‘Արթուր Գրիգորյան. «Որոտանի» կասկադի վաճառքն առոչինչ գործարք է’

3137

Ինչպես եւ խոստացել էինք՝ ձեզ ենք ներկայացնում իրավաբան Արթուր Գրիգորյանի «Որոտանի» կասկադի վաճառքի մասին հոդվածաշարի առաջին մասը:

***

Մի առիթով նշել եմ, որ թեև պառլամենտական ընդդիմության փոքրաթիվությունը թույլ չի տալիս խոչընդոտել պետության ստրատեգիական ռեսուրսների վատնումը, բայց առնվազն կարող է կոնկրետ իրավական հիմքեր ստեղծել` հետագայում կորցրածը ետ ստանալու համար, ինչպես դա եղավ Հայռուսգազարդի վաճառքի պարագայում: Ավելին, կարծում եմ, դա ներկայիս պառլամենտական ընդդիմության հիմնական առաքելությունն է:

Այժմ կներկայացնեմ հիմքեր` Որոտանի հիդրոկասկադի և դրան «բռնակցված» չորս ջրամբարների վաճառքի անօրինական լինելու վերաբերյալ: Կարծում եմ, հիմա ճիշտ ժամանակն է իրականացնել պետական գույքի ինվենտարիզացիա և պոտենցիալ գնորդներին հստակ բացատրել, որ այս համակարգի հետ կոռուպցիոն, հակաիրավական գործարքներով դրանք ձեռք բերելու դեպքում` իրենք կրում են առաջիկայում այդ գույքը կորցնելու ամբողջ ֆինանսական ռիսկը:

Չունենալով եկամտի բավարար աղբյուրներ և ունենալով փողի սուր պակասություն՝ կառավարությունը կարծես որոշել է վաճառել ամեն ինչ՝ Սյունիքի ու Վայոց Ձորի արոտավայրերից, երկրի ընդերքից մինչև մեր ջրային պաշարներն ու ռազմավարական ենթակառուցվածքները, և որպեսզի շրջանցեն օրենսդրական խոչընդոտները, դիմում են տարբեր իրավական հնարքների: Այդպիսի մի հնարք է կիրառվել նաև Որոտանի հիդրոկասկադի վաճառքի գործարքով, որով, ըստ էության, ստեղծվում է նախադեպ օրենսդրական արգելքները շրջանցելու և, այսպես կոչված, պետական բաժնետիրական ընկերությունների միջոցով, գրոշներով փոշիացնելու ռազմավարական նշանակության օբյեկտները: Տվյալ դեպքում բաժնետիրական ընկերությունն օֆշորային ընկերության դեր է կատարում, որի միջոցով քողարկում են գործարքի իրական կողմերին և շրջանցում պետական գույքի մասնավորեցման համար օրենքով սահմանված ընթացակարգերը: Այս հնարամիտ մեխանիզմով Հայաստանի ներկայիս համակարգն իր համար հնարավորություն է ստեղծել, առանց ավելորդ քաշքշուկների և միանգամայն օրինական ճանապարհով, վաճառել ցանկացած պետական գույք՝ նախ գրչի մեկ հարվածով դա ձևակերպելով որպես պետական բաժնետիրական ընկերության սեփականություն, իսկ հետո համաձայնելով, որ ընկերությունն այդ գույքն օտարի և գումարը տնօրինի իր հայեցողությամբ՝ որպես սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք: Իսկ վերջում արդարադատության նախարարը կասի, որ իրենք ամեն ինչ անում են օրենքի սահմաններում: Օրենքն է այդպիսին:

Այժմ կետ առ կետ ներկայացնեմ օրենսդրության խախտումները, որոնք հիմք են հանդիսանում գործարքն առոչինչ, այսինքն` ի սկզբանե չկայացած համարելու և վաճառված օբյեկտները ետ վերցնելու համար՝ անշուշտ, ոչ այսօրվա կոռումպացված համակարգի, բայց անկասկած` վաղվա իշխանությունների օրոք: Ընդ որում, գործարքի մյուս կողմը՝ քաղաքակիրթ ազգերի անկաշառ ներկայացուցիչները, լիարժեք պատասխանատվություն են կրում Հայաստանի ներկայիս կառավարության հետ կոռուպցիոն գործարքի մեջ մտնելու, իրավաբանական աճպարարությունների միջոցով մասնավորեցման ոչ ենթակա գույքը ձեռք բերելու համար: Որպեսզի իրավաբանական կրթություն չունեցող մարդիկ ևս կարողանան յուրացնել այս բավականին ծանր նյութը, նախքան Որոտանի հիդրոկասկադի վաճառքի իրավական կողմին անցնելը, նախ փորձեմ առանց իրավաբանական տերմինաբանության՝ մարդկային լեզվով ներկայացնել, թե ինչ է բաժնետիրական ընկերությունը, ինչու է պետական գույքը սեփականության իրավունքով հանձնված, այսպես կոչված, պետական փակ բաժնետիրական ընկերությանը, իսկ բաժնետոմսերի սեփականության իրավունքը՝ կառավարությանը Եվ ի վերջո՝ պետական ինչպիսի գույք կարող է կառավարությունն օտարել և ինչպիսին՝ ոչ: Ստեղծված է բավականին խճողված մեխանիզմ, որը կփորձեմ հնարավորինս մատչելի կերպով մեկնաբանել:

Բաժնետիրական ընկերությունը ձեռնարկության տեսակ է, որն ունի ակտիվներ՝ գույք, արժետոմսեր, պարտատոմսեր, բաժնետոմսեր և այլն: Ընկերության գույքն ու մնացած արժեթղթերը հանդիսանում են ընկերության՝ որպես ինքնուրույն իրավաբանական անձի սեփականությունը, իսկ բաժնետոմսերը՝ առանձին բաժնետերերի: Որոտանի հիդրոկասկադի պարագայում ընկերության բաժնետոմսերի միակ բաժնետեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը: Ընդ որում, օրենքը որևէ տարբերակում չի դնում պետական և ոչ պետական բաժնետիրական ընկերությունների միջև. երկուսն էլ մասնավոր ընկերություններ են և գործում են միևնույն իրավակարգավորման դաշտում: Բաժնետոմսերի սեփականատերերը հսկողություն են իրականացնում ընկերության գործունեության նկատմամբ, և եթե ընկերությունը պատրաստվում է օտարել իր հաշվեկշռում գտնվող այնպիսի գույք, որի արժեքը գերազանցում է իր զուտ ակտիվների (ակտիվների և պասիվների դրական տարբերությունը) հիսուն տոկոսից ավելին, ապա պետք է ստանա բաժնետերերի համաձայնությունը:

Հարց է առաջանում, թե առհասարակ ինչու է կառավարությունը ստեղծել մասնավոր ընկերություն և Որոտանի հիդրոկասկադի գույքը տրամադրել նրան: Խնդիրն այն է, որ շուկայական հարաբերություններում պետությունը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, նա կարգավորիչ գործառույթ է կատարում, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունն ու վաճառքը ձեռնարկատիրական գործունեություն է: Նախկին պետական ձեռնարկություններն արդյունավետ կառավարելու համար պետությունը ստեղծել է, այսպես կոչված, պետական փակ բաժնետիրական ընկերություններ, որոնց իրավական կարգավիճակը հավասարեցված են մասնավոր ձեռնարկությունների կարգավիճակի: Իրեն հանձնված պետական գույքի կառավարումն ընկերությունն իրականացնում է սեփականատիրոջ իրավունքներով, այդ թվում` կառավարության համաձայնությամբ գույքն օտարելու իրավունքով: Կառավարությունը կարող է համաձայնություն տալ կամ չտալ, որ ընկերությունն իր գույքն օտարի (վաճառի, նվիրատվություն կատարի), սակայն չի կարող այն ինքնուրույն օտարել, քանի որ իրավաբանորեն այդ գույքն այլևս Հայաստանի Հանրապետության սեփականությունը չէ՝ գույքի սեփականատերը մասնավոր ընկերությունն է՝ թեկուզ և «պետական» վերտառությամբ: Ինչպես կտեսնենք հաջորդիվ, կառավարությունը «գույք» անվան տակ իրականում վաճառել է ընկերությունը՝ բաժնետոմսերով հանդերձ, և խուսափելով օրենքով սահմանված ընթացակարգերից, գործարքը ձևակերպվել է որպես ընկերության գույքի վաճառք՝ թաքցնելու համար իրական գործարքը՝ ընկերության և դրա բաժնետոմսերի վաճառքը: Դա իրավաբանորեն հանդիսանում է շինծու գործարք՝ համապատասխան իրավական հետևանքներով:

Ավելի մանրամասնեմ: Որոտանի հիդրոկասկադը որպես պետական փակ բաժնետիրական ընկերություն ձևակերպելուց ի վեր` ընկերության բաժնետոմսերը գտնվում են պետության սեփականության ներքո, ինչի արդյունքում ընկերության գործունեությունից ստացվող եկամուտը կարող է որպես շահութաբաժին անցնել բաժնետոմսերի սեփականատիրոջը, ինչն էլ եղել է այս ընթացքում. ընկերությունն արտադրել է էլեկտրաէներգիա, վաճառել և սահմանված չափով շահույթը փոխանցել իր բաժնետոմսերի սեփականատիրոջ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Այսինքն, չնայած ընկերության գույքն ու բաժնետոմսերն առանձնացված են, սակայն կազմում են մեկ ֆունկցիոնալ ամբողջություն: Եթե գույքը վաճառվի մեկ այլ ընկերության, ապա բաժնետերն այլևս չի կարող ստանալ այդ եկամուտը, քանի որ գույքն այլևս ծառայելու է այլ սուբյեկտի: Այս պարագայում ընկերությունը, որը չունի գույք, բայց ունի 180 միլիոն դոլար, կարող է կամ լուծարվել և գումարը փոխանցել պետական բյուջե, կամ շարունակել գոյություն ունենալ՝ այդ գումարից վճարելով աշխատավարձեր, տալ փոխառություններ և այլ նմանօրինակ գործողություններ: Չի բացառվում նաև, որ պարզվի, թե ընկերությունը կլորիկ գումարներով պարտքեր է կուտակել, և այդ գումարից պետք է մարի իր պարտքերը: Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը թույլ է տալիս նաև շահութաբաժին չբաշխել և գումարը թողնել ընկերության տնօրինման տակ: Ամեն դեպքում, դա այլևս ֆունկցիոնալ ձեռնարկություն չէ, և կառավարության ձեռքին գտնվող բաժնետոմսերը դրանց սեփականատիրոջ՝ պետության համար եկամուտ չեն ապահովում՝ ըստ էության դառնալով անօգուտ թղթի կտորներ: Անշուշտ, ընկերությունը կարող է գույքի վաճառքից ստացված գումարը ներդնել, ասենք, շաքարաքլորի արտադրության մեջ և բաժնետիրոջը կրկին տալ շահութաբաժին, բայց ընկերության բաժնետոմսերն արդեն կլինեն ոչ թե Որոտանի հիդրոկասկադի, այլ շաքարաքլոր արտադրող ընկերության բաժնետոմսեր:

Ամփոփելով այս հատվածը՝ նշեմ. 

1՝ Ընկերության ստեղծման ժամանակ Որոտանի հիդրոկասկադի գույքը պայմանականորեն առանձնացվել է պետական հաշվեկշռից և հանձնվել ընկերությանը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և դրա արդյունքում ստացվող եկամուտներից պետությանը շահութաբաժին հատկացնելու նպատակով:

2՝ Իրավական տեսանկյունից իրեն տրամադրված գույքը տնօրինելու իրավունք ունի մասնավոր ընկերությունը՝  «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն: Ելնելով նրանից, որ վաճառված գույքի արժեքը կազմում է ընկերության զուտ ակտիվների 50 տոկոսից ավելին՝ այն կարող էր վաճառվել միայն ընկերության միակ բաժնետիրոջ՝ Հայաստանի Հանրապետության համաձայնությամբ, որի անունից հանդես է գալիս Հայաստանի կառավարությունը: Ընդ որում, կառավարությունը կամ նրա որևէ անդամ իրավասու չէ անձամբ պայմանագիր կնքել ընկերության հաշվեկշռում գրանցված գույքն օտարելու վերաբերյալ, գործարքը կարող է կնքել միայն ընկերության գլխավոր տնօրենը:

3՝ Գույքի վաճառքից ստացված գումարը շարունակում է մնալ ընկերության տնօրինման ներքո և կարող է օգտագործվել ընկերության հայեցողությամբ:

Անցնենք գործարքն առոչինչ ճանաչելու իրավական փաստերին: Իր՝ 21 նոյեմբերի 2013 թվականի թիվ 1496-Ա որոշմամբ, Հայաստանի կառավարությունը էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լիազորել է կառավարության անունից ստորագրել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության գույքի առուվաճառքի պայմանագիրը, որի իրավունքն ուներ միայն ընկերության գործադիր մարմնի ղեկավարը և ոչ թե կառավարության անդամը, քանի որ գույքը պատկանում է ընկերությանը՝ որպես առանձին իրավաբանական անձի: Առաջին հայացքից թվում է, թե գործ ունենք զուտ ֆորմալ ընթացակարգային խախտման հետ, սակայն հաջորդիվ կտեսնեք, որ իրականում կնքվել է շինծու գործարք. Իբր` մասնավոր ընկերությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը վաճառել է, և ինչպես կասեր արդարադատության նախարարը՝ փողն էլ նստել է ըներության հաշվեհամարին: Սակայն, սրանով իրականում թաքցնելով մեկ այլ՝ իրական գործարքը: Այն է՝ կառավարության կողմից ընկերության ուղղակի վաճառքը՝ այն քողարկելով ընկերության գույքի վաճառքի գործարքի տակ:

Շարունակեմ: Իր՝ 21 նոյեմբերի 2013 թվականի թիվ 1286-Ա որոշմամբ, Հայաստանի կառավարությունն ավելացրել է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը` 89 միլիոն 349 հազար 826 դրամի չափով: Դրա համար թողարկվել են նոր բաժնետոմսեր, և որպեսզի դրանք գույքով ապահովված լինեն, չորս խոշոր ջրամբարներ՝ Սպանդարյանի, Տոլորսի, Անգեղակոթի և Շամբի, Ջրային տնտեսության պետական կոմիտեի հաշվեկշռից հանվել և տեղաբաշխվել են «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի հաշվեկշռում: Մարդկային լեզվով ասած՝ պետական կառավարման մարմնի հաշվեկշռում գտնվող այդ չորս ջրամբարները մասնավորեցվել են՝ ընդգրկվելով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում, որն էլ արդեն իրավասու է դրանք որպես գույք վաճառելու, ինչն էլ, կառավարության համաձայնությամբ, անմիջապես արեց:  

Իրավունք ունե՞ր արդյոք կառավարությունը մասնավորեցնելու նշված ջրամբարները՝ դրանք ներառելով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գույքային հաշվեկշռում, և ապա համաձայնություն տալ, որ այն վաճառվի: Ո՛չ, իրավունք չուներ: Մասնավորապես, Հայաստանի ջրային օրենսգրքի, ինչպես նաև «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի համաձայն, «Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և մասնավորեցման ենթակա չեն»: Ջրային համակարգերը դասակարգվում են՝ ելնելով դրանց ռազմավարական, սոցիալ-տնտեսական և այլ նշանակություններից: Օրենքով ջրային համակարգերի համար սահմանվում են պետական հատուկ նշանակության, պետական նշանակության առաջին, պետական նշանակության երկրորդ, ինչպես նաև երրորդ, չորրորդ և հինգերորդ կարգերը: Պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի պահպանման ծախսերը հաշվարկվում և ամրագրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կամ փոխհատուցվում են երաշխավորված ֆինանսական աղբյուրից: «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն, պետական հատուկ նշանակության ջրային համակարգերն են՝ Սպանդարյանի ջրամբարը, Տոլորսի ջրամբարը: Ինչպես տեսնում ենք, կառավարության մեկ գրչի հարվածով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գույքային հաշվեկշռում ներառված և ապա օտարածին ինչ-որ ընկերությանը վաճառված ջրային օբյեկտներից առնվազն երկուսն օրենքի ուժով արգելվում է մասնավորեցնել:

Ավելին, դեռևս 2004 թվականին մեր հայրենի կառավարությունը Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցությունից Ոռոգման պատվարների անվտանգության 2-րդ ծրագրի շրջանակներում վերցրել է միլիոնավոր դոլարների վարկեր՝ դրանցով վերականգնելով նաև վաճառված ջրամբարների պատվարները: Ընդ որում, Սահմանադրական դատարանի 05.11.2004 թվականի ՍԴՈ-525 որոշման համաձայն, մենք մինչև 2044 թվականը պետք է վճարենք վերցված վարկային միջոցների և դրանց ավելացվող տոկոսների համար: Այսինքն, մենք մինչև 2044-ը դեռ պետք է վճարենք այն գույքի վերանորոգման համար, որն անհատույց կերպով մեզանից վերցվել ու տրվել է մի մասնավոր ընկերության, որն էլ իր հերթին այն որպես սեփականություն վաճառել է մեկ այլ՝ ամերիկյան մասնավոր ընկերության:

Կառավարության այս երկու որոշումները վկայում են, որ այստեղ գործ ունենք պետական, ես կասեի՝ միջազգային մասշտաբի մանր ժուլիկության հետ, որքան էլ դա պարադոքսալ հնչի: Մեր կառավարությանը բնորոշ բացառիկ ցինիզմով նախ` ռազմավարական նշանակության և մասնավորեցման ոչ ենթակա օբյեկտները պետական հիմնարկի հաշվեկշռից տեղափոխվում են պետական սեփականությամբ մասնավոր ընկերության հաշվեկշիռ, ապա ուղղակի վաճառքի միջոցով օտարվում արտասահմանյան ընկերության: Ընդ որում, կառավարությունը գտել է հանճարեղ ճանապարհ վաճառքից ստացված միջոցները ամբողջությամբ յուրացնելու համար՝ չէ՞ որ վաճառված գույքի սեփականատերը բաժնետիրական ընկերությունն է, ոչ թե կառավարությունը: Իսկ ընկերությունը կարող է ունենալ պարտքեր, ասենք, օրինակ՝ Սաշիկ Սարգսյանին պատկանող ինչ-որ այլ ֆիրմայի, կամ ղեկավար կազմին վճարել աստղաբաշխական թվերով աշխատավարձեր: Այս նույն մեխանիզմով կարելի է վաճառել ցանկացած ռազմավարական օբյեկտ՝ շրջանցելով Ազգային ժողովի կողմից հաստատման «գլխացավանքը»:

Ի դեպ, պետական գույքի օտարման գործընթացում Ազգային ժողովի իրավասությունների մասին: Սահմանադրությունը կառավարությանը լիազորում է պետական գույքը կառավարել, որն իր մեջ պարունակում է նաև գույքն օտարելու իրավազորություն: Սակայն, որպեսզի կառավարությունը գրչի մեկ հարվածով չվաճառի ստրատեգիական նշանակություն ունեցող ցանկացած օբյեկտ, օրենքով ամրագրված են արժեքավոր գույքի օտարման սահմանափակումներ՝ պետական գույքի որոշակի տեսակների մասնավորեցումն օրենքով ուղղակիորեն արգելված է, իսկ քիչ ավելի նվազ արժեքավոր գույքի վաճառքը պետք է նախատեսվի պետական գույքի օտարման ծրագրով, որն էլ պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից:

Մասնավորեցման ոչ ենթակա գույքի մասին խոսեցի, այժմ ներկայացնեմ օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են մասնավորեցման ենթակա, բայց Ազգային ժողովի հաստատման պարտադիր պահանջ պարունակող գույքի տեսակներին:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի համաձայն, պետական գույքը մասնավորեցնելու համար կառավարությունը սահմանված կարգով ընդունում է մասնավորեցման ծրագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր և ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Անշուշտ, կառավարությունը կարող է, օրինակ, պետական բնակարանային ֆոնդի մասնավորեցման շրջանակներում` առանց Ազգային ժողովի հաստատման, որևէ հանրակացարանի մի բնակարանը նվիրաբերել այդտեղ բնակվող մարդկանց կամ, ասենք, վաճառել արդարադատության նախարարի աշխատասենյակի «շկաֆը»: Սակայն, մեծ արժեք ունեցող և հատկապես բաժնետոմսերով երաշխավորված պետական գույքն օտարելու համար նա պարտավոր է անցնել Ազգային ժողովի հաստատման ընթացակարգերը: Կրկին մարդկային լեզվով ասած, ի տարբերություն վերը նշված ջրամբարների, Որոտանի հիդրոկասկադը համարվում է մասնավորեցման ենթակա գույք, սակայն, ի տարբերություն «շկաֆի», կառավարությունը դա չի կարող վաճառել երկու խուժան որոշումներ կայացնելով:

Այսպիսով.

1՝ Որոտանի հիդրոկասկադի վաճառքի գործարքով կառավարությունը մասնավորեցրել է ջրամբարներ, որոնք օրենքով ուղղակիորեն արգելված է մասնավորեցնել՝ դրանք «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի հաշվեկշռում տեղաբաշխելով:

2՝ Դրան զուգահեռ, Որոտանի հիդրոկասկադը վաճառվել է առանց Ազգային ժողովի հաստատման, որով խախտվել է պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ օրենսդրությունը:

3՝ Կառավարության որոշման համաձայն, ընկերության գույքի առուվաճառքի գործարքը կնքել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, որի իրավունքը նա չուներ:

Ամփոփելով նշեմ, որ կառավարությունը, խուսափելու համար պետական սեփականություն հանդիսացող ընկերության վաճառքի իրավական գործընթացներից, գործարքը ձևակերպել է որպես ընկերության գույքի վաճառք՝ մինչ այդ ընկերության հաշվեկշռում տեղաբաշխելով մասնավորեցման ոչ ենթակա ջրային օբյեկտներ: Անհասկանալի է, թե ինչու է կառավարությունը ստրատեգիական նշանակության պետական գույքն անհատույց տեղաբաշխել մասնավոր ընկերության հաշվեկշռում և նույն օրը` մեկ այլ որոշմամբ, համաձայնություն տվել, որ ընկերությունը վաճառի արդեն իրեն՝ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը և գումարն օգտագործի ըստ իր հայեցողության: Այսպիսով, Որոտանի հիդրոկասկադի գույքի վաճառքի գործարքով թաքցվել է իրական գործարքը՝ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության վաճառքը, ինչի համար էլ ընկերության գույքի առուվաճառքի պայմանագիրը, կառավարության որոշման համաձայն, ստորագրել է կառավարության անդամը: Իր բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ գույքը վաճառելուց հետո «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն այլևս ֆունկցիոնալ ձեռնարկություն չէ, քանի որ ընկերության բնականոն գործունեությունն ապահովող ամբողջ գույքը վաճառելու պարագայում` ընկերության բաժնետոմսերն այլևս չեն կարող բաժնետիրոջ համար եկամուտներ ապահովել և պետք է վաճառվեին ընկերության գույքի հետ միասին:

Որոտանի հիդրոկասկադի գույքի վաճառքի պայմանագիրը ստորագրելով՝ Հայաստանի կառավարությունը կնքել է մի գործարք, որի նկատմամբ կիրառվելու են շինծու գործարքի համար օրենքով սահմանված կանոնները՝ որպես առոչինչ գործարք: Սա է այն մեխանիզմը, որով վաղը վերադարձնելու ենք այսօրինակ բոլոր գործարքներով ուղղակի փոշիացված մեր հանրային ունեցվածքը: Ու կրկնում եմ, գործարքի անվավերությունից բխող հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում են այս կոռումպացված համակարգի հետ գործարքի մեջ մտնող բոլոր սուբյեկտները՝ լինեն դրանք «քաղաքակիրթ» ազգերի ներկայացուցիչներ, թե` ոչ այնքան…

Պայմանագրի առանձին կետերի, Որոտանի հիդրոկասկադի արտադրած էժան էլեկտրաէներգիայի գնի փոփոխման և այլ դելիկատ մանրամասների վերաբերյալ՝ հաջորդ հոդվածում:

Շարունակելի…

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Կիեւում բժշկական օգնության է դիմել 675 մարդ’
Հաջորդ հոդվածը‘«Կորած» Յանուկովիչին հիմա էլ «գտել» են եկեղեցում’