‘Արթուր Գրիգորյան. Եվրաասոցացման գործընթացը և սոփեստության ժամանակները’

2139

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ (Առաջին եւ երկրորդ մասեր)

Ցպահանջ ժողովրդավարություն

Հայաստանյան կոնտեքստում ժողովրդավարությունն ունի երկու հիմնական դրսևորում՝ որպես պետականություն կերտելու համար անհրաժեշտ արժեհամակարգ և… որպես հայ ժողովրդի շահերի դեմ օգտագործվող գործիք: Խուսափելով ժողովրդավարության բովանդակության վերաբերյալ դասագրքային ձևակերպումներից՝ փորձեմ ներկայացնել, թե ինչպես է տեղի ունենում ժողովրդավարական արժեհամակարգի բովանդակազրկումը, և թե ինչու՞ է մեզ պետք կերտել իրական, բովանդակային ժողովրդավարություն: Անշուշտ, աշխարհում կան նաև կառավարման այլ մոդելներ: Սինգապուրը, Չինաստանը, Ռուսաստանը կամ Իրանը այլ հաջողված մոդելներ են մշակել՝ պայմանավորված իրենց երկրներին բնորոշ կրոնական, դեմոգրաֆիական և այլ գործոններով: Սակայն Հայաստանի պես փոքր, մոնոէթնիկ երկրում ժողովրդավարական մոդելն ամենանախընտրելին է, որի իրական բովանդակությունը՝ եվրոցինիկների կողմից չայլասերված վիճակում, լիովին բավարար է բարեկեցիկ ու զարգացող երկիր ունենալու համար:

Որպես արժեքային համակարգ՝ ժողովրդավարությունը մի շղթա է, որը կազմված է շատ կոնկրետ բովանդակային տարրերից՝ արդարատադություն, խոսքի և մամուլի ազատություն, իրավունքի գերակայություն, օրենքի առաջ բոլորի հավասարություն, ազատ տնտեսական մրցակցություն… Եվ այդ ամենը սկսվում է ընտրություններից: Չկա ընտրությունների ինստիտուտ՝ ժողովրդավարության, ինքնիշխանության մասին մոռացեք: Լեգիտիմ իշխանության առկայությունը տրամաբանական շղթայով հանգեցնում է նրան, որ երկրում ձևավորվի նաև արդարադատության համակարգ և աշխատող տնտեսություն: Ինչո՞ւ: Որովհետև նորմալ ընտրությունների պարագայում մարդիկ ուղղակի չեն ընտրի մի իշխանության, որը չի ապահովում այս երկու՝ նվազագույն պայմանները, իսկ իշխանությունը ստիպված է դրանք ապահովել, որ նորից վերընտրվի: Անհերքելի է, որ ազատ ընտրությունների, արդարադատության ինստիտուտների առկայությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը հանգեցնելու են ժողովրդի սոցիալական վիճակի շարունակական բարելավմանը, քանի որ պաշտպանված բիզնես միջավայրում հայ ժողովուրդը հաշված ամիսների ընթացքում երկրի տնտեսությունը կենթարկի շոկային թերապիայի: Նրան պետք է ընդամենը ապահովել նորմալ օրենսդրական և դատական համակարգով ու չխանգարել: Իր հերթին՝ նորմալ սոցիալ-տնտեսական պայմաններում մարդիկ կնախընտրեն ապրել և աշխատել իրենց երկրում, որի արդյունքում կավելանան պետության պաշտպանունակությունն ու հասարակության դիմադրողականությունը: Իսկ այդպիսի պետության ղեկավարությունն ի վիճակի է դիմակայել ցանկացած «պուտինի»՝ լինի դա հյուսիսային, թե արևմտյան:

