‘Արթուր Ալեքսանյան (Ամարասի Արթուր). «Սա չէ իմ երազած երկիրը»’

5727

Ամարասի Արթուրը, բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին

Ղարաբաղյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ անդրադառնալով տնտեսական խնդիրներին: Նամակում, մասնավորապես, ասված է. «Ճիշտն ասած, սա չէ իմ երազած երկիրը: Որպես Ձեր մարտական ընկեր՝ անկեղծորեն հայտարարում եմ, որ Հայաստանում անհնարին է օրինական ճանապարհով, առանց վերաբերմունք ցույց տալու եւ գումար վերադարձնելու (այսպես կոչված՝ «ատկատի») բիզնես վարել եւ նորմալ շահույթ ունենալ: Դրվածքն է այդպես. կամ պիտի լավ կապեր ունենաս վերեւներում, կամ էլ պիտի վերը նշված «ատկատը» տաս, որից հետո միայն կարող ես մտածել արտադրանքի մասին, որն էլ, իր հերթին, արդեն անորակ է, քանի որ այս ամենի հետեւանքով բարձրորակ արտադրանքից գրեթե շահույթ չի մնում: Սա է պատճառը, որ գործարարին ձեռնտու է դրսից ներմուծել ամեն ինչը բարձր գներով, երկար ճանապարհածախսով, մի 10%-ը՝ «ատկատով», մի 10-ն էլ՝ իրեն պահելով»:

Բարեփոխում. տնտեսական հեղափոխություն

Բաց նամակ ՀՀ նախագահին

Մեծարգո պարոն նախագահ

Հեռուստատեսությամբ դիտելով կառավարությանը հասցեագրված Ձեր քննադատական ելույթը՝ ես կրկին ձեռք բերեցի ապագայի նկատմամբ վստահություն: Ինչպես Դուք նկատել եք, տնտեսության ներկայիս իրավիճակը խղճալիից էլ առավել է, ամենուրեք տիրում են կոռուպցիա, «բարեկամ-հարազատական» հարաբերություններ եւ անարդարություն: Իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է շտկել այդ ամենը:

Ճիշտն ասած, սա չէ իմ երազած երկիրը: Որպես Ձեր մարտական ընկեր՝ անկեղծորեն հայտարարում եմ, որ Հայաստանում անհնարին է օրինական ճանապարհով, առանց վերաբերմունք ցույց տալու եւ գումար վերադարձնելու (այսպես կոչված, «ատկատի») բիզնես վարել եւ նորմալ շահույթ ունենալ: Դրվածքն է այդպես. կամ պիտի լավ կապեր ունենաս վերեւներում, կամ էլ պիտի վերը նշված «ատկատը» տաս, որից հետո միայն կարող ես մտածել արտադրանքի մասին, որն էլ, իր հերթին, արդեն անորակ է, քանի որ այս ամենի հետեւանքով բարձրորակ արտադրանքից գրեթե շահույթ չի մնում: Սա է պատճառը, որ գործարարին ձեռնտու է դրսից ներմուծել ամեն ինչը բարձր գներով, երկար ճանապարհածախսով, մի 10% «ատկատով», մի 10-ն էլ իրեն պահելով:

Պարոն նախագահ, Դուք հանձնարարել եք կառավարությանը՝ մշակել վերը նշված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումների պլան: Անշուշտ, Ձեր հանձնարարականը առավել քան արդիական է, եւ ես կարծում եմ, որ բոլոր կարող ուժերը ուղղակի պարտավոր են աջակցել կառավարությանը նշված ոլորտներում լրջագույն փոփոխություններ անելու նպատակով:

Ներկայացնում եմ Ձեզ իմ ծրագիրը, որը, իհարկե, դեռ վերջնականապես մշակված չէ: Ծրագրի էությունն այն է, որ անհրաժեշտ է անցում կատարել կարճաժամկետ տարեկան մրցույթներից երկարաժամկետ՝ 10-15 տարի մրցույթների՝ վերանորոգման եւ սպասարկման պարտադիր պայմանով ու կոնցենսիոն կառավարմամբ: Այն, ինչ ստեղծում ես, անհրաժեշտ է պահպանել, այսինքն՝ վերանորոգել եւ սպասարկել, որպեսզի երկարացնես դրա կյանքը: Իսկ մեզ մոտ սպասարկմանն ու վերանորոգմանը այնքան բյուջե է հատկացվում, որքան կբավարարի միայն քողարկելու հարդարում անելուն, քանի որ վստահ են, որ մեկ տարի անց եւս մեկ մրցույթում կշահեն եւ նոր ապրանք կգնեն:

Բացի այդ, երկարաժամկետ մրցույթները պետությանը թույլ կտան նոր արդյունաբերություն կազմակերպելու հնարավորություն ստեղծել:

Հայտնի ճշմարտություն է, որ ցանկացած երկրի առաջընթացի կարեւորագույն պայմաններից մեկը զարգացած տնտեսությունն է, ու դրան հասնելու համար պետությունն ինքն է ձեւակերպում իր տնտեսական առաջնահերթությունները:

Գաղտնիք չէ նաեւ, որ Հայաստանի տնտեսության շարունակական զարգացումն ապահովելու նպատակով կարեւորագույն հիմնահարցերից է տեղական արտադրության կազմակերպումն ու դրա ծավալային շարունակական աճը, ինչպես նաեւ ազատ մրցակցության իրական ապահովումն ու բիզնես միջավայրի բարենպաստ մթնոլորտի ձեւավորումը: Իհարկե, այս ուղղություններով պետության կողմից իրականացվել են մի շարք բարեփոխումներ եւ միջոցառումներ, սակայն դրանք առայժմ սպասված արդյունք չեն ապահովել, եւ կոնցեպտուլ փոփոխությունների անհրաժեշտությունը շարունակում է մնալ հրատապ:

Սույն հոդվածով հանդես գալու իմ հիմնական շարժառիթն է առկա խնդիրները եւս մեկ անգամ հրապարակային քննարկումն ու համապատասխան առաջարկություններով հանդես գալը:

Առաջարկում եմ մշակել համընդհանուր ծրագիր, որը միտված է փոխելու Հայաստանում պետական գնումների համակարգի եւ մրցույթների անցկացման մեխանիզմը: Ինչպես արդեն գրեցի, ծրագրի էությունն այն է, որ անհրաժեշտ է անցում կատարել կարճաժամկետ (տարեկան) մրցույթներից երկարաժամկետ (15-20 տարի) մրցույթների: Նշվածը վերաբերում է ինչպես ապրանքների արտադրության, այնպես էլ ծառայությունների մատուցման ոլորտներին: Երկարաժամկետ մրցույթները պետք է լինեն համահայկական, եւ դա կհանգեցնի ազգային տնտեսության բոլոր բնագավառների արագ զարգացմանը:

Կախված ապրանքների արտադրական բարդությունից եւ գնից, հումքից կամ տեխնոլոգիաներից՝ անհրաժեշտության դեպքում պետք կլինի ստեղծել համատեղ կազմակերպություններ՝ արտաքին ինստիտուցիոնալ ներդրողների ներգրավմամբ: Երկարաժամկետ մրցույթներն անհրաժեշտ է իրականացնել հատկապես պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարություններում, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, հանրային ծառայություններում եւ հաստատություններում իրականացվող պետական գնումների դեպքում: Իմ ծրագրով, որը կներկայացնեմ ստորեւ, կարելի կլինի բարձրացնել ծառայությունների եւ ապրանքների որակը, խնայել ՀՀ պետբյուջեի միջոցների ավելի քան 40%-ը: Իսկ ամենակարեւորը՝ հիմքեր կստեղծվեն աշխատատեղերի, արդյունաբերական ապրանքների արտադրության ծավալի ավելացման համար՝ հանգեցնելով ներմուծման ծավալների աստիճանական կրճատմանը: Բնականաբար, ներմուծվող ապրանքների վճարումներին ուղղվող մեծածավալ ֆինանսական հոսքերը կմնան Հայաստանում եւ կսպասարկեն մեր տնտեսությանը:

 

Հավելեմ, որ երկարաժամկետ մրցույթներ անցկացնելու համար անհրաժեշտ է մշակել հատուկ օրենսդրական դրույթներ յուրաքանչյուր ոլորտի համար առանձին՝ ըստ տարեկան պահանջարկի:

Որպես օրինակ քննարկենք բեռնատար ավտոմեքենաների արտադրության ոլորտը: Ենթադրենք, պետական կարիքների համար անհրաժեշտ է 100 հատ ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենա, որից 50 հատը՝ ՊՆ-ի, 30 հատը՝ Ոստիկանության եւ 20 հատը՝ ԱԱԾ-ի համար: Դրա ընդհանուր արժեքը կարող է կազմել 5,000,000 դոլարին համարժեք դրամ, իսկ դեպի Հայաստան բեռնափոխադրումների գումարը կկազմի 500,000 դոլարին համարժեք դրամ: Նույն պետական հաստատություններում հին ավտոհավաքակայանի տարեկան նորոգման եւ պահպանման համար անհրաժեշտ կլինեն 400,000 դոլարին համարժեք դրամ արժողությամբ պահեստամասեր: Իսկ այժմ ներկայացնեմ, թե ինչպես եմ տեսնում դրա լուծումը: Պարտադիր պայմաններ են.

1) Պետական գնումների ընթացակարգով սահմանված կարգով մատակարարի հետ կնքվում է պայմանագիր 10 տարի ժամկետով:

2) Առաջին եւ երկրորդ տարիներին վճարվում եւ գնվում է 100 ավտոմեքենա:

3) Երրորդ եւ չորրորդ տարիների ընթացքում, պայմանագրով սահմանված կարգով, մատակարարը պարտավոր է ստանալ ԿԱՄԱԶ ընկերության համապատասխան լիցենզիա եւ ստեղծել հավաքման արտադրամաս, սպասարկման կենտրոն եւ կազմակերպել մնացած, առնվազն 900, ավտոմեքենաների կոմպլեկտավորումը Հայաստանում՝ ըստ պայմանագրով սահմանված ժամկետների:

4) Մատակարարը պարտավոր է պահեստում ունենալ առնվազն 3-4 տարվա պահեստամասեր՝ պատերազմական շրջանի եւ Հայաստանում լիակատար շրջափակման դեպքերի համար:

5) 5-6 տարվա ընթացքում պետության աջակցությամբ պետք է ստեղծվեն փոքր ձեռնարկություններ՝ ավտոմեքենաների կոմպլեկտավորման համար անհրաժեշտ ապրանքների եւ դետալների արտադրության համար (թափքեր, անվադողեր, մարտկոցներ եւ այլն), ինչը նաեւ կստեղծի նոր աշխատատեղեր:

Այս ճանապարհով եւ պետության աջակցությամբ կարելի է ստեղծել եւ կազմակերպել ռազմական նշանակության ավտոմեքենաների, զենքի, ռազմամթերքի, հատուկ սարքավորումների, հատուկ տեխնիկայի եւ այլ խիստ անհրաժեշտ ապրանքների արտադրությունը, կոմպլեկտավորումը եւ սպասարկումը: Կարեւոր հանգամանք է նաեւ հայ ինժեներների, կոնստրուկտորների, համապատասխան մասնագետների եւ հայ գիտնականների տեղեկատվական բազայի ստեղծումը, ովքեր այսօր ցրված են ամբողջ աշխարհում եւ ստեղծում են այս ամենը օտար երկրներում:

Այս առումով եւ ընդհանրապես անչափ կարեւոր է մետաղագործության զարգացումը: Ամեն տարի Ռուսաստանից եւ Ուկրաինայից ներմուծում ենք ավելի քան 1 միլիարդ դոլարի ամրաններ, մետաղական կառուցատարրեր, մինչդեռ Հայաստանում կան բազմաթիվ, հարուստ ավանդույթներ ունեցող մետաղական հանքավայրեր եւ հանքեր: Արդյոք այդքան դժվա՞ր է պետական կառույցների միջոցով ներգրավել եւ կոչ անել բոլոր պոտենցիալ ինվեստորներին եւ բանկերին, որպեսզի Հայաստանում ֆինանսավորվեն այդպիսի գործարանների կառուցումը՝ համապատասխան պետական երաշխիքների տրամադրմամբ: Մյուս տարբերակը կարող է լինել այն, որ հանքավայրերը պետք է շահագործման տրվեն միայն ֆինանսապես կայուն եւ փորձառություն ունեցող սուբյեկտներին՝ ի սկզբանե որպես պարտադիր պայման ամրագրելով տեղերում արտադրության կազմակերպումը:

Հարկավոր է վերականգնել կաշվե իրերի արտադրման գործարանները: Խորհրդային տարիներին Հայաստանում եղել է յոթ այդպիսի գործարան, իսկ հիմա, կարծես թե, ոչ մեկը չի գործում: Հայաստանում տարեկան մորթվում է հազարավոր գլուխ անասուն, եւ նրանց կաշին ներքին շուկայում որեւէ կերպ չի օգտագործվում: Ըստ էության, այն ամբողջությամբ արտահանվում է, ենթարկվում վերամշակման եւ հետագայում նորից ներմուծվում Հայաստան՝ ներքին շուկայի (այդ թվում՝ բանակի) հսկայական պահանջարկի բավարարման նպատակով:

Անհրաժեշտ է անհապաղ ստեղծել ռազմական արդյունաբերության նախարարություն, որն ունենալու է հետեւյալ նպատակները.

* Ծանր արդյունաբերության եւ մետաղագործության զարգացում

* Թեթեւ արդյունաբերության զարգացում

* Հաստոցաշինության զարգացում

* Ինժեներների եւ այլ մասնագետների պատրաստում

* Նոր էներգետիկ տեխնոլոգիաների զարգացում

* Նախագծային կենտրոն (զենքի եւ զինամթերքի, զրահապատ տրանսպորտային միջոցների արտադրության սպասարկման համար):

Կարեւորում եմ նաեւ ազատ գոտիների ստեղծման կառավարության որոշումը՝ նոր տեխնոլոգիաների զարգացման առումով:

Այս ամենը «տեղից շարժելու» համար անհրաժեշտ է հավաքագրել եւ մոբիլիզացնել համայն հայության մարդկային, մասնագիտական ռեսուրսները, ստեղծել մարդկային ռեսուրսների բազա (հայ գիտնականներ, խոշոր ֆինանսիստներ, իրավաբաններ, տնտեսագետներ, բժիշկներ, բիզնեսմեններ, ռազմական մասնագետներ եւ փորձագետներ, մշակույթի գործիչներ եւ այլն):

Անչափ կարեւոր է նաեւ ճանապարհների խնդիրը: Իմ ծրագրով՝ ճանապարհները պետք է տրվեն երկարաժամկետ կառավարման, այսինքն՝ 10-15 տարիների ընթացքում շինարարության եւ սպասարկման համար:

Պայմանագրի պայմանները պետք է լինեն հետեւյալը.

Որոշվում է ճանապարհի տեսակը, գնահատվում է դրա սպասարկման համար անհրաժեշտ գումարը (ձմեռային-ամառային) ամբողջ տարվա համար, եւ 15 տարիների ընթացքում ամսական վճարում են ըստ կատարված աշխատանքների: Եթե սկզբում պահանջվում է ճանապարհի վերականգնում (բարեկարգում կամ նորոգում), ապա պետությունը կարող է վճարել աշխատանքների համար անհրաժեշտ գումարի 50%-ը, իսկ մնացած 50%-ը կարող է վճարվել հետագա մի քանի տարիների ընթացքում՝ միաժամանակ երաշխավորելով ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկ ստանալու հնարավորությունը: Արդյունքում, պետությունը կխնայի մինչեւ 50%-ը այն գումարի, որը կատարվում է ճանապարհաշինության ներկայիս գոյություն ունեցող ամենամյա ծախսերի գծով: Քննարկման առարկա կարող է լինել նաեւ միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող վճարովի ճանապարհների գաղափարը՝ բեռնատար ավտոմեքենաների համար: Այս մեխանիզմով կարելի է արագ տեմպերով լուծել ճանապարհների, կամուրջների վերականգնման հարցը եւ նույնիսկ կառուցել նորերը:

Վերը նշված երկարաժամկետ ծրագրերին անցում կատարելը անխուսափելիորեն հանգեցնելու է արտահանմանը, տեղական արտադրությանը, բազմաթիվ աշխատատեղերի ստեղծմանը, գիտական եւ մարդկային ներուժի համախմբմանը, արտագաղթի տեմպերի նվազեցմանը:

Բայց, որպեսզի երկարաժամկետ մրցույթների ծրագիրը աշխատի անխափան, պետք է օրենսդրական մի շարք փոփոխություններ կատարել, վերանայել հարկային, մաքսային եւ բանկային ոլորտները կարգավորող ենթաօրենսդրական ակտերը՝ նոր ներդրումների մասով:

Մասնավորապես, նոր գործարանների, ֆաբրիկաների եւ այլ արտադրական օբյեկտների շինարարության եւ շահագործման ընթացքում պետք է սուբյեկտներին տրամադրվեն հարկային եւ մաքսային ավելի մեղմ ռեժիմներ, հարկերի հետաձգում որոշակի ժամկետով:

Էականորեն պետք է ակտիվացնել արդեն իսկ ստեղծված, սակայն, կարծես թե, որեւէ լուրջ ծրագրի ֆինանսավորմամբ դեռեւս աչքի չընկնող Համահայկական Բանկի աշխատանքը՝ համահայկական բնույթի, ռազմավարական եւ արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների ծրագրերի ֆինանսավորման նպատակով:

Եվս մի հանգամանք, որը ուզում եմ անպայման շեշտադրել:

Ի վերջո, ժամանակն է ամբողջությամբ մեր պետության զարգացման գաղափարի շուրջը համախմբել ամբողջ սփյուռքին: Այսքան տարիների ընթացքում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով մեզ այդպես էլ չհաջողվեց սփյուռքի ներուժը լիակատար ծառայեցնել մեր հայրենիքին: Ընդ որում, խոսքը գնում է եւ ֆինանսական, եւ մտավոր՝ մարդկային ռեսուրսների մասին: Պետք է երկրի բիզնես միջավայրի բոլոր հարթակները ազատականացնել, ամենաբարձր մակարդակով երաշխավորել բոլոր ներդրողների շահերի եւ իրավունքների պաշտպանությունը, հստակ քայլեր կատարել յուրաքանչյուր սփյուռքահայ բիզնեսմենի հայրենիք «բերելու», բիզնես անելու եւ շահույթ ստանալու ակնկալիքով, որից, ի վերջո, կշահենք բոլորս: Իսկ եթե սփյուռքի մեր բազմահազար հայրենակիցներից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ այցելի իր պատմական հայրենիքը, արդեն կարող ենք խոսել տուրիզմի զարգացման լուրջ հիմքերի կայացման մասին:

Եկեք բոլորս գիտակցենք վերջապես, որ մեր երկրի կայացման եւ զարգացման գործը յուրաքանչյուրիս պարտքն է, յուրօրինակ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՒՐՔ:

 

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

պահեստի գնդապետ

Հ. Գ. Պետք է հիշել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պատերազմը, որի հետեւանքով առաջացած շրջափակումից Հայաստանն ավելի շատ տուժեց, քան մյուսները, քանի որ ազգային տնտեսությունը պատրաստ չէր դրան եւ բավարար չափով դիվերսիֆիկացված չէր, իսկ պահուստային ֆոնդերն էլ բավարար չէին: Եվ եթե այդ ժամանակ, օգտվելով իրավիճակից, Ադրբեջանը հարձակվեր Արցախի կամ Հայաստանի վրա, դժվար չէ ենթադրել, թե ինչ խնդիրներ կառաջանային:

aravot.am

Նախորդ հոդվածը‘Ռոբերտ Արզումանյանի հաջող նորամուտը’
Հաջորդ հոդվածը‘Գրիգորի Կարասինն ու Ֆիլիպ Լեֆորտը քննարկել են ԼՂ խնդիրը’