‘Արթուր Գրիգորյան. Եվրաասոցացման գործընթացը և սոփեստության ժամանակները. Մաս 4’

1741

ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ (Մաս 1, 2, 3)

Սոփեստության վերջին հանգրվանը և կոնկրետանալու պահը

Հասանք. 2008-ը պրոռուսական շարժում էր, դրա համար էլ արևմուտքը մեզ չօգնեց: Մի զուգահեռ տանեմ. ամիսներ առաջ հանրային լայն արձագանք ստացավ Երևանի պետական համալսարանի հրապարակած «Հայոց պատմություն» բուհական դասագրքում մարտիմեկյան իրադարձությունների կեղծումը: Որքան էլ ստոր ու քամահրելի է նոմենկլատուրային «պատմաբանների» արածը, այնուհանդերձ, այդ մարդիկ երբևէ չեն պայքարել հանուն ինքնիշխանության, ժողովրդավարության, էլ չասած՝ եվրաասոցացման, և իրենց չեն դասում քաղաքացիական հասարակության շարքին: Հիմա ականատեսն ենք մեր աչքի առաջ, մեր մասնակցությամբ տեղի ունեցած նորագույն պատմության այլասերման մի նոր՝ արդեն իսկապես նողկալի դրսևորման. արևմուտքը չի աջակցել 2008-ի շարժմանը, քանի որ այն պրոռուսական էր: Ստացվում է՝ Եվրոպան լավ է արել, որ թույլ է տվել մարտիմեկյան սպանդ, քանի որ դա պրոռուսական շարժում էր, չէ՞: Ընդ որում, այդ մասին ակնարկում են մարդիկ, ովքեր անմիջական երկարատև մասնակցություն են ունեցել այդ գործընթացին: Այսինքն՝ դուք՝ որպես մտահասուն մարդիկ, տարիներ շարունակ գիտակցված կերպով մասնակցել եք ոչ թե 88-ից հետո հաջորդ համազգային ժողովրդավարական շարժման, այլ, միամտաբար խաբվելով, ընկել եք ռուսաֆիլների ճիրանները:  Հետաքրքիր է, իսկ երբվանի՞ց գլխի ընկաք: Երբ ջարդվեցին երեսպաշտ եվրոբյուրոկրատիայի վարքագիծն արդարացնելու բոլոր մնացած փորձե՞րը, թե՞ երբ սպառվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուց խուսափելու բոլոր պատրվակները:

Ես հավատում եմ, որ համաժողովրդական շարժման՝ պրոեսիմինչական լինելու վերաբերյալ կեղծ թեզը շրջանառող մարդկանց մեջ սեփական արտադրության ակտիվիստներն ու պետպատվերով արևմտամետները փոքր մաս են կազմում: Մյուսներին՝ նաև իմ ընկերներին, ովքեր եվրաինտեգրման անկեղծ ձգտումից կարող են նաև ընկնել բարեխիղճ մոլորության մեջ, ուղղակի խնդրում եմ ադեկվատությունը չկորցնել: Տարիներ հետո, երբ այս թոհուբոհը կանցնի, դուք ձեզ գուցե չկարողանաք համարել 2008-ի մեծ գործի մասնակից: Սա մի Ռուբիկոն է, որը չի կարելի անցնել:

Գուցե չգիտակցված կերպով՝ այս սուտը շրջանառողները, որպես փաստարկ, հիշեցնում են ռուս-վրացական պատերազմի ժամանակ Տեր-Պետրոսյանի գնահատականն առ այն, որ Ռուսաստանը օսական ժողովրդին փրկեց ցեղասպանությունից: Չանդրադառնալով տրված գնահատականին՝ պարզապես հիշողությունը թարմացնելու համար արձանագրենք, որ այդ պատերազմը եղել է օգոստոս ամսին, իսկ փետրվարին մենք Ազատության հրապարակից արևմուտքին ուղղակի խնդրում էինք մեզ վրա ուշադրություն դարձնել. Տեր-Պետրոսյանն իր ելույթներից մեկում անգամ հուսալքված մեջբերումներ արեց Շպենգլերի «Եվրոպայի մայրամուտը» աշխատությունից: Իսկ Մարտի Մեկին ենթագիտակցական մղումով էլի գնացինք եվրոպացիների դուռը: Ահա քեզ պրոռուսական շարժում: Նորից և վերստին կրկնեմ՝ փաստը շատ կամակոր բան է, ու ճշմարտացի մտահանգման գալու համար պետք է դատողության բուն առարկային վերաբերող փաստերի համադրման և վերլուծության արդյունքում բխեցնել տրամաբանական հետևություն: Նույնիսկ «պրո» ու «հակա» տիրույթներում իշխող «առաջադեմ» մակերեսայնության մեջ չի կարելի այդ աստիճան անհամանալ:

Կարող է թվալ, թե շատ եմ կենտրոնացել եվրոպացիների վրա: Դա էլ բացատրեմ. նպատակը բնավ եվրոպացիներին անընդհատ պախարակելը չէ՝ նրանք իրենց շահերն են պաշտպանում, լավ են անում, այլ արևմտամետության խայծի նպատակային, արհեստական ուռճացվածությունն ընդգծելն է, որն այժմ կիրառվում է որպես համակարգի դեմ քաղաքական և հանրային կոնսոլիդացիան ձախողելու հիմնական իդեոլոգիական հիմք: Շատ պրագմատիկ հաշվարկի վրա հիմնվելով՝ կարծում եմ՝ այժմ պետք է իրավիճակի գերհստակեցում՝ հաստիքային արևմտամետներին իդենտիֆիկացնելու, նրանց մանևրունակությունը սահմանափակելու և ազնիվ գաղափարակիրներից առանձնացնելու համար:

Այսպիսով, նորից անցնենք իրավիճակի նկարագրությանը. բոլորս գիտենք, որ գործող ռեժիմը խասյաթ ունի իր համար դժվար պահերին, կեղծ օրակարգեր ձևավորելով, հանրության ակտիվ հատվածների էներգիան լիցքաթափել, և, ինչպես բազմիցս տեսել ենք՝ մարդկանց իրար դեմ դուրս բերել: Էլ օրինակներ չբերեմ, ինքներդ դա հրաշալի գիտեք: Անվիճելի է նաև, որ հանրության ակտիվ հատվածում ամենասուր պառակտումն առաջացրել է հենց այս՝ արևմուտք-հյուսիս իբր արժեհամակարգային հակադրումը՝ համեմված «ինքնիշխանություն», «պուտին», «սապոգ» ու նմանօրինակ հուզական հնարքներով ու վերևից իջեցված «հեղափոխական» թեզերով: Պարզ է, որ առաջիկայում սպասվող գործընթացներում համակարգի դեմ հանրային կոնսոլիդացիան խոչընդոտելու համար խաղադրույքը դրվել է հենց հաստիքային արևմտամետների վրա, քանի որ լևոնականների «պրոռուսականության» ֆոնին ջհուդամասոնական թեմաներն այլևս արդիական չեն, իսկ ձմռան ցրտից, հարաճող աղքատությունից ու անկարողությունից կատաղած ժողովրդին այլևս չես խաբի հանովի-դնովի կուսաթաղանթներով, հայի գենով կամ Կոմայգու տրանսվեստիտներով: Նրանք պետք է հնարավորինս շատ ազնիվ մարդկանց ներքաշեն այս դիսկուրսի մեջ՝ ստեղծելով գաղափարական հակադրության պատրանք և նպատակ ունենալով խոչընդոտելու ներհայաստանյան երեք հիմնական միավորների՝ հանրության տարբեր շերտերի, քաղաքական ուժերի և բիզնեսի համախմբումը:

Իսկ ովքե՞ր են այդ իլյուզիոնիստները: Եկեք փաստարկված տրամաբանենք. բոլորս տեսնում ենք, որ թե՛ քաղաքական և թե՛ հանրային դաշտերում պայքարող խմբերի պակաս չի զգացվում: Ինչի՞ ենք հասել: Կարծում եմ՝ ոչ ոք չի առարկի, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացված բոլոր տեսակի ակտիվության արդյունքում չի գրանցվել որևէ էական փոփոխություն, որը կարող էր համակարգային ազդեցություն ունենալ, ու ես սա արձանագրում եմ որպես այդ գործընթացների մեծ մասի անմիջական մասնակից: Ինձ թույլ եմ տալիս որպես փաստ դիտարկել նաև, որ այս տարիների ընթացքում քաղաքացիական դաշտում սեփական կենսափորձի վրա ձևակերպվել է առնվազն երկու բացարձակ դիրքորոշում. առաջին՝ դիմացդ հանցագործ աշխարհի կանոններով գործող մոնոլիտ բուրգ է, որի առկայությունը անհամատեղելի է հասարակության և պետության բնականոն զարգացման հետ: Երկրորդ՝ այդ բուրգը տիրապետում է երկրի գրեթե ամբողջ ֆինանսական և վարչական ռեսուրսին, ուստի այն քանդելու համար պահանջվում է բուրգից դուրս բոլոր ռեսուրսների ամենալայն մոբիլիզացիա և քաղաքական իշխանության փոփոխություն: Եթե որևէ մեկը վիճարկում է այս երկու հետևությունները, թող ձայն հանի:

Այսինքն՝ բոլորի օրակարգերում եղած խնդիրների լուծումը ենթադրում է Սերժ Սարգսյանի գլխավորած համակարգի փոփոխություն, որի համար անհրաժեշտ է սկսել այնպիսի քաղաքական գործընթաց, որը ողջամտորեն ի զորու է հանգեցնել համակարգի փոփոխությանը: Ու այստեղ հայտվեց մի «սկզբունքային» խոչընդոտ, որը երբեք դրված չի եղել համակարգի փոփոխության կոնտեքստում՝ ոչ 2008-ին, ոչ քաղաքացիական պայքարի որևէ գործընթացում: Ընդհակառակը, եվրաինստիտուտները իրենց անողնաշար և ցինիկ վարքագծի պատճառով միշտ եղել են սուր քննադատության տակ: Եվ ահա, այս ֆոնին, երբ իշխանությունը գտնվում է ամենաթույլ դիրքերում, չունի դրսի աջակցությունը, ներսում էլ նկատվում են քաղաքական միավորների աննախադեպ համախմբման՝ վաղուց սպասված նախանշաններ, գնալով զարգացվում է արևմտամետության մի մոլեռանդ հիսթերիա, որի մինչ օրս արձանագրած միակ առարկայական արդյունքը եղել է ներքին ռեսուրսների պառակտումը և համակարգի դեմ հանրային մոբիլիզացիայի խոչընդոտումը:

 

Վերևից իջեցված թեզեր

Եվրոպացիների հետ խաղարկված ավանտյուրան տապալվելուց հետո, փոխանակ վերը նշված խմբերը մոբիլիզացվեին բոլորի համար անվերջ բարձրաձայնվող օրակարգի՝ Սերժ Սարգսյանի և իր համակարգի փոփոխության պահանջի շուրջ, տարօրինակ արագությամբ տեղի է ունենում հակառակը՝ այդ նույն խմբերը շատ արագ գտան «սկզբունքային» անհամաձայնության կետերը, ապա բոլոր հնարավոր ճակատներով սկսեցին ջանասիրաբար շրջանառել «վերևից» պատվիրակված թեզերը: Արևմտամետության ու դրա հետ մատուցվող՝ ինքնիշխանության հարցերը միակ պառակտող օրակարգը չեն՝ կան նաև «աջակցող» բազմաթիվ այլ թեզեր: Հերթով անդրադառնանք յուրաքանչյուրին:

Թեզ առաջին. ընդդիմություն չկա՝ բոլորը ծախված են: Դժվար չէ կռահել՝ որտեղի՞ց է այս թեզը գալիս. Գալուստ Սահակյանը կասեր՝ մենք հա՛մ իշխանություն ենք, հա՛մ ընդդիմություն: Այս թեզը շրջանառող խմբերն ընդամենը արձանագրում են սեփական անկարողությունն ու քաղաքական ոչ պիտանիությունը: Լավ, բոլորը ծախված են, դո՞ւք էլ եք ծախված: Ձեզ ասացին՝ հրապարակն ազատ է, ո՞ւր են ձեր զանգվածները: Վախուց ժամանակն է փոխարինել քաղաքական դաշտը մենաշնորհած ուժին: Հիմա էլ նոր ծամոն են գտել՝ մանդատները վայր դրեք, ստեղծենք հիմնադիր խորհրդարան: Եղբայր, եթե դրանք ծախված են, քեզ համար ի՞նչ տարբերություն՝ իրենք ինչ կանեն: Դու քոնն արա: Ուզում ես, որ քո մտքի թռիչքն ուրիշները կենսագործե՞ն: Որտե՞ղ է տրամաբանությունը:

Թեզ երկրորդ. մարդ չկա, որին կարելի է որպես նախագահ դիտարկել: Ինչպես տեսնում ենք, «միակ տղամարդու» բարդույթը շարունակում է մնալ գրասենյակային ընդդիմության օրակարգում: Նախագահացուի փնտրտուքը ևս մեկ մանիպուլյատիվ հնարք է, թե բա՝ նորմալ մարդ չկա, թող Սերժը մնա, մինչև հարմար մարդ հայտնվի: Հերիք է սուպերմեն փնտրեք: Ֆրանսուա Օլանդն, օրինակ, Ֆրանսիայի ամենապայծառ գլուխը չէ: Եթե ՀՀՇ-ի Գևորիկին էլ այդտեղ դնես, Սերժ Սարգսյանից ավելի վատը չի լինի: Դու համակարգը փոխիր, իրական ժողովրդավարական արժեհամակարգի շուրջ գործընթացը դիր «ռելսերի» վրա, մնացածն իր հունով կգնա: Փոքր երկիր ենք, բոլոր ռեսուրսները կան կարճ ժամանակում ամեն ինչ կարգի բերելու՝ պատվախնդրություն է պետք ունենալ: Իսկ այն մարգինալ տարրերին, ովքեր Մաքսային միության համատեքստում օրնիբուն խոսում են ինքնիշխանությունից ու ժողովրդավարությունից, բայց պատրաստ են որևէ պատրվակով համակերպվել Սերժ Սարգսյանի իշխանության գոյության հետ, վերաբերվեք որպես իրենց վերջին հանգրվանին հասած, չկայացած սոփեստների, ովքեր իսկապես ինքնիշխան, ժողովրդավարական պետականության կերտման գործում ունեն օգտակար գործողության զրոյական գործակից: Ավելին, անգամ խանգարել այլևս չեն կարող, քանի որ վաղուց արդեն դուրս են մնացել իրական, խորքային գործընթացներից:

Հաջորդ՝ առաջադեմ հնարքը. համաձայն ենք պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց պայմանով, որ դրանից հետո իշխանության կգան պրոեվրոպական ուժեր: Եվ քանի որ քաղաքական դաշտում այդպիսիք չկան, ուստի անձերի փոփոխությունը չի հանգեցնելու համակարգային փոփոխությունների, ասել է թե՝ հեղափոխության: Այս մարդիկ, սակայն, չեն առաջարկում «հեղափոխության» իրենց գործնական մոդելը: Ստացվում է, որ դու ինքդ չունես ռեալ պլան, չես հավատում կոնսոլիդացվող քաղաքական ընդդիմությանը և չես ուզում մաս կազմել նրա սկսած գործընթացին՝ հետագայում մաս կազմելով նոր քաղաքական իշխանության և կենսագործել քո արժեհամակարգը: Եվ ի՞նչ: Ուրեմն՝ թող այսպես էլ մնա, մինչև այդպիսի ուժ ձևավորվի: Առանց մեկնաբանության…

Հաջորդ թեզը. քիչ ենք, Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու համար մեծ ռեսուրս է պետք: Եկեք այնպիսի պահանջ դնենք, որին կարող ենք հասնել: Նախ, նորից փաստեմ՝ այս համակարգից դու կարող ես ունենալ առավելագույնը չորս հատ խուժան բուծիկի ապամոնտաժման ակնկալիք: Եթե դա քեզ բավարարում է՝ շարունակիր ինքնանպատակ պայքարել: Իսկ եթե ակնկալում ես համակարգային փոփոխություն, պահանջդ պետք է հանրության լայն շրջանակների համար ընկալելի լինի, որ ձնագնդիի էֆեկտով ձևավորվի կրիտիկական զանգված: Հակառակ դեպքում ստիպված ես լինելու բավարարվել ակտիվ և մտահոգ քաղաքացու քո հմայքով:

Եվ վերջապես՝ ամենամոդայիկ «տրենդը». նոր քաղաքական ուժ ենք ստեղծում, երեք-չորս տարի հետո նոր պատրաստ կլինենք ներգրավվել լուրջ քաղաքական գործընթացներին: Եթե ընդհանրացնենք, կստացվի՝ դուք գտնում եք, որ համակարգը պետք է փոխվի, բայց ինքներդ ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով այժմ ի վիճակի չեք ձեր առջև այդպիսի խնդիր դնել: Շատ բարի, ուրեմն առնվազն չպետք է առճակատ բախվեք այն միավորին, ով այս պահին սկսում է այդպիսի մի գործընթաց: Հակառակ դեպքում դուք այլ խնդիր եք լուծում: Տրամաբանական է, չէ՞: Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք գրենլանդիամերձ կամ մերձգրենլանդյան՝ մերթընդմերթ հայրենիքակենտրոն միավորների վերլուծությունները, որոնցով պրիմիտիվագույն սոփեստական հնարքներով աղճատվում են հենց հիմա գործընթաց նախաձեռնողների մտքերը՝ պառակտելով հանրային մոբիլիզացման միտումները: Ու՞մ է դա ձեռնտու: Միայն հերոսաբար ճղճղալով համակարգ չես փոխի, դա բոլոր ժամանակների գեղամյանների փեշակն է ու գործելաոճը: Պետք են այնպիսի ռեալ քայլեր, որոնք ողջամտորեն կարող են բերել համակարգի փոփոխությանը: Ո՞րն է ձեր արած քայլը:

Վերը ներկայացվածը ռեժիմի կողմից հանրային օրակարգ նետված հնարքների ոչ ամբողջական ցանկն է, որի կենտրոնում, անշուշտ՝ արևմտամետության անվան տակ մատուցվող բաժանարար գիծն է, որը հապճեպորեն ու հանպատրաստի փնթիությամբ նետվեց հանրային օրակարգ՝ ինքնիշխանության փրկության ամպագոռգոռ լոզունգներով: Վստահ եմ, որ այս փաստերը բոլորն էլ գնահատում են: Վստահ եմ նաև, որ հաստիքային արևմտամետները նույն կերպ շարունակելու են, տրամաբանական մտքի ձևախեղմամբ կոնկրետ փաստերը վերացական, խոհափիլիսոփայական փաստարկներով լղոզելով, բխեցնել, ըստ էության, սխալ մտահանգումներ՝ Սերժ Սարգսյանի համակարգի վրայից սլաքները հմտորեն հեռացնելու նպատակով: Այնուհանդերձ, կարևոր եմ համարում փաստերն արձանագրել՝ հետագայում թացը չորից տարբերելու, բարեխիղճ մոլորվածներին հմուտ սոփեստներից առանձնացնելու համար: Վստահ եմ, որ անկեղծ գաղափարակիրները շատ արագ կկողմնորոշվեն այս խճճված իրավիճակում, դրա համար էլ անկեղծորեն ուրախ կլիեմ, որ «պրո» ու «հակա» պրոցեսներում ներգրավվեն հնարավորինս շատ ռացիոնալ մտածող, վերլուծական միտք ունեցող գրագետ մարդիկ: Դրանով կարագանա դիմակները պայթեցնելու պահը, իսկ իշխանության համար կունենա 2008-ի փետրվարի 26-ի էֆեկտը, երբ իր ջանքերով ընդդիմությունից պոկված և արհեստական օրակարգերի շուրջ համախմբված մարդիկ շռնդալից ոգևորությամբ կմիանան ժողովրդական ալիքին:

 

Եվ վերջում…

Ակնհայտ է, որ առաջիկայում սպասվում են շատ կոնկրետ և իրական քաղաքական գործընթացներ՝ դա հասկանալի է անգամ իշխանությունների հիսթերիկ ու ցայտնոտային պահվածքից՝ ուրիշի ձեռով մոբիլիզացիան խոչընդոտելու ուղղությամբ: Ակնհայտ է նաև, որ համակարգի փոփոխությունը լինելու է հենց հիմա, ոչ թե տարիներ հետո, որովհետև հիմա է Սերժ Սարգսյանի ռեժիմը երկնիշ տեմպերով վաճառքի հանում անխտիր բոլոր ազգային շահերը: Հիմա է նույնպիսի փնթի հապճեպությամբ վերականգնվել Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Հիմա է նա գնալու առավելագույն զիջումների, քանի որ չունի ճնշումներին դիմակայելու չնչին ռեսուրս, և անխուսափելիորեն մեզ կանգնեցնելու է հերթական փաստի առջև: Հետո ի՞նչ եք անլու: Հիմա էլ Ալիևի դե՞մ եք ցույց կազմակերպելու:

Ակնհայտ է նաև, որ իմ և տարիների ճամփա անցած ընկերներիցս շատերի ուղիները բաժանվել են: Սիրո խոստովանություն չեմ անում, բայց կարծես զարգացումները բերում են նոր որակի հարաբերությունների ձևավորման, որի հիմքում ընկած է հասուն քաղաքացիական միտը և քաղաքական պրագմատիզմը: Այս տարին ինձ համար վերաարժևորման ու յուրատեսակ լյուստրացիայի տարի էր: Կասկած չունեմ, որ առաջիկայում բոլորիս համար սկսվելու են ինտենսիվ աշխատանքի տարիները… Հայաստանի պես փոքրիկ երկիրը արագ ոտքի կանգնեցնելու և ժողովրդի մարդավարի կյանքը վերականգնելու համար շատ բան չի պահանջվում՝ պետք է ուղղակի մի քիչ կենտրոնանալ:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ եւ Տիգրան Սարգսյանները պատասխան են տալու’
Հաջորդ հոդվածը‘Ամանորյա «նվեր» վարորդներին. Նոր արագաչափեր հունվարի 8-ից’