‘Արթուր Գեւորգյանը ներողություն է հայցում իր արտահայտություններից վիրավորվածներից’

1110

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայության պետ Արթուր Գեւորգյանը դիտավորություն չի ունեցել «ուռոդ» եւ «տականք» անվանելու քաղաքապետարանի գործելաոճը քննադատող քաղաքացիներին, բայց, այնուամենայնիվ, ներողություն է հայցում բոլոր նրանցից, ում վիրավորել են իր արտահայտությունները:

Արթուր Գեւորգյանը խնդրի շուրջ հայտարարություն տարածեց իր ֆեյսբուքյան էջում: Դրանում ասվում է.

Հարգելի գործընկերներ, երեկ ինձ դիմել է news.am լրատվական կայքի լրագրողներից մեկը, ով մի շարք հարցերի շրջանակում նաև պարզաբանում է խնդրել «Էրեբունի–Երևան 2795» տոնակատարության ծախսային մասի վերաբերյալ։ Մեր զրույցի ընացքում լրագրողի հետ ունեցած մեր հարց ու պատասխանի ընթացքում իմ կողմից արված էմոցիոնալ պատասխանները տարընթերցման տեղիք են տվել, ինչի արդյունքում մենք իրար չենք հասկացել։ Բնականաբար, շատ լավ հասկանալով և գիտակցելով՝ ինչ ասել է թե՛ գործընկեր և թե՛ քաղաքացի, ես ինձ երբեք թույլ չէի տա որևիցե մեկին վիրավորել։ Միաժամանակ, համամիտ եմ, ավելին, կիսում եմ այն կարծիքը, որ յուրաքանչյուր անձ ունի իր սեփական կարծիքն ու դիրքորոշումն այս կամ այն հարցի վերաբերյալ։ Շատ եմ ցավում և ափսոսում, որ այս նախատոնական օրերին մեզանում նկատվում են բացասական էմոցիաներ։ Եվ եթե իմ խոսքը մեկնաբանվել է այլ կերպ կամ վիրավորել է որևիցե մեկին, ես ներողություն եմ խնդրում։ Այնուամենայնիվ, չմոռանանք, որ արդեն այսօր մեր սիրելի Երևանը դարձավ 2795 տարեկան, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս և մաղթում եմ, որ բոլորս վայելենք այս հրաշալի տոնի բերկրանքն, ու յուրաքանչյուրս մեր չափով ներդրում ունենանք մեր քաղաքի զարգացման շնորհակալ գործում:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականն ու Եվրո-2016-ը’
Հաջորդ հոդվածը‘Ում «վզին են դրել» «Էրեբունի-Երեւան»-ի ծախսերը’