Ահա ձեզ առավելագույնս պարզունակ հիմնավորում, թե ինչու է Հայաստանի հանրությանը պետք ոչ թե ժամանակ ու էներգիա վատնել «հորիզոնական հարաբերությունների» և այլ հեծանիվների վրա, այլ ընդամենը գործի գցել հաջողությամբ փորձարկված մեխանիզմը՝ սկսելով ժողովրդավարության անհերքելի հիմնասյունից՝ ընտրություններից: Մեր ինքնիշխանության երաշխիքը ոչ այլ ինչ է, քան ժողովրդավարական ինստիտուտները կենսագործելու արդյունքում ձևավորվող կայուն սոցիալ-մշակութային միջավայրը և ամուր տնտեսությունը: Հիմա գնահատենք, թե մեզանից բացի է՛լ ում է ձեռնտու Հայաստանը տեսնել որպես ինքնիշխան, ժողովրդավարական պետություն:

Հյուսիսային իմպերիայի մասին շատ խոսելու բան չկա՝ այդ սուբյեկտին ժողովրդավարությունը չի հետաքրքրում: Նրա նպատակն է ուժով քեզ պահել իր ազդեցության գոտում, ինչի մասին առանց սեթևեթանքների ասում է: Որպես դասական իմպերիա՝ նա քեզանից վերցնելու է այն ամենը, ինչ դու ստիպված կլինես զիջել: Իսկ զիջել ստիպված ես այնքանով, որքանով ժողովրդավարական հաստատություններդ չեն գործում, ունես ոչ լեգիտիմ, խոցելի իշխանություններ, թույլ տնտեսություն, բարոյալքված, դիմադրողականություն չունեցող հասարակություն: Կարճ ասած՝ հյուսիսը շահագրգռված չէ, որ դու լինես ժողովրդավարական երկիր, բայց բովանդակային առումով չի էլ խանգարի, եթե միայն չփորձես մտնել իր հակառակորդ իմպերիայի ազդեցության տակ: Վրաստանը հենց այդպես վարվեց, որի արդյունքում Հարավային Օսիայի նոր սահմանն այսօր գտնվում է Թբիլիսիից երեսուն կիլոմետր հյուսիս: Պատմահայրը կասեր՝ …մենք փոքր ածու ենք, թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտարների կողմից նվաճված, բայց… Բայց եթե մենք զարգացնենք վերը թվարկված ժողովրդավարական ինստիտուտները, ո՞վ է մեզ դա արգելելու: Ո՞վ է Սաշիկին ստիպում բոլորի հետ փայ մտնել, ո՞վ է լիսկաներին անպատիժ կերպով մարդ սպանելու լիցենզիաներ շնորհում, ո՞վ է ստիպում կուտակային կենսաթոշակային համակարգի անվան տակ նորից քամել ժողովրդին (կարծես թե ամերիկյան USAID կազմակերպությունն է նախաձեռնել): Մեր մեջ ասած՝ դու ստեղծիր պինդ պետություն, ու երբ ռեսուրսներդ կբավարարեն, իրավիճակն էլ պատեհ կլինի, քո նախընտրած ուղին կընտրես:

Անցնենք մյուս իմպերիային: Դատելով առկա փաստարկներից՝ ամենաշատը Եվրոպան է «ազնվորեն» շահագրգռված, որ Հայաստանը լինի կայացած ժողովրդավարական երկիր, որովհետև մեզ կպոկի Ռուսաստանից: Հետո՞: Ասենք թե պոկեց՝ զարգացնելու է բարձր տեխնոլոգիաներով ինդուստրիալ պետությո՞ւն, թե՞ գուցե  դարձնի իր համար բնառեսուրսային կցորդ: Չէ, արևմուտքի նպատակը հյուսիսային իմպերիայի ազդեցության գոտին զավթելը չէ, ոչ էլ ռեսուրսների համար գնալով սաստկացող կռիվը երկու բևեռների միջև: Եվրոպացիների նպատակն է՝ «շարունակաբար բարելավել ժողովրդավարական հաստատությունները և դատական համակարգը», «խթանել մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը», «պայքարել կոռուպցիայի դեմ», «կատարելագործել առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրը» և այլն, և այդպես շարունակ: Հիմա մեկ փորձով կռահեք, թե որտեղի՞ց է վերցված այս բովանդակազուրկ բառաթեփը: Կռահեցիք, այս ձեռագիրն անհնար է շփոթել՝ մեջբերում հայ-եվրամիութենական՝ վիլնյուսյան համատեղ հայտարարությունից:

Հետաքրքիր է՝ ի՞նչն եք շարունակելու բարելավել՝ գուցե դատական համակա՞րգը: Թե որքանով է մինչ օրս բարելավվել արդարադատության վիճակը և պիտանիության ինչ գործակից է ունեցել տասնյակ տարիներ եվրոփողերով շարունակաբար «բարեփոխվող» դատական համակարգը՝ գնահատեք ինքներդ:

Ո՞ր ժողովրդավարական հաստատությունն եք ուզում «շարունակաբար բարելավել»: Գուցե ընտրական համակա՞րգը: Ձեզ մի բան եմ ուզում ասել. հասարակությունը՝ քաղաքացիական կամ ոչ այնքան, ունի մտածելու, վերլուծելու ունակություն: Ժողովրդավարության մասին ծպտուն հանելիս  նախ պետք է հիշել, որ մեր արժանապատվությունը ստորացվել է ամեն «մեկ քայլ առաջի» ժամանակ: Եթե Նիդեռլանդների և Հայաստանի ընտրությունները գնահատվում են տարբեր ստանդարտներով, դա արդեն ժողովրդավարություն չէ՝ այս երևույթը սահմանելու համար այլ բառ մտածեք: Օրինակ՝ մշակութային ռասիզմ: Այո՛, երկակի ստանդարտ տերմինն ընդամենը մեղմասացություն է: Սա հենց ռասիզմ է: «Մեկ քայլ առաջ»՝ նշանակում է՝ քո էթնիկական, մշակութային առանձնահատկություններից ելնելով՝ դու ի վիճակի չես կազմակերպել «սպիտակ ռասայի» համար ընդունելի համարվող ընտրություններ, բավարավի՛ր սրանով: Ձեր գործի բնույթից կարծես չի բխում գնահատել, թե քանի քայլ է առաջ ու հետ արվել՝ դո՛ւք չեք որոշողը, թե մենք քաղաքակրթության ինչ մակարդակ ունենք: Ձեզ ասել են՝ եկեք վեր ընկեք էստեղ ու հետևեք ընտրությունների ընթացքին՝ առաջնորդվելով ոչ պակաս, քան Նիդեռլանդների չափանիշներով, քանի որ Հայաստանը վավերացրել է ԵԽ կանոնադրությունը՝ Նիդեռլանդների հետ միևնու՛յն չափորոշիչներով:

Առանց այս փաստերի հաշվառման «պրո» և «հակա» տիրույթներում էլ սկսվում է սոփեստության հաջորդ թեման. այո՛, արևմուտքը լեգիտիմացրել է կեղծված ընտրությունները: Այո՛, դա արվել է Սերժ Սարգսյանի ռեժիմին սիրաշահելու և իրենց կողմը քաշելու համար: Բոլորը համաձայն են նաև, որ այդ վարքագիծը հակաժողովրդավարական, ցինիկ և մեր նկատմամբ նվաստացուցիչ էր: Բայց… շարունակում են առանց Եվրոպայից բացատրություն պահանջելու և նույնիսկ՝ հանդուրժելով նույն ցինիկ քաղաքականությունը՝ հետևողականորեն վազել դեպի արևմտյան պուտինների գիրկը: Ինչո՞ւ: Որովհետև նրանք ժողովրդավարական, բարեկեցիկ երկրներ են: Է հա, քե՛զ ինչ: Իրենց հանրությունների համար են ժողովրդավարական ու բարեկեցիկ: Հայաստանն իրենց համար ոչ թե պետություն է, այլ տարածք, իսկ մենք՝ ոչ թե պետության քաղաքացիներ, այլ տարածքի բնակչություն՝ հանքափոր աշխատելու համար: 

Բերեմ ևս մեկ կոնկրետ փաստ ու բոլոր փաստերի համադրման ու վերլուծության արդյունքում բխեցնեմ մտահանգում. Ջերմուկ քաղաքից ոչ հեռու՝ Սևանա լճի ջրահավաք ավազանում, կա Ամուլսար կոչվող վայր, որտեղ կա ոսկու հանքավայր: Դրա շահագործման իրավունքը ձեռք է բերել բրիտանական օֆշորում գրանցված ինչ-որ ընկերություն, իսկ բրիտանացի զույգ դեսպանները ամեն գնով պաշտպանում են «սեփական ներդրողների շահերը»: Նախագիծը բացահայտորն հակասում է Հայաստանի բազմաթիվ օրենքների, վնասում է Ջերմուկի տնտեսական զարգացման՝ հսկայական շահույթներ խոստացող հեռանկարը, վտանգում է Սևանա լիճը ռադիացիոն գործոններով, ինչի մասին խոսվում է Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի բացասական եզրակացության մեջ, էլ չասած՝ բնապահպանական գործոնների, այդտեղ առկա մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Այս ամենով հանդերձ՝ «ամենաքաղաքակիրթ ու ժողովրդավարական» երկրներից մեկի՝ Մեծ Բրիտանիայի դեսպանները, ամենամերկանտիլ վարքագիծ դրեևորելով և կառավարության վրա բացահայտ ճնշումներ գործադրելով, առաջ են տանում այս հակամարդկային նախագիծը:

Գիտե՞ք՝ ինչու: Չեք հավատա՝ ուղղակի նրանք Հայաստանում ունեն իրենց սեփական շահերը և դրանք սպասարկելիս բացահայտորեն ու շատ վերևից արհամարհած ունեն քո օրենքներն էլ, քաղաքացիական հասարակության կարծիքն էլ, պետական ինստիտուտներն էլ, տո՛ ինքնիշխանությունդ էլ: Նա պատրաստ է ոչնչացնել Սևանա լիճն էլ, Ջերմուկի ջրերն էլ, որպեսզի Մեծ Բրիտանիայի տնտեսության համախառն ներքին արդյունքը, ասենք՝ մեկ ֆունտ ստեռլինգով ավելանա: Դա կոչվում է սեփական շահերից բխող քաղաքականություն՝ հակառակ քո ազգային անվտանգության և տնտեսական շահերի, որովհետև դու ընդամենը ռեսուրս ես կամ ֆորպոստ՝ նայած թե որ իմպերիան ինչ առաջնահերթություններ ունի ու ոտքն ինչքան է պնդացրել քո երկրում, որ մյուս իմպերիայից քո մարմնի առանձին կտորներ փախցնի: Գիտե՞ս՝ ինչու: Որովհետև ներքին ինքնիշխանությունից զուրկ, սեփական շահերը չձևակերպած և ինքնանպատակ «պրո» ու «հակա» դաշտերում իրեն պատեպատ ծեփող հանրությունը չի կարող ունենալ սեփական ես, էլ չեմ ասում՝ ինքնիշխան պետականություն: Որովհետև քո իշխանություններից ցանկացած բան ստանալու համար կա անսահմանափակ պոտենցիալ՝ անհատական կոմպրոմատներից մինչև ոչ լեգիտիմության հարցերի հմուտ շահարկում:

Իրականում բրիտանացի դեսպանները ոչ մի սխալ բան չեն անում: Նրանք ազնվորեն գործում են ձևավորված խաղի կանոններով: Ոչ ոք քո ութհազարամյա տանջված աչքերի գեղեցկությունը չի գնահատելու, և դա նորմալ է: Վաղուց ժամանակն է հասկանալ, որ իմպերիաների շահերը քո շահերը չեն, բոլորն ունեն միայն սեփական շահեր, ու դա նորմալ է: Նորմալ չէ, երբ մեր հանրության՝ բարձր կրթական ցենզ ունեցող մարդիկ սա որպես քննարկման առարկա չեն դիտարկում: Ոչ ոք քեզ համար ժողովրդավարություն չի կերտելու, որովհետև ոչ ոքի շահերից չի բխում, որ Հայաստանը լինի ժողովրդավարական երկիր, քանի որ այդ դեպքում գործի է դրվելու տրամաբանական շղթան՝ ամուր տնտեսություն, դիմադրող հասարակություն, ժողովրդի աջակցությունն ունեցող՝ չզիջող իշխանություն: Բոլորին ձեռնտու է Հայաստանում ունենալ թույլ, խոցելի, կոռումպացված հանցակույտ, որն իր մորթին պահելու համար ամեն ինչ դնում է աճուրդի: Ոչ թուրքը, ոչ ռուսը, ոչ էլ անգլիացին իր առջև նպատակ չեն դրել քեզ բնաջնջել, ստրկացնել կամ քո երկրից վտարել, բայց նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է այդ ամենն անել, եթե դա բխում է իրենց շահերից, իսկ դու չունես քոնը կամ ունակ չես դրանք պաշտպանելու: Եվ պատկերացրեք՝ դա էլ է նորմալ: Ընդամենը պետք է հասկանալ և ընդունել խաղի համընդհանուր կանոնները, շատ կոնկրետ ձևակերպել սեփական շահն ու դրան հասնելու համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը, ապա՝ գործի դնել ժողովրդավարության մեխանիզմը և բոլորի հետ խոսել այդ շահի դիրքերից: Սա չհասկանալու պարագայում մի օր հերթական անգամ կարձանագրենք, որ անիվը սայլի նորից կոտրվեց իր սիրած փոսում:

Ամփոփեմ. հյուսիսային իմպերիալիստների շահերից չի բխում իր ազդեցության գոտիներից որևէ մեկում ունենալ ժողովրդավարական համակարգ, քանի որ ինքնուրույն զարգացող, պինդ պետությունը դժվար թե համակերպվի երկար մնալ սահմանային ֆորպոստի կարգավիճակում: Արևմտյան իմպերիալիստներին ևս ձեռնտու չէ, քանի որ դժվար կլինի այդպիսի պետությանը ներքաշել իր նախաձեռնած՝ երկարաժամկետ պարտքային ստրկության մեջ և տնօրինել նրա ռեսուրսները: Հայ ժողովրդի ինքնիշխանությունը և բարեկեցությունը կարող է երաշխավորվել միայն սահմանադրական արժեհամակարգ ունեցող ժողովրդավարական պետականություն կերտելու պարագայում: Իսկ դա հնարավոր է բացառապես ներհայաստանյան միավորների միջոցով, քանի որ օտարի համար ժողովրդավարությունն ընդամենը գործիք է, պետական իշխանության վրա ըստ անհրաժեշտության գործադրվող ճնշումները «լեգիտիմացնելու» լծակ, և ոչ երբեք արժեհամակարգ: Իրական, բովանդակային ժողովրդավարություն կերտելու համար պետք է կենտրոնացնել ներքին ռեսուրսները, որի գործընթացն արդեն սկսվել է…

Հ.Գ. Հարցնում եք՝ ինչո՞ւ սեպտեմբերի 3-ից հետո ժողովրդական զանգվածներ ոտքի չկանգնեցին, ինչպես դա եղավ Ուկրաինայում: Որովհետև հասարակ ժողովրդական զանգվածը բոլորից ավելի անաչառ ու օբյեկտիվ է գահատում պարզ իրողությունները: Չնայած 2008-ին Ազատության հրապարակում հավաքված զանգվածներից ոչ բոլորը գիտեին՝ ինչ բովանդակություն ունեն, օրինակ՝ անօտարելի իրավունքներ, քաղաքացիական հասարակություն, ազատ տնտեսական մրցակցություն կամ արդարադատության մատչելիություն եզրույթները, բայց որպես ինքնիշխան հանրություն՝ ենթագիտակցական մի մղումով  համախմբվել էին հենց այդ արժեքները պաշտպանելու, իրական ժողովրդավարություն կերտելու: Իսկ օրնիբուն աշխարհով մեկ ժողովրդավարություն սերմանողները նրանց տառապանքի, իսկ հետո՝ մարտիմեկյան արյան հաշվին կոմպրոմատների կույտ էին հավաքում՝ սեփական շահերին ծառայեցնելու միակ նպատակով:

Եվ վերջում…

Շարունակելի

Նախորդ հոդվածը‘Մինսկի մատույցներում ցուցապաստառ են կախել՝ «Russian army go home!»’
Հաջորդ հոդվածը‘ԱՎԾ. 2013թ. նոյեմբերին տնտեսական ակտիվությունը նվազել է 10,3 տոկոսով’