‘Արեւմտամետ Սերժ Սարգսյանի միֆի տապալումը ‘

3168

Եթե հիշում ենք, 2008 թվականից այս կողմ, իսկ վերջին 2-3 տարիներին՝ ավելի ակտիվորեն, Սերժ Սարգսյանի քարոզչությունը աշխատում էր մեկ հիմնական կոդով: Ընդ որում՝ եթե նախկինում այդ քարոզչությունն արվում էր «տապոռային»՝ բացահայտ հօգուտ իշխանությունների, ապա 2008-ի նախագահական ընտրություններից հետո, ինչպես հայտնի է՝ վատիկանյան երիտասարդի թեթեւ ձեռքով գործարկվեց «մուտիտային» քարոզչությունը: Խնդիրը պարզ էր. ա՝ իշխանական դաշտ տանել կամ բացահայտել հնարավորինս շատ լրագրողների եւ ԶԼՄ-ների, որոնք հանդես էին գալիս ընդդիմադիր դիրքերից: Բ՝ որոշակի առումներով պահպանել ընդդիմադիր հռետորաբանությունը եւ աշխատել ոչ թե բացահայտ հօգուտ Սերժ Սարգսյանի, այլ՝ ընդդեմ մյուս բոլորի, բնականաբար, առաջին հերթին՝ ընդդեմ ընդդիմության: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ դեսպանատանը փաղաքշաբար Mishik club-ի անդամներ կոչվող ԶԼՄ-ները ստանձնեցին ընդդիմության ընդդիմության դերը:

Կոդերը եւս շատ պրիմիտիվ էին եւ են. 1՝ Բոլոր քաղաքական ուժերը վատն են, ծախված են եւ միայն սեփական շահն են սպասարկում, (խնդիրը՝ այնպես չէ, թե մյուսները Սերժ Սարգսյանից լավն են), 2՝ ընդդիմադիր ուժերը  համագործակցում են  Ռոբերտ Քոչարյանի հետ, (խնդիրը՝ տարանջատել Սերժ Սարգսյանին Քոչարյանից, Հայաստանում առկա բոլոր հոռի երեւույթները կապել միայն Քոչարյանի հետ, իբր թե՝  Սարգսյանը փորձում է շտկել Քոչարյանից մնացած վատ ժառանգությունը, բայց նրան այդ հարցում խանգարում են՝ օլիգարխները (ընդ որում՝ ոչ թե բոլորը, այլ կոնկրետ օլիգարխներ), Քոչարյանը՝ ընդդիմության միջոցով, եւ ընդդիմությունը՝ Քոչարյանի միջոցով), 3՝ քաղաքական լիդերների, «չար լեզվի» եւ «չարության ժամանակները» անցել են, եկել է քաղաքացիական հասարակության եւ բարության ժամանակները (խնդիրը՝ նվազեցնել քաղաքական ուժերի ազդեցությունը եւ արհեստականորեն կարեւորել քաղաքական գործընթացներին չխառնվող քաղաքացիական հասարակության դերը, ընդ որում՝ խաղադրույքը դնելով վերահսկելի քաղաքացիական հասարակության ձեւավորման վրա), եւ 4՝ Հայաստանում առկա բոլոր հոռի երեւույթները կապել բացառապես Ռուսաստանի հետ, ընդդիմադիր ուժերին ներկայացնել պրոռուսական, Սերժ Սարգսյանին՝ արեւմտամետ գործիչ (խնդիրը՝ տարանջատել Սերժ Սարգսյանին եւ գործող իշխանություններին նույն հոռի երեւույթներից, ներկայացնել զարգացումներն այնպես, ասես դրանք տեղի են ունենում Սերժ Սարգսյանի կամքից կամ անկախ, կամ էլ՝ Ռուսաստանը դրանք «զոռով» բուծում է Հայաստանում, քանի որ Սարգսյանն արեւմտամետ գործիչ է, փորձում է Հայաստանը տանել դեպի Եվրոպա եւ եվրոպական արժեքներ):

Թե ինչո՞վ է Սերժ Սարգսյանն իրեն դրսեւորել որպես բարեփոխումներ կատարելու ցանկություն ունեցող անձ կամ արեւմտամետ գործիչ, մենք, իհարկե, այդ հարցի պատասխանը չենք ունեցել եւ չենք էլ ունենա: Որովհետեւ քարոզչությունը մի բան է, իրականությունը՝ այլ բան: Իսկ իրականում մենք բազմիցս ականատես ենք եղել, որ Սերժ Սարգսյանը ո՛չ ռուսամետ է, ո՛չ արեւմտամետ, ո՛չ չինաստանամետ: Իհարկե, առանձին քննարկման առարկա է հարցն ինքնին՝  ինչ ասել է լինել ռուսամետ, եւ ինչ՝ արեւմտամետ: Որովհետեւ ռուսամետ արտաքին քաղաքականություն վարելն, օրինակ, ամենեւին չի պարտադրում ներքաղաքական հարցերում դրսեւորվել որպես դիկտատոր, եւ նույնկերպ՝ արեւմտամետ լինելն ամենեւին չի նշանակում դավանել եվրոպական երկրներում առաջնային համարվող արժեքները՝ մարդու իրավունքներ, հիմնարար ազատություններ եւ այլն:

Բայց քանի որ իշխանական քարոզչամեքենան խնդիրը պարբերաբար արծարծում է հենց այս պրիմիտիվագույն կոդերով, ապա փորձենք նույն իշխանական քարոզչամեքենայի պատկերացրած սահմաններում հասկանալ՝ Սարգսյանը, Mishik club-ի անդամների բառապաշարով ասած՝ ռուսամե՞տ է, թե՞ արեւմտամետ: Եթե նրանք ռուսամետություն ասելով հասկանում են Հայաստանի բոլոր ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտները Ռուսաստանին հանձնելը, արտաքին քաղաքական հարցերում սեփական երկրի շահերը ռուսասկան շահերին ստորադասելը, ապա այդ դեպքում պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն ուղղափառ ռուսամետ է, այլեւ՝ տիպիկ «քյառթու» ռուսամետ է՝ բոլոր «ծիծակ» հետեւանքներով հանդերձ: Եթե նույն ակումբի անդամները, «արեւմտամետ» ասելով՝ առաջին հերթին հասկանում են մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները եւ այլն եւ այսպես շարունակ, ապա Սարգսյանն արեւմտամետությանը մոտ է այնքան, որքան Գալուստ Սահակյանը հին եբրայերենին, Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, Շանելի նորաձեւության տան վերջին ճիչին, իսկ Թոխմախի Մհերն էլ՝  Վենետիկի արխիվներում պահվող հին ձեռագրերին:

Իսկ եթե հարցին նայենք մի փոքր ավելի քաղաքական դիտանկյունից, ապա կտեսնենք, որ Սերժ Սարգսյանը ոչ ռուսամետ է, ոչ արեւմտամետ: Իրականում, Սերժ Սարգսյանը ոչմիբանամետ է: Սերժ Սարգսյանն իրականում՝ «այո»-ամետ է: Նրա վարած արտաքին քաղաքականության հիմքը «այո»-ն է՝ նա ե՛ւ Ռուսաստանին է «да» ասում, ե՛ւ ԱՄՆ-ին՝ «OK», ե՛ւ Եվրոպային՝ «Yes», Չինաստանին էլ՝ «当然», իհարկե: Սա է Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության հիմնաքարը:

Հ.Գ. Ի դեպ, Ռուսաստանում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ բավականին ուշագրավ հայտարարություն է արել: Խոսելով Մաքսային միություն մտնելու հարցում Երևանի դիրքորոշման մասին՝ Սարգսյանն ասել է, թե Հայաստանի դիրքորոշումը «հստակ է և դրանում ոչ մի կասկած չկա»: «Մեր նախագահներն էլ են քննարկել այս թեման: Հիմա արդեն պետք է տեխնիկական մակարդակում որոշվի՝ ինչ տեմպերով ու ինչ քայլերով առաջ գնալ»: Այո, սա շատ արեւմտամետ կեցվածք է, ընկերներ: Ուռա՛, ընկերներ: Ընկեր Սերժը արեւմտյան հովերով մեզ տանում է Մաքսային միություն:

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Վարչապետը դատախազություն չի դիմել. ԱԱԾ–ն ու ոստիկանությունը Տիգրան Սարգսյանի թեմայից խուսափում են’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյան. Փրկեք վարչապետին’