Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի քառակի չեմպիոն

273

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը հռչակվեց աշխարհի քառակի չեմպիոն: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը չորրորդ անգամ նվաճեց ոսկե մեդալ:

97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում օլիմպիական չեմպիոնը մրցեց 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով:

Առաջին մրցափուլում Ալեքսանյանը վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ եւ իրար հաջորդող երկու միավորանոց գլորումներով հաշվը դարձրեց 5:0: Միլովն առաջին մրցափուլում միավոր չկարողացավ վաստակել:

Երկրորդ մրցափուլում Միլովը պարտերում աշխատելու հնարավորություն ստացավ, բայց օլիմպիական չեմպիոնը հրաշալի պաշտպանվեց ներքեւում: Մինչեւ գոտեմարտի ավարտը Արթուր Ալեքսանյանը Միլովին միավոր վաստակելու հնարավորություն չտվեց: Գոտեմարտն ավարտվեց 5:1 հաշվով՝ Արթուր Ալեքսանյանի փառահեղ հաղթանակով:

Աշխարհի քառակի չեմպիոնը Հայաստանի եռագույնով չեմպիոնական շրջանը կատարեց հոր՝ Գեւորգ Ալեքսանյանի հետ, որը նաեւ նրա անձնական մարզիչն է:

Արթուր Ալեքսանյանը 2012թ., 2013 թ., 2014թ., 2018թ. եւ 2020 թվականների Եվրոպայի չեպիոն է, 2014թ., 2015թ. եւ 2017 թվականների աշխարհի չեմպիոն, 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի չեմպիոն:

Նախորդ հոդվածըՇարունակվում են դիրքային մարտերը
Հաջորդ հոդվածըՍտեփանակերտ-Երևան ճանապարհի որոշ հատվածներում երթևեկությունը կարող է վտանգավոր լինել