‘Արեն Մանուկյան. Այսուհետեւ լինելու է սեւուսպիտակի կռիվ’

1919

Մարտի 1-ի հավաքին ընդառաջ՝ iLur.am-ը զրուցեց Հայ ազգային կոնգրեսի անդամ Արեն Մանուկյանի հետ

Արե՛ն, դու ակտիվորեն մասնակցել ես մարտի 1-ի հանրահավաքի իրազեկմանը: Ինչպիսի՞ն էր մարդկանց տրամադրությունը, արդյո՞ք նկատել ես որոշակի ոգեւորություն:

Տրամադրությունը սպասվածից ավելի լավ էր. կան որոշակի սպասումներ, ոգեւորություն՝ երկրում տիրող իրավիճակը փոխելու ուղղությամբ: Պայմաններն այնպես են փոխվել, որ նրանք, ովքեր առաջ չէին պատկերացնում, որ կարող է մի օր փողոց դուրս գան, այժմ սպասվածից ավելի պատրաստակամություն են հայտնում իշխանափոխության գործընթացում իրենց ներդրումը ունենալու:  Կարծում եմ՝ արդեն շատերի համբերության բաժակը լցվել է, իսկ մարտի 1-ը նրանց համար նոր գործընթացներ  սկսելու սկիզբ կլինի, որն էլ հենց, ճիշտ աշխատելու դեպքում, հնարավոր է տանի դեպի իշխանափոխություն:

Ինչպիսի՞ հանգամանքներ են ստիպել նշածդ մարդկանց՝ փողոց դուրս գալու եւ միասնական պայքարելու համար:

Փոփոխությունները բազմաթիվ են. իրավիճակը Հայաստանում այսքան ծանր երբեւիցե չի եղել, չեն եղել այս քանակությամբ սոցիալական դժվարություններ: Շարունակական լկտի պահվածքն անընդհատ ջրի կաթիլի պես խփում է մարդկանց, իշխանության կողմից անընդհատ ավելացվում են այդ դժվարությունները, իսկ մանավանդ երկար դադարից հետո կուտակվելու դեպքում՝ առաջացնում են սպասված պոռթկումը: Այս պոռթկումը բխում է այն հանգամանքից, որ  վերջին շրջանում լուրջ քաղաքական գործընթացներ չեն եղել. եղածներն էլ որեւէ արդյունքի չեն բերել: Ուրիշների կողմից իրականացված ապարդյուն փորձերը՝ համատարած հիասթափություններից հետո նոր հույս են առաջացնում: Այդ պատճառով մարդիկ փորձելու են ընձեռված հնարավորությունը՝ նոր թափ ստացած շարժումը, օգտագործել իրենց արժանապատիվ քաղաքացի զգալու, երկրում փոփոխության հասնելու համար:

Դու մասնակցել ես մի շարք քաղաքացիական շարժումների. հնարավո՞ր է, որ այս հանրահավաքը դառնա համընդհանուր կոնսոլիդացիայի սկիզբ:

Սա շատ կարեւոր խնդիր է, եւ կարծում եմ, որ դա իրական է, քանի որ Հայ ազգային կոնգրեսը վերջին տարիների ընթացքում գործնականորեն ցույց է տվել, որ իր առաջ չի դրել իշխանության հասնելու խնդիր: Սա է պատճառը, որ Կոնգրեսը կարող է հանդիսանալ հենց այդ կապող օղակը բոլոր այն ակտիվ, մտածող ու ըմբոստ քաղաքացիների եւ այս նոր շարժման միջեւ: Ժողովուրդն արդեն ուզում է կոնկրետ քաղաքական ուժի կողմից կազմակերպված հանրահավաքներ, ակցիաներ, այսինքն՝ այս պարագայում չի լինելու Կոնգրես-իշխանություն առճակատում, այլ լինելու է սեւուսպիտակի կռիվ, ինչպես դա եղել է 2008 թվականին:

Հայ ազգային կոնգրեսն ընդամենը այդ ամբողջ կուտակված էներգիան, կուտակված ըմբոստությունն ու դժգոհությունը կազմակերպողն է լինելու, ինչի դեպքում նրանք հնարավորություն են ունենում իրար հետ մասնակցելու, իրար հետ փողոց դուրս գալու, քանի որ իրական խնդիրը եւ նպատակը այդ բոլոր պայքարող խմբերին բերում է  մի կետի՝ մինչեւ չգա իշխանափոխություն, մինչեւ այս համակարգը չփլուզվի՝ հնարավոր չէ հասնել նորմալ դրական փոփոխությունների՝ ցանկացած ոլորտում: Բոլոր այս պայքարող խմբերը, ի վերջո, դեմ են առնում մի պատի, որը թույլ չի տալիս առաջ գնալ: Միակ պատճառը իշխանությունն է, որն ամեն ինչ վերից վար վերահսկում է, եւ եթե քաղաքացին ուզում է հասնել ռեալ փոփոխությունների, ապա պետք է փոխի ողջ համակարգը, կառավարման ձեւը՝ վերացնելով քրեաօլիգարխիան:

Երբ կարողանում ես բոլորի նպատակները միավորել եւ ցույց տալ, որ այդ նպատակի համար ես առաջ շարժվում, այսինքն՝ չկա իշխանական աթոռի կռիվ, այս դեպքում արդեն հնարավոր է դառնում անել այն, ինչը արվեց 2008-ին: Բոլորը,  անկախ նրանից՝ ընտրել էին Լեւոն Տեր-Պետրոսյանին, թե՝ ոչ, ընտրություններից հետո՝ փետրվարի 20-ին միացան անարդարություններին վերջ տալու պայքարին: Ազատության հրապարակը դարձել էր այն վայրը, որտեղ ցանկացած քաղաքացի՝ անկախ իր քաղաքական-գաղափարական հայացքներից, միացել էր Շարժմանը: Նույնը ես ակնկալում եմ, որ լինելու նաեւ առաջիկա օրերին:

Հասարակության մեջ հաճախ նկատվում է քաղաքացիական եւ քաղաքական ակտիվիստների տարանջատում. ոմանք շեշտում են, որ իրենց բողոքը զուտ քաղաքացիական է: Սակայն, վերջին օրերս այս պնդումը համեմատաբար ավելի քիչ է գործածվում: Ըստ քեզ՝ ինչո՞վ է սա պայմանավորված:

Հաճախ պայքարելով աննշան խնդիրների համար՝ տեսնում ես, որ դրանք իրականում քաղաքական են. որոշում կայացնողը հենց նույն քաղաքական ղեկավարությունն է: Հանրապետական կուսակցությունը վերահսկում է ցանկացած հարց՝ այգու բարեկարգումից սկսած՝ մինչեւ փոքր ՀԷԿ: Այսինքն, այդ խնդիրների պատճառն այդ նույն քաղաքական համակարգն է, ինչը, ի վերջո, հասկանում են բոլորը: Ես հենց դա նկատի ունեմ. երբ պատին են դեմ առնում, գիտակցում են, որ Հայաստանին քաղաքական գործընթաց է պետք, քաղաքական փոփոխություն՝ ամեն ինչը նորմալ հունի մեջ դնելու համար:

Արե՛ն, արդեն 10 տարուց ավելի է, ինչ պայքարում ես, ինչպիսի՞ փոփոխություններ ես նկատել մարդկանց մտածելակերպի, գործողությունների մեջ:

Ինչքան անցնում ես պայքարի միջով, այնքան հղկվում ես դրանում, ավելի գիտակից ես դառնում: Զանազան քաղաքացիական խմբեր, երիտասարդական շարժումներ անցել են ինչ-որ պրոցեսի միջով եւ հասկացել, որ փոփոխությունը հնարավոր է միայն քաղաքական շարժման, գործընթացների միջոցով: Բավական մեծ բանակ այս ընթացքում իր պայքարի շնորհիվ զգացել է, թե ինչպես պետք է հասնի հաղթանակի: Դա է հիմնական փոփոխությունը, այսինքն՝ ամեն մարդու առնչությունն այս իշխանության հետ՝ թե՛ համայնքային, թե՛ պետական մակարդակով, հանգեցրել է քաղաքացու ըմբոստությանը: Խնդիրն այն է, որ մի մասը հիմա հասկանում է, որ միայն տանը պայքարելով եւ խոհանոցում բողոքելով չէ. մինչեւ դուրս չգան փողոց, փողոցը մինչեւ միասնական ուժեղ շարժում չսկսի՝ որեւէ փոփոխություն հնարավոր չի լինի իրականացնել: Այս դեպքում ազդեցություն են ունեցել նաեւ Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերը, երբ քաղաքացիները դուրս եկան՝ իրենց խնդիրը լուծելու: Սա նաեւ օրինակ էր մյուս երկրների համար, որոնք համոզվեցին, որ հնարավոր է դուրս գալ բռնապետության դեմ ու հասնել հաղթանակի. դա ոգեւորող է:

Մարդիկ կան, որոնք պնդում են, որ իշխանափոխության միակ ճանապարհը զինված հեղափոխությունն է, սակայն, Հայ ազգային կոնգրեսի հիմնական սկզբունքը եղել եւ մնում է  սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնելը: Ի՞նչ կասես սրա մասին:

Իհարկե, շատերն են ասում, որ միակ փրկությունը զենքի միջոցով է, բայց այդ մարդիկ, բացի ասելուց, ուրիշ ոչինչ չեն անում: Որեւէ մեկն այսօր պատրաստ չէ զենք վերցնել ու դուրս գալ իշխանությունների դեմ կռիվ տալու. դրանք զուտ խոսակցություններ են: Եթե որեւէ մեկը կարծում է, որ դա է լուծումը՝ հենց ինքը պետք է դա անի: Եթե Հայ ազգային կոնգրեսը համարում է, որ փոփոխությունները պետք է լինեն քաղաքական ճանապարհով, ու որեւէ դեպքում ներքին բախումներ, ներքին արյունահեղություն չպետք է լինի, եւ սահմանադրական կարգը կարելի է հաստատել սահմանադրական ճանապարհով, նա դա անում է: Իսկ եթե ոմանք մտածում են, որ դա կարելի է անել զենքով՝ ես համամիտ չեմ, որովհետեւ դրա հնարավորությունը եւ իրականացումը չեմ տեսնում: Խոսողները շատ են, գործ անողները՝ քիչ, իսկ հենց այդ խոսողները հաճախ խփում են իրական գործ անողներին:

Իրականում, եթե ցանկանում ես հեղափոխություն անել կամ եթե քաղաքացին քեզնից պահանջում է փոփոխություն, գոյություն ունի շատ կարևոր մի խնդիր՝ պատասխանատվության հարցը: Ցանկացած մարդ, եթե որեւէ փոփոխություն է ուզում, նա պետք է պատրաստ լինի այդ փոփոխության համար ինչ-որ բան անելուն: Այսօր շատ-շատերը կան, որ քննադատում են Կոնգրեսին դանդաղ գործելու համար՝ պահանջելով ավելի կտրուկ քայլեր: Այս դեպքում, եթե ուզում ես որեւէ բան անել, ապա պետք է պատրաստ  լինես դրա համար քայլեր ձեռնարկելուն, այլ ոչ թե՝ ֆեյսբուքում գրառումներ անելուն:

Ցանկացած քաղաքացի պետք է գիտակցի, որ եթե ուզում է փոփոխություն, ապա դրա մեջ պետք է ինչ-որ բան ներդնի: Հայ ազգային կոնգրեսը չի կարող որեւէ բան անել առանց քաղաքացու: Անհնար է, որ ինչ-որ քաղաքական ուժ ժողովրդավարությունը կարողանա մարդկանց նվեր տալ՝ առանց ժողովրդի մասնակցության: Մինչեւ ցանկացած քաղաքացի չգիտակցի, որ իր անձնական մասնակցությունը, պատասխանատվությունը միայն կարող են ինչ-որ բան փոխել, որեւէ բան տեղի ունենալ չի կարող: Եթե նրանք գալու են ու սպասեն, որ Տեր-Պետրոսյանն իրենց նվեր տա նոր Հայաստան, ապա դա տեղի ունենալ չի կարող: Իրավունքը, նորմալ, ազատ պետությունը, ժողովրդավարությունը նվեր չեն կարող լինել, իսկ եթե դա լինում է նվերի տեսքով, դու դա պատրաստ ես նաեւ շատ հեշտ կորցնել, այսինքն՝ նվիրած արժեքից հրաժարվելը կամ կորցնելն այդքան ցավոտ չէ, իսկ երբ կռիվ ես տալիս քո ազատության, քո անկախության համար, ապա հետագայում դու նաեւ պատրաստ ես կռիվ տալ հենց այդ անկախությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու համար: Այստեղ կարեւոր է ցանկացած քաղաքացու մասնակցությունը՝ բոլոր այն մարդկանց, ովքեր գքնե մի քիչ ցավում են ու կարեւորում այս երկրի ապագան: Հենց այդ մասնակցության դեպքում՝ արդեն կարեւոր չէ առաջնորդի կամ քաղաքական ուժի անունը: Ցանկացած քաղաքացի, երբ իր վրա պատասխանտվություն վերցնի, կկարողանա հասնել փոփոխության, իսկ այդ փոփոխությունից հետո այս նույն քաղաքացին, որը տեր է եղել պետությանը, կարող է պահանջատեր լինել նաեւ հաջորդ իշխանությունից: Տանը նստած, տանը բողոքող ու ոչինչ չանող մարդը չի կարող ստանալ եւ չի կարող վայելել ազատությունը:

Պատմության մեջ ինչպիսի՞ նմանատիպ դեպքեր ես մտաբերում, երբ ժողովուրդը երկարատեւ պայքարի հետեւանքով հասել է հաջողության:

Հնդկաստանում, Հարավային Աֆրիկայում կոնգրեսները շատ երկար են պայքարել: Շատ տեղերում ճիշտ կռվի, հավասարակշռված պայքարի արդյունքում եղել են իրական, արմատական փոփոխություններ: Նույն Ուկրաինայում՝ այդ փոփոխությունը մի քանի օրվա մեջ չի եղել. առաջին անգամ փոփոխությունը տեւեց մի ամիս, իսկ այս անգամ՝ չորսից հինգ: Նույնը տեղի ունեցավ նաեւ Վրաստանում: Մի րոպեում, մի օրում, մի հանրահավաքով որեւէ բան չի փոխվելու: Եթե մարդիկ կարծում են, որ գալու են մարտի 1-ին եւ հենց այդ օրը փոփոխություն են տեսնելու, ապա դա իրական չէ: Մի ժամով գալ, կանգնել եւ սպասել, որ նման դժվար գործը ավարտվելու է մեկ հանրահավաքի արդյունքում՝ անհնար է: Եթե մարդը ուզում է փոփոխության հասնել, ապա պետք է պատրաստ լինի ինչ-որ ժամանակ տրամադրել եւ կռիվ տալ՝ իր մասնակցությամբ մոտեցնելով հաղթանակը:

Շատերի մոտ կարծիք է ձեւավորվել, որ 2008 թ.-ից անցել է 6 տարի, սակայն, սպասումներն այդպես էլ իրականություն չեն դարձել:

Եթե սպասումներ ասելով խոսքը վերջնական հաղթանակի՝ իշխանափոխության մասին է, ապա դա դեռ չի եղել, որովհետեւ ճանապարհը դժվար է, եւ երբ ընտրել ենք առանց զենքի տարբերակը, հակառակը, կարծում եմ, Հայաստանի Հանրապետության համար կործանարար է, պետք է պատրաստ լինել զոհողությունների, պետք է պատրաստ լինել երկար կռիվ տալու: Իհարկե՝ շատերն այս ընթացքում հոգնեցին, շատերը հիասթափվեցին, բայց երբ հոգնելուց, հիասթափվելուց հետո դուրս ես գալիս պայքարից ու տեսնում, որ նույնը շարունակվում է, ու դու չես կարող ուղղակի դիտորդի դերում լինել՝ նորից միանում ես, նորից ոգեւորվում ու շարունակում պայքարը:

Ցանկանում եմ բոլորին կոչ անել՝ մասնակցել մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին՝ պատրաստվելով պայքարի, եւ 1-2 օրում փոփոխություն չլինելու դեպքում՝ չհիասթափվել, այլ պատրաստ լինել մասնակցել, պայքարել եւ ինչ-որ ձեւով նաեւ աջակցել: Սկսվում են նոր պրոցեսներ, քաղաքական ակտիվ շրջան, եւ ես համոզված եմ՝ եթե քաղաքացիները լինեն մաքսիմալ անհանդուրժող եւ պատրաստ պայքարի՝ փոփոխությունը լինելու է եւ շատ շուտ:

Մարիամ Մուրադյան

 

Նախորդ հոդվածը‘Պատմաբան. Գառնիի տաճարի մոտ սրճարանի կառուցման աշխատանքներն անօրինական են’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիան, Լեհաստանը եւ Ֆրանսիան կոչ են անում հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը’