարությունյանը՝ հավելելով, որ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ն չի արձանագրել գործընթացի կազմակերպման թափանցիկության կամ հաշվետվողականության սկզբունքի այնպիսի խախտում, որն արատավորել է ամբողջ գործընթացի վերջնական արդյունքները:

Փաստորեն, եթե Հայկուհի Հարությունյանը փաստաթղթերի հասանելիության մասով խնդիր չի տեսել, ապա նրա այս խոսքերից կարելի է ենթադրել, որ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ին հնարավորություն է տրվել ծանոթանալու ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուների մրցույթին ներկայացրած հայտերին և հավակնորդների փաստաթղթերին: Ի՞նչ է ստացվում. կա՛մ վերոնշյալ հասարակական կազմակերպությանը հանձնաժողովի կողմից ինչ-ինչ պատճառոներով տրվել են որոշակի արտոնություններ, կա՛մ Հայկուհի Հարությունյանը մրցույթը որակում է թափանցիկ՝ առանց փաստաթղթերի ուսումնասիրության:

Եթե այդպես է, ապա փաստարկված եւ օբյեկտիվ զեկույց կազմելու նպատակով հ/կ-ն գոնե պետք է հետեւեր հարցազրույցի ողջ ընթացքին եւ ըստ այդմ՝ տար համապատասխան եզրակացություն: Փաստենք նաեւ, որ մրցույցթի ուղիղ հեռարձակումը չի ապահովվել, եւ հարցազրույցին ամբողջությամբ հետեւելու միակ տարբերակը տեղում ներկա գտնվելն էր, ինչը նույնպես տեղի չի ունեցել, քանի որ Հայկուհի Հարությունյանին մրցույթը դիտարկող դիտորդներն ու լրատվամիջոցները հարցազրույցի անցկացման վայրում չեն տեսել:

Հարց է առաջանում, ինչպե՞ս է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ն իրականացրել իր դիտորդական առաքելությունը:

Անդրադառնանք նաեւ հարցազրույցի այն հատվածին, որտեղ Հայկուհի Հարությունյանը նշել է, թե երկու մրցույթների ընթացքում էլ արձանագրվել են գործընթացի կազմակերպման ընթացակարգային թերություններ, սակայն դրանք չեն կարող գնահատվել այնպիսի էական խախտումներ, որոնք ազդեցություն ունեցան վերջնական որոշման կայացման վրա, կամ թեկնածուներից մեկի կամ մի քանիսի նկատմամբ տարբերակված մոտեցման հիմք հանդիսացան: Ինչպես արդեն նշեցինք, նախորդ մրցույթի վերաբերյալ մի շարք հասարակական կազմակերպություններ եւ հեղինակավոր փաստաբաններ բարձրաձայնում էին լուրջ խախտումների մասին, որոնք կարող էին պատճառ  հանդիսանալ մրցույթը չեղյալ համարելու համար, ինչպես նաեւ կասկածի տակ էին դնում մրցույթի արդարությունը: Ի վերջո, այդ մրցույթը չեղյալ հայտարարվեց:

Այս դեպքում մի պարզ հարց է առաջանում. ինչու՞ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ն չբարձրաձայնեց իր զեկույցի մասին, որը, ինչպես նշել էր Հայկուհի Հարությունյանը, անմիջապես ուղարկվել էր Ստրասբուրգ: Ավելին՝ ինչու՞ այն ժամանակ չհայատարարվեց, որ տեղի են ունեցել ընթացակարգային թերություններ, որոնք ազդեցություն չեն ունեցել ամբողջ մրցույցթի վրա: Ինչու՞ հանրությանը չի իրազեկվել այդ մասին՝ գոնե հերքելու համար մյուս հասարակական կազմակերպությունների կողմից բարձրաձայնված մտահոգությունները: Ի՞նչն է պատճառը, որ հասակակական կազմակերպությունը, ըստ էության, երկխոսում է ոչ թե հասարակության հետ, այլ պետական մարմինների ու Ստրասբուրգի և որպես իր աշխատանքների շահառու դիտարկում է ոչ թե հայաստանյան հասարակությանը, այլ` մի ինչ-որ վերացական “Ստրասբուրգի”:

Ընդգծենք նաեւ, որ վերոնշյալ հ/կ-ի ընթացիկ եւ արդեն իսկ իրականացված ծրագրերում ոչ մի հիշատակում չկա ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի մրցույթի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու մասին:

Եվ վերջում, հարկ ենք համարում ընդգծել նաեւ, որ 2009-2013 թթ. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահը եղել է Սիրանուշ Սահակյանը: Վերջինս դադարեցրել է հ/կ-ի նախագահությունը 2013 թվականին, որից հետո սկսել է աշխատել որպես Սերժ Սարգսյանի ռեֆերենտ, այնուհետեւ՝ 2014թ. առայսօր` որպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ: Իսկ 2005-2008 թթ. եղել է ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի ՄԻԵԴ-ի հետ կապերի վարչության կրտսեր մասնագետ: 

Նախորդ հոդվածը‘Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կդրվի հանրաքվեի — Գալուստ Սահակյան’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. Կողմերը պետք է խուսափեն քայլերից, որոնք հանգեցնում են իրավիճակի էլ ավելի բարդացմանը’