‘Արթուր Գրիգորյան. Եվրաասոցացման գործընթացը և սոփեստության ժամանակները’

2499

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

Կեղծ օրակարգեր

Տրամաբանության դասագրքերում սոփեստությունը բնորոշվում է որպես «դատողության ընթացքում դիտավորյալ թույլ տրվող տրամաբանական սխալ, որը հանգեցնում է անհամատեղելի տրամաբանական հակասության … ձևականորեն ճիշտ, բայց ըստ էության՝ սխալ մտահանգում»: Օրինակ՝ Եվրոպական երկրներն ունեն բարձր կենսամակարդակ, կայացած ժողովրդավարական հաստատություններ, հետևապես՝ Եվրոպայի հետ լայն ինտեգրացիայի դեպքում մենք ընտրում ենք ժողովրդավարացման ուղին: Նույն՝ տրամաբանության դասագրքերում բնորոշվում են նաև տրամաբանության օրենքներն ու սիլլոգիզմի կանոնները, որոնք դատողության ընթացքում պետք է օգտագործել փաստերը համադրելու, վերլուծելու և դրանց հիման վրա տրամաբանական հետևություն բխեցնելու համար: Այլ բան է, որ հետևությունը կարող է արգելակել անգամ ամենաթրծված ուղեղը, բայց դա, ինչպես ասում են, քաղաքական կատեգորիա չէ, և ցանկացած բանական մարդ պետք է ինքն իր հետ բավարար ազնիվ լինի՝ ընդունելու տրամաբանական իրողությունները և դրսևորելու առկա իրողություններին համարժեք վարքագիծ: Օրինակ՝ ԵԱՀԿ և ԵՄ դիտորդական առաքելությունների զեկույցներից բխում է անհերքելի փաստ, որ ժողովրդավարության անկյունաքարը հանդիսացող ընտրությունների ինստիտուտի նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքը իրենց երկրներում և մեր երկրում միանգամայն տարբեր է: Այստեղից տրամաբանական հետևություն՝ Եվրոպայի հետ լայն ինտեգրացիան ինքնին չի նշանակում ընտրել ժողովրդավարության ուղին: Ասել է թե՝ ձևականորեն սխալ չէ պնդել, որ եվրաինտեգրացիան կարող է բերել ժողովրդավարության ինստիտուտների զարգացման, բայց մտահանգումը դառնում է սխալ, երբ անտեսվում է անհերքելի փաստն առ այն, թե ինչպես է նույն Եվրոպան վերաբերվում մեր երկրում ընտրությունների ինստիտուտին:

Ընդհանրապես, փաստն աշխարհի ամենակամակոր բանն է, քանի որ դատողության ընթացքում դիմացինին հակադրվելու համար պետք է բերել հակառակի մասին վկայող փաստ, և ոչ թե կիստ-պռատ փաստարկների խառնակույտ՝ «Լևոնը տեղյակ չի եղել Շուշիի գրավումից, որովհետև այդ ժամանակ Իրանում է եղել» կամ՝ «չթողեցին՝ Բաքուն գրավենք» ոճի մեջ: Իսկ հիմա խոսենք փաստերով. առաջին՝ ամեն անգամ «մեկ քայլ առաջ» արձանագրելով»՝ եվրոպացիները երկնեցին «լեգիտիմ» իշխանություններ: Փաստ երկրորդ՝ ինչպես միանգամայն արդարացիորեն բարբառեցին զանազան շարմազանովներ՝ ժողովրդի վստահության մանդատ ունեցող, «լեգիտիմ» նախագահը ընտրեց Մաքսային միության ուղին: Փաստ երրորդ՝ չնայած բազմաթիվ հորդորներին՝ ոչ մի եվրաչինովնիկ չի պատրաստվում հանրությանը հաշվետվություն ներկայացնել, թե ինչի՞ համար են ծառայել իրենց կատարած ֆինանսական ներարկումները և ինչպիսի՞ արդյունավետությամբ: Եվ վերջապես՝ որևէ բարձրաստիճան եվրաչինովնիկ չի խոստովանել, որ իրենք սխալվել են՝ այս համակարգի հետ իրենց հարաբերություններում: Ոչ ոք հայ ժողովրդից ներողություն չի խնդրել Սերժ Սարգսյանի ռեժիմն ուժեղացնելու, քաղաքական ընդդիմությանը մասնատելու, ժողովրդավարական արժեքները սեփական շահերին ծառայեցնելու համար: Հետևապես՝ պատրաստ են շարունակել նույն տեմպով: Հիմա՝ հարց. Օրինակ՝ ես ինչո՞ւ պետք է այդ սուբյեկտի հետ որևէ հույս կապեմ:

Սա՝ իմիջիայլոց: Հիմա փորձեմ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ ծավալվող իրադարձությունների համատեքստում ներկայացնել դատողության էռոզիան՝ դասագրքային կանոններով: Փաստերի նկարագրություն. կարծես ոչ մի բանական մարդ չի վիճում, որ Հայաստանում չի գործում ժողովրդավարական ոչ մի ինստիտուտ ու չէր էլ կարող գործել, քանի որ բացակայում է ժողովրդավարության և ինքնիշխանության անկյունաքարը՝ ընտրությունների ինստիտուտը: Հակասություններ չկան նաև այն հարցում, որ այս համակարգը, պարբերաբար «մեկ քայլ առաջ» արձանագրելով, Հայաստանը հասցրել է ուշ ֆեոդալիզմին բնորոշ սոցիալական հարաբերությունների և նախաինդուստրիալ՝ բնառեսուրսային տնտեսական հարաբերությունների: Որ աղքատության մակարդակը, ծայրահեղ սոցիալական բևեռացումը, կապիտալի գերկենտրոնացումը հետևանք են գործող համակարգի հակաժողովրդավարական գործելաոճի և հանցավոր բարքերի: Որ համակարգը նպատակ է հետապնդում ամեն գնով լուծելու գեթ մեկ հարց՝ սեփական վերարտադրությունը:

Այլ կերպ ասած՝ բոլոր բանական մարդիկ, այդ թվում՝ եվրաասոցացման ջատագովները, ընդունում են, որ Սերժ Սարգսյանի գլխավորած համակարգը ոչ մի ընդհանուր բան չունի «ժողովրդավարություն», «օրինականություն», «մարդու իրավունքներ» եզրույթների հետ, բայց…  պատրաստ էին և կարծես հիմա էլ պատրաստ են համակերպվել, որ իշխանությունը զավթած համակարգը շարունակի մինչև վերջ քամել ժողովրդին, միայն թե նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Ինչո՞ւ: Ըստ ամենահաճախը հնչող մեկնաբանության՝ որովհետև միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի ձևավորել ժողովրդավարական հաստատություններ, իսկ հետո նորմալ ընտրությունների միջոցով համակարգը փոխել ու ապրել ինչպես եվրոպացիները:

Եվ ուրեմն, ո՞րն է դատողության ընթացքում դիտավորյալ կամ ակամա թույլ տրված տրամաբանական սխալը, և որտե՞ղ է տրամաբանական անհամատեղելի հակասությունը: Սխալն այն է, որ եվրաասոցացման գործընթացում առկա ելակետային փաստերը և ակնկալվող արդյունքը՝ համաձայնագրի նախաստորագրումը, միմյանց հետ անհամատեղելի էին:  Քանի՞ բանական էակ գիտեք, որ կարծում է՝ Սաշիկն ու Միշիկը եվրոպական արժեքային համակարգի կրողներ են: Եթե դրա կրողները չեն, ապա ի՞նչը կարող էր այս մարդկանց մոտիվացնել, որ Հայաստանը տանեն լիարժեք եվրաինտեգրման: Գուցե՝ ազատ ընտրական համակարգ ունեցող ժողովրդավարական պետականություն կերտելու երազա՞նքը, ժողովրդի բարեկեցությունն ավելացնելու ազնիվ մղո՞ւմը, թե՞ Պուտինի դեմ ցույց անող հինգ-վեց հարյուր հոգու անդիմադրելի ճնշումը: Հանցագործը չի կարող հենց այնպես իրեն ձեռնաշղթաներ հագցնել և կալանքի վերցնել: Դա անտրամաբանական է: 

Թվարկված փաստերից բխող միակ տրամաբանական հետևությունը կարող էր լինել այն, որ  Սերժ Սարգսյանը երբեք չի էլ մտածել դեպի Եվրոպա գնալու մասին: Նրա գլխավորած համակարգը ուղղակի չի կարող գնալ դեպի ժողովրդավարական արժեհամակարգ, որովհետև դրանից հետո ստիպված է լինելու ընդունել խաղի որոշակի կանոններ և վավերացնել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը, քանի որ դրանից հետո իրեն անխուսափելիորեն իշխանությունից հեռացնելու են ու արժանացնեն Միլոշևիչի կամ Մուբարաքի ճակատագրին: Դժվար չէր հաշվարկել, որ նույն Սերժ Սարգսյանը, իր վարչապետությունից սկսած՝ «գույք պարտքի դիմաց» նախագծերով Ռուսաստանին է հանձնել Հայաստանի գրեթե բոլոր ստրատեգիական ենթակառուցվածքները՝ սահուն ընթացքով նախապատրաստելով վերջին՝ եվրասիականացման նախագիծը, մանավանդ որ քաղաքական ընդդիմությունն այդ մասին խոսում էր ամենօրյա ռեժիմով: Դժվար չէր հասկանալ, որ դու պետք է նախ համակարգը փոխես, որ հետո հնարավորություն ունենաս ընտրելու ժողովրդավարական ուղին, և ոչ թե փորձես նախ գնալ դեպի ժողովրդավարական արժեքներ, որից հետո միայն կազմակերպել նորմալ ընտրություններ: Դա անհեթեթություն է, ինչն էլ արտահայտիչ կերպով դրսևորվեց սեպտեմբերի 3-ին:

Իսկ ի՞նչ ստացավ համակարգը եվրաասոցացման շուրջ ծավալած այս ամբողջ ավանտյուրայի արդյունքում: Լուծեց շատ կոնկրետ խնդիրներ՝ մարսեց 2008-ի հանցագործությունը և Եվրոպայից ինդուլգենցիա ստացավ «մեկ քայլ առաջ» ռեժիմով հաջորդիվ կայանալիք բոլոր ընտրությունները կեղծելու համար: Ապա, նույն Եվրոպայից ստացավ հսկայական գրանտեր, որոնցով ամրացրեց բռնաճնշումների մեքենան՝ նրա միջոցով պառակտելով ու մարգինալացնելով քաղաքական ընդդիմությանն ու հանրության ակտիվ հատվածին: Իսկ վերջում՝ որպես «լեգիտիմ նախագահ» հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը: Ահա և վերջ: Հասանք այն տրամաբանական հանգրվանին, ինչի համար պարբերաբար «նախաձեռնվում» են զանազան ֆուտբոլային ժուլիկություններն ու արևմուտք-հյուսիս ավանտյուրաները՝ սեփական իշխանության պահպանումը: Ուրիշ ոչի՛նչ:

Այս պահին առկա փաստերից բխող միակ տրամաբանական հետևությունն ինձ համար մնում է նույնը, ինչ է՛ր մինչև սեպտեմբերի 3-ը՝ Հայաստանում չկա այլ օրակարգ, քան միայն գործող համակարգի փոփոխումը և դրանից բխող միակ հստակ ու ընկալելի պահանջը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Եվրաասոցացման կամ Մաքսային միության հարց ինձ համար չկա, քանի դեռ ես հնարավորություն չունեմ դրանցից որևէ մեկին անդամագրվելու որոշում կայացնել: Այսինքն՝ ես ինքնիշխան չեմ ու չեմ տնօրինում սեփական ճակատագիրս: Դա իմ փոխարեն անում են ինձ հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող, ինձ օտար մարդիկ: Ու քանի դեռ  ես չեմ հաստատել իմ կամքով արտաքին կամ ներքին ընտրություն կատարելու իմ իրավունքը, ինձ համար չկա որևէ այլ գործ, քան այդ իրավունքը ձեռք բերելը: Մնացած օրակարգերն ինձ համար կեղծ են: Հողմաղացների դեմ ինքնանպատակ կռիվ: Այս կամ այն իմպերիայի տարածաշրջանային-բնառեսուրսային շահերի ներկայացում, բայց ո՛չ երբեք մեր շահի պաշտպանություն, քանի որ արևմուտք-հյուսիս պատերազմում մեր շահն անգամ ձևակերպած էլ չէ: Իսկ համակարգը փոխելուց, իմ ինքնիշխանությունը վերականգնելուց հետո ես գուցե ցանկանամ ինտեգրվել Չինաստանի ժողովրդադեմոկրատական հանրապետությանը կամ, ասենք՝ Արաբական պետությունների լիգային: Պայմանավորված նրանով, թե ինչն ավելի կբխի իմ ազգային շահերից ու հետաքրքրություններից:

Ի դեպ՝ ինքնիշխանության մասին…

Շարունակելի 

Նախորդ հոդվածը‘Էլ. լարերի կարճ միացման պատճառով այրվել է 86 քմ շինանյութ’
Հաջորդ հոդվածը‘Կիեւցի նկարիչ Բորիս Եղիազարյանը պատմում է Մայդանի ու Ազատության հրապարակի մասին (տեսանյութ)